ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ի կողմից «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում ՀՀ ՏՄՊՊՀ-ում իրականացվելիք բարեփոխումների աշխատանքները ֆինանսավորելու համար:
«Ծրագիրը մեզ համար կենսական նշանակություն ունի: Խնդիր ենք դրել դրա շրջանակում իրականացնել մի շարք բարեփոխումներ, որոնք շոշափելի արդյունքներ կտան և կնպաստեն մեր գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Գեղամ Գևորգյանը:
Զրուցակիցները մասնավորապես կարևորել են թվային հարթակի ստեղծումը, որի արդյունքում կբարելավվի ներքին վարչարարությունը, էականորեն կկրճատվեն տնտեսվարողների կողմից մրցակցային մարմնին դիմելու և պատասխաններ ստանալու ժամկետները, որոշումների կայացման գործընթացը կդառնա էլ ավելի թափանցիկ:
«ԵԱՏՄ-ում ևս սկսվել է թվայնացման գործընթացը մրցակցության ոլորտում, և ես շատ եմ ցանկանում, որ հենց Հայաստանն այս առումով լինի առաջամարտիկը: Իհարկե, այդ ցանկությունը բավականին հավակնոտ է, սակայն կարծում եմ, որ մեր ուժերի սահմաններում է»,- հավելել է ՏՄՊՊՀ նախագահը:
Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով