ԱԱԾ-ն այսօր տեղեկություն տարածեց, որ այսօր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ խոսքը «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի ղեկավար Հրաչիկ Քանանյանի մասին է: Նշենք, որ ըստ հաղորդագրության ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:
Հավելենք, որ խոսքը ընդհանուր 1 մլն դրամի պայմանավորվածության մասին է, որից 300 հազար դրամն է վարորդի միջոցով փոխանցվել: Հետաքրքիր է, որ Լոռեցյանը վերջին շրջանում բավական ակտիվ էր ԱԱԾ-ի, այդ թվում նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մասին հայտարարություններ տարածելով: