Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։ Իրականացված միջոցառումների արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Վրաստանից Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Հ-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:
Հսկողության արդյունքում մեքենայի բեռնախցիկում գտնվող քաղցրավենիքի տուփերից հայտնաբերվել է «B8» նշագրմամբ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 516 դեղահաբ, որոնք միախառնված են եղել կոնֆետների հետ:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քաղաքացի Կ.Հ-ն և ավտոմեքենայի ուղևոր Ա.Ք-ն ձերբակալվել են:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնությանն հետ կապերի բաժին