Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից օր առաջ ազատվելու հարցը շարունակում է մնալ իշխանությունների թիվ մեկ օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊԿ գրասենյակում նախօրեին տեղի ունեցած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը տեւել է մոտ 4 ժամ: Այդ դռնփակ նիստի ժամանակ այս հարցը եղել է գլխավորներից մեկը: Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ վերջնական որոշում են կայացրել եւ այդ պարտավորությունը դրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վրա: Իմքայլականները նախ վրդովվել են, որ Հրայր Թովմասյանը տարիներ առաջ Սահմանադրությունը «կարել է» այնպես, որ ՍԴ նախագահից ազատվելն անհնար լինի: Եվ հարցն այն է, որ, որպես իրավական ճանապարհ, ըստ էության, մնացել է մեկը՝ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել Հրայր Թովմասյանին, որից հետո միայն հնարավոր կլինի ցրել ՍԴ-ն ու նոր կազմ հավաքել: Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու գործընթացը: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում հստակ սահմանվում է, որ նախ եւ առաջ, եթե դատարանը որոշում կայացնի, որ պետք է կալանավորել ՍԴ նախագահին, ապա դրա թույլտվությունը պետք է տա Սահմանադրական դատարանը: Եթե անգամ գտնվի մի դատավոր, որ որոշում կայացնի կալանավորելու Հրայր Թովմասյանին, ապա այդ դեպքում ընդամենը կասեցվելու են ՍԴ նախագահի լիազորությունները մինչեւ դատարանի վերջնական որոշում կայացնելը, որի ժամանակ չեն կարողանալու ո՛չ ՍԴ նախագահ եւ ո՛չ էլ դատավոր ընտրել: Թե ինչպես Թովմասյանի կալանքի հարցը հանգուցալուծում կստանա, դեռեւս իշխանություններն էլ չեն կարողանում հասկանալ:
Բանն այն է, որ օրակարգային է նաեւ սահմանադրական փոփոխություններով հարցի կարգավորմանը հասնելը, սակայն դա երկարատեւ գործընթաց է ենթադրում, իսկ իշխանություններն այդքան սպասել չեն ցանկանում:
Հունվարի 25-ին՝ Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՔԾ-ում քննվող մի գործով տուժող է ճանաչվել: «2010թ-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էի` հիմա այս գործով պետք է հետաքրքրվեմ, թե չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր Փաշինյանը՝ հավելելով, որ վերջերս մի քաղաքացի հայտնել է՝ տեղյակ է, թե ով է հարձակումը կազմակերպել, եւ ցուցմունք է տվել: Ովքեր են նրանք՝ մեզ առայժմ պարզել չհաջողվեց. ՀՔԾ-ն չի շտապում գաղտնազերծել: Հիշեցնենք, որ պաշտոնապես հայտարարվեց, թե Փաշինյանը երազ է տեսել: Իսկ ովքե՞ր էին 2010 թվականին ոլորտի պատասխանատուները: ՀՀ արդարադատության նախարարը Հրայր Թովմասյանն էր, ՔԿՀ վարչության պետը՝ Հայկ Հարությունյանը, որը 2019 թվականին ինքնասպան եղավ իր բնակարանում, իսկ «Կոշի» բանտապետը Լյովա Բաղդասարյանն էր, որը 2019 թվականին կաշառքի գործով ԱԱԾ-ի կողմից կալանավորվեց եւ օրերս 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Փորձեցինք պատասխանատուներից պարզել՝ ով, ինչու, ում հրամանով է քնած Փաշինյանին ծեծի ենթարկել: Հրայր Թովմասյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, իսկ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանը հերքեց իր առնչությունը միջադեպին:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպումից: Տեղեկացանք, որ ի սկզբանե հանդիպումն այլ բովանդակության մեջ է նախատեսված եղել, սակայն հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները՝ այլ ընթացք է ստացել: Մասնավորապես, նախատեսված էր եղել, որ այդ հանդիպումը վերաբերելու էր ոստիկանապետի պաշտոնակատարի գործունեությանը՝ ամփոփելու համար նրա աշխատանքները, ոստիկանական համակարգի փոփոխությունների հարցը եւ այլն, սակայն պատգամավորների հիմնական հարցերը վերաբերել են վերջին օրերի իրադարձություններին եւ քաղաքացիական ակտիվիստների շրջանում ձերբակալություններին: Մասնավորապես, պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչու է ոստիկանությունը նրանց բռնել, տարել, հետաքրքրվել են նաեւ, թե ինչու վերջիններիս կողմից հայհոյանք տալու դեպքում որեւէ հետեւանք չի եղել: Եվ հարցերի այս տեղատարափից հետո ոստիկանապետի պաշտոնակատարը փորձել է արդարանալ, բացատրել, որ իրենք միայն տեղեկություն են ունեցել զենք, զինամթերք պահելու մասին, եւ նրանց տարել են ստուգելու համար՝ հայտարարելով, թե որեւէ անօրինական բան չեն արել: Պատգամավորներին շատ է մտահոգել հատկապես հայհոյանքի փաստը, սակայն Սարգսյանը հայտարարել է, թե այդ մասով իրենք որեւէ անելիք չունեն:
Թեեւ Կորոնավիրուսը, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստան չի ներթափանցել, արդեն հասցրել է անհանգստացնել ՀՀ քաղաքացիներին: Այս օրերին մեր հայրենակիցները սկսել են զգուշանալ չինական ծագում ունեցող ամեն ինչից, անգամ չինական ռեստորաններ չեն գնում: Քաղաքացիների դժգոհությունների հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը շրջեց Երեւանում գործող մի քանի չինական ռեստորաններում: Թեեւ աշխատակիցները մեզ հետ զրույցում պնդեցին, որ որեւէ խնդիր չկա, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ հիմնականում ռեստորանները դատարկ էին: ՀՀ քաղաքացիների մյուս անհանգստությունը կապված է չինական տեխնիկայի հետ: Զրուցեցինք «ՎԻ ԷԼ ՎԻ» ցանցի ներկայացուցչի հետ, ով ասաց, որ սառնարանի հետ չի կարող վարակը ներթափանցել: Նույնպիսի վստահությամբ պատասխանեցին նաեւ փոխադրող «Գլոբբինգ» ընկերությունից: Հայաստանցիների գերակշիռ մասը ծանրոցներ ստանում է Չինաստանից «Գլոբբինգ»-ի միջոցով: Բայց այս իրավիճակում մտահոգիչ է մեկ այլ իրողություն: Հայաստանում նոր Կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստեր չկան: Այսինքն՝ եթե անձը բարձր ջերմությամբ մոտենա հիվանդանոց, ապա բուժհաստատությունում չեն կարողանա ախտորոշել՝ նա Կորոնավիրուսով վարակված է, թե ոչ: Բայց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի կարծիքով՝ այս պահին Հայաստանում դեռեւս թեստերի անհրաժեշտություն չի եղել, ու, ըստ էության, պարզ էլ չէ՝ երբ հնարավոր կլինի ունենալ դրանք: