«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ «Դվին» ռեստորանում «Այո»-ի շտաբը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Եվ, ահա, արդյունքում հավաքվեց 205 մլն դրամից ավել գումար՝ առանց բանկային փոխանցումները հաշվարկելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրամահավաքին հիմնականում ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, այլ կուսակցություններից գործընկերներ, աջակիցներ։ Մենք տեղեկացանք, որ նախապես կուսակցության անդամներին, պատգամավորներին ասված է եղել այդ օրվա համար հյուրեր հրավիրել, որոնք եւս կկարողանան գումար հանգանակել: Ընդ որում, ներքին որոշում է եղել այնպես անել, որ գործարարներ գրեթե չլինեն դրամահավաք-երեկոյի ժամանակ, իսկ յուրաքանչյուր քարոզի, մասնակցի հրավերով, պետք է գոնե 3-4 հոգի ներկայանար:
ՔՊ-ականներն այդպես էլ վարվել են եւ փորձել հրավիրել այնպիսի մարդկանց, որոնց ներկայությունը շահարկման առիթ չի հանդիսանա: Բացի գումարներ հանգանակելուց երեկ ներկաները հնարավորություն են ունեցել նաեւ դեմ դիմաց զրուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փորձել անձամբ նրանից ճշտել հետագա անելիքները: Ինչպես հայտնի է, այսօր տեղի կունենա շտաբի պետ Սուրեն Պապիկյանի ասուլիսը, որի ժամանակ մանրամասներ կներկայացվեն քարոզարշավի ընթացքից: Հստակ որոշում է առկա, որ արձակուրդում կլինեն Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը, իսկ, ահա, մյուս ՔՊ-ական նախարարներն ու մարզպետները կփորձեն քարոզարշավը կազմակերպել աշխատանքային ժամի ավարտից հետո»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։