Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաեւ մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում եւ հորդորում ենք․
1․ Անձնագրային գործողություններ կատարելու համար Անձնագրային եւ վիզաների վարչություն կամ ստորաբաժանումներ այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց։ Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչեւ 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու եւ այլ գործողությունների համար ծնողը անձնագրային ծառայություն ներկայանում է նաեւ երեխայի հետ, որի անհրաժեշտությունը չկա, կամ ներկայացնում է հիմնավորում, թե երեխային տանը խնամող չկա: Մինչեւ 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետեւաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց:
2․Անձնագրային եւ վիզաների վարչության վարչական մասի, ինչպես եւ այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
3. Տեղեկացնում ենք նաեւ, որ բացի անձնագիր ստանալու եւ ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաեւ լիազորված անձի միջոցով: Հետեւաբար, մեկ անձը՝ իր, ընտանիքի անդամների, հարազատների, մտերիմների համար դիմելուց բացի, կարող է դիմել նաեւ այլ անձանց համար՝ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ:
Պատճառվելիք անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը եւ հայտնում մեր շնորհակալությունը՝ ըմբռնումով մոտենալու համար։
Հանրային առողջության պահպանումը նաեւ մեր բոլորի ընդհանուր պարտականությունն է։