Հայ-Ռուսական համալսարանը որոշում է կայացրել իր տրամադրության տակ գտնվող և ստեղծված իրավիճակում ադմինիստրացիայի կողմից ժամանակավորապես չօգտագործվող համակարգիչները տրամադրել դրա կարիքը ունեցող ուսանողներին։
«Այս օրերի ընթացքում մեր համալսարանի ուսանողական խորհուրդը ՀՌՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանի հանձնարարությամբ հարցում էր արել ուսանողների շրջանում՝ ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցմանն անցնելուց հետո ի հայտ եկած խնդիրները հավաքագրելու և լուծելու համար»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմենուհի Կյուպելյանը։
Կյուպելյանի խոսքով՝ վերոնշյալ հարցումներից հետո պարզ դարձավ, որ 17 ուսանողներ համակարգիչների կարիք ունեն։ «Մեր հարցումները ցույց տվեցին, որ ուսանողները հիմնականում դժգոհ են ինտերնետ կապի որակից, որը կապված չէ մեզ հետ։ Իսկ այն ուսանողները, որոնք չունեն համակարգիչներ, մեր համալսարանը նրանց կտրամադրի օգտագործված, բայց նորմալ աշխատող համակարգիչներ, որպեսզի նրանք հետ չընկնեն ուսումնառության պրոցեսից»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ այն ուսանողների համար, որոնք չունեն ինտերնետ կապ, կտրամադրվի դասերի և քննությունների հանձնման անհատական ժամանակացույցներ։