Ինչու չեն կարողանում դիմել աջակցության ծրագրին․ քաղաքացիներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից ArmLur.am-ն ահազանգեր է ստանում այն մասին, սոցիալական աջակցության 9-րդ ծրագրին դիմելու հետ կապված խնդիրներ են առաջացել եւ պարզաբանում ստանալու համար թեժ գծին արված զանգերը մնում են անպատասխան։ Նշենք, որ սոցիալական աջակցության 9-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող եւ գրանցված աշխատանք չունեցող անձանց։

Սակայն համակարգի գործարկման պահից ի վեր բողոքներ են ստացվում, թե համակարգը չի աշխատում, տվյալները մուտքագրել չի լինում կամ էլ համակարգի կողմից անընդհատ մերժումներ են ստացվում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պարզաբանել է, որ այս պահին ծրագիրը դադարեցրել են։

«Համակարգը ժամանակավորապես դադարեցրել ենք, քանի որ մեծ թվով դիմումներ ենք ստացել, համակարգը ծանրաբեռնված է։ Որպեսզի տեխնիկական խնդիրներ չառաջանան և մերժման հայտեր չստանանք, մի քանի ժամով դադարեցրել ենք։ Օրվա ընթացքում նորից կվերսկսենք»,- ասել էր նախարարը։

Իսկ նախարարությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ դիմումի պատասխանին պետք է սպասել 2-3 օր, ծրագրի գործարկումն էլ վերսկսվել է։

Նշենք, որ միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝ երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից, երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով: Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա: Ընտանիքը միջոցառման շահառու կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գնտվել են Հայաստանում: Միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս