«Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հետ բախման հետևանքով զոհվել է Աֆզանստանի կառավարական ուժերի հինգ զինծառայող, ևս հինգը տուժել է հրաձգության պատճառով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Բախումը տեղի է ունեցել Բալխ գավառում: Զինծառայողներից մեկը ԶԼՄ-ներին հայտնել է, որ զինված թալիբները ուրբաթ օրը ուշ երեկոյան հարձակվել են բանակային անցակետի վրա: Նրա խոսքով՝ բախման ընթացքում զինվորներին հաջողվել է չեզոքացնել 15 զինյալի:
Մարտից հետո թալիբները թաքնվել են, սակայն տեղի բնակիչները չեն բացառում, որ զինյալները շուտով կարող են վերադառնալ:
Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի և «Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների միջև առճակատումը: Գրոհայինները գրավել են երկրի գյուղական բնակավայրերի մեծ մասը և սկսել են հարձակվել խոշոր քաղաքների վրա:
Երկրի տարածքում մեծացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը ահաբեկչության դեմ պայքարի գործողություններ են իրականացանում ամբողջ երկրի տարածքում: