Հասարակությանը պետք է պատրաստել ամեն ինչի, բայց այսօր տեղի են ունենում ոչ այնքան ճիշտ մոտեցումներ:։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացմանը։
«Եվ սա արդարացվում է ազգային համակարգը պահպանելու խնդրով, այնպիսի տպավորություն է, որ պարզապես արդարացնում է սեփական անգրագիտությունն ու տգիտությունը։ Ավելի լավ է` լսենք մասնագետների կարծիքը, քան սարերից իջած մի խումբ ձիավորների։ Այն, որ բռությունն ու մանկապղծությունը չունեն ազգային պատկանելիություն և որ երեխաներին պետք է պաշտպանել, դա միանշանակ է։ Իսկ թե ինչպես է դա արվելու, ես չգիտեմ, և լավ կլինի լսել մասնագետների կարծիքը»,-նշեց նա։
Անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին»` նա ընդգծեց, որ չի կարող ասել, թե այն իսկապես կգործի, թե ոչ։
«Ես չգիտեմ, թե արդյոք այս օրենքը որևէ կապ ունի խորհրդարանում կրքերի թեժացման հետ , թե ոչ, բայց մեր պատգամավորներն իրենց վարքով մշակութային տեսակետից գտնվում են միևնույն դաշտում։ Ազգային ժողովը մեր հանրության հայելին է, խնդիրը մշակութային, քաղաքակրթական է։ Հասարակությունը ինքը պետք է ընտրի, թե ինչպիսի խորհրդարան է ուզում, սա նաև մտավորականության խնդիրն է»,-հավելեց Ռուբեն Բաբայանը։
Լիդա Եղիազարյան