«Պուտինը Ղարաբաղյան հակամարտության հարցով անսպասելի առաջարկներ է արել». Մեթյու Բրայզայի ուշագրավ հոդվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեստնիկ Կավկազա» պարբերականը ներկայացրել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ամերիկացի դիվանագետ, Կովկասի հարցով փորձագետ Մեթյու Բրայզայի հոդվածը՝ հրապարակված ամերիկյան The Atlantic Council վերլուծական կայքում:

«Երկար ժամանակ ես չէի կարողանում լավատեսության համար հիմքեր գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար: Հակառակը, Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե վերսկսեցին պատերազմն ապրիլին, երբ երկու պետությունները բախվեցին աննախադեպ դաժանությամբ, ինչը չէր եղել վերջին 24 տարում»,- իր հոդվածում գրում է Բրայզան:

Սակայն, Բրայզայի խոսքով, երբ կրքերը հանդարտվեցին, երկու նոր առաջարկ ստացվեց. մեկը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, մյուսը՝ տարածաշրջանային բիզնես-առաջնորդի կողմից: Երկու առաջարկն էլ Վաշինգտոնի կողմից մանրակրկիտ ուսումնասիրման են արժանի, նշում է Բրայզան:

Պուտինի վերջին առաջարկի համար, ինչպես գրում է ամերիկացի դիվանագետը, հիմք է ծառայել շրջանակային համաձայնագրի ծրագիրը՝ առաջարկված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից` հայտնի որպես Մադրիդյան սկզբունքներ: Այդ փաստաթուղթը հակամարտության կարգավորման հետևյալ փաթեթն է ենթադրում.

– Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները,

– Լեռնային Ղարաբաղը ստանում է «միջանկյալ իրավական կարգավիճակ», որը պահպանում է ընթացիկ քաղաքական և տնտեսական դրությունը՝ կարգավորված Հայաստանի կողմից մինչև իրավիճակի վերջնական կարգավիճակի սահմանումը,

– ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ԼՂ բնակչության քվեարկության ճանապարհով. քվեարկության ժամկետները կորոշվեն ավելի ուշ,

– Տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի ԼՂ-ն և Հայաստանը,

– Միջազգային խաղաղապահները կապահովեն ԼՂ բնակչության անվտանգությունը,

– Ադրբեջանը կհանի Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցման բոլոր սահմանափակումները:

Այդ սկզբունքները, ինչպես նշում է Բրայզան, հաստատվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտաքին գործերի նախարարների վերջին բանակցությունների ընթացքում, չնայած այդ համակարգը երբեք պաշտոնապես չի համաձայնեցվել: 2009թ. հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լավատեսորեն հայտարարեցին, որ, վերջին հաշվով, այդ սկզբունքները կընդունվեն: Սակայն 2009թ. վերջին Սարգսյանը փոխեց իր դիրքորոշումն ու հայտարարեց Ադրբեջանին 5 շրջանների վերադարձման հնարավորության մասին:

Հունիսի 20-ին Պուտինը  ՀՀ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ իր գործընկերներին այդ ծուղակից դուրս գալու միջոց առաջարկեց: Պուտինն, ամենայն հավանականությամբ, ինչպես ենթադրում է ամերիկացի դիվանագետը, առաջարկել է աստիճանաբար առաջ շարժվել. Հայաստանը պետք է վերադարձնի 5 շրջանները, իսկ Ադրբեջանը՝ վերսկսի Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունն ու վերականգնի տնտեսական կապերը:

Ե՛վ Սարգսյանը, և՛ Ալիևը ողջունել են Պուտինի առաջարկը՝ չնայած պաշտոնապես չեն ընդունել այն:

Բրայզան նշում է, որ պատահական չէր, որ հուլիսի 17-ին զինված խումբը, որի թվում Ղարաբաղյան պատերազմի վետերաններ կային, գրավեցին ոստիկանական բաժանմունքը: Զինված խումբը պահանջում էր ազատ արձակել Արցախի հերոս Ժիրայր Սէֆիլյանին: Իշխանությունների հետ հակամարտությունը տևեց 14 օր, մինչ ապստամբները չնահանջեցին, հավելում է ամերիկացի դիվանագետը:

Բրայզան ներկայացնում  է նաև ծագումով ադրբեջանցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր, Դաշնային Խորհրդի նախկին անդամ Ֆարհադ Ահմեդովի առաջարկը, որը նախորդ շաբաթ հրապարակվել էր «Կոմսոմոլսկայա պրավդա»-ում:

Իր նամակում Ահմեդովը դիմել էր ադրբեջանցի և հայ ժողովուրդներին՝ որպես «եղբայրներ և հարևաններ»՝ մտահոգվելով, որ «մի ամբողջ սերունդ մեծացել է փոխադարձ ատելության և թշնամանքի մթնոլորտում՝ չիմանալով, որ կարելի է այլ կերպ ապրել»: Ահմեդովը նշում է, որ միջազգային միջնորդությունը կարող է նպաստել, որպեսզի հակամարտությունը հաջողությամբ պսակվի: Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղը պատկանում է երկու ժողովուրդներին»:

Բրայզան եզրափակում է, որ երկու դեպքում էլ Վաշինգտոնը պետք է ուշադրություն դարձնի հնչեցված առաջարկներին: «Պուտինի առաջարկի դեպքում պետք է կենդանացնել Մինսկի խմբի գործունեությունը ամենաբարձր քաղաքական մակարդակով: Վաշինգտոնը պետք է հետևի նաև Ահմեդովի կոչերին, և այդ ժամանակ հայն ու ադրբեջանցին կրկին խաղաղ կբանակցեն՝ թեյի սեղանի շուրջ և նարդի խաղալիս և Ղարաբաղի թխկիի ծառի տակ»,- հավելում է նա:




Լրահոս