Ինչ է փոխվել Ազգային անվտանգության ռազմավարությունում. 3 սկզբունքն ու թավշյա հեղափոխությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հրապարակված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարությունը կփոխարինի 2007թ. ընդունված ռազմավարությանը: Ըստ այդմ, ռազմավարությունը հիմնված է երեք հիմնարար սկզբունքների վրա:

Նկատենք՝ 2007 թվականին ընդունված ռազմավարությունը բաղկացած էր 25 էջից, իսկ 40 էջանոց փաստաթուղթը բաղկացած է ներածությունից, 6 գլուխներից եւ եզրափակիչ դրույթներից: Ըստ այդմ, ռազմավարության մեջ ներկայացված է Հայաստանի անվտանգային միջավայրը, ՀՀ ազգային շահերը, ռազմավարության նպատակներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված է Հայաստանի Հանրապետության ազգային ռազմավարությունը:

Ռազմավարության մեջ ասվում է, որ  2007թ. ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության ընդունումից ի
վեր միջազգային և տարածաշրջանային անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները դարձնելով ավելի բարդ և բազմաշերտ: Փոխվել է նաև Հայաստանը: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության իրագործմամբ ՀՀ քաղաքացին բարձր նշաձող է սահմանել պետության անվտանգության, զարգացման և բարեկեցության ապահովման համար: Նոր համատեքստում Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքը կառավարման ժողովրդավարական համակարգն է, որն ամուր հիմք է ստեղծում երկրի տնտեսական, քաղաքական, մտավոր, հետևաբար նաև ռազմական ներուժի հզորացման համար: Այս իրողությունները մեզնից պահանջում են ունենալ նոր, ավելի հավակնոտ Ազգային անվտանգության ռազմավարություն:

Ռազմավարությունը հիմնված է երեք հիմնարար սկզբունքների վրա: Առաջին, ուժեղ և բարեկեցիկ Հայաստանը սեփական անվտանգության երաշխավորն է։ Հայաստանի անվտանգության ապահովման համար հայոց պետության ուժն ու բարեկեցությունն այլընտրանք չունեն: Որպես պետություն, որը շահագրգռված է խաղաղության և կայունության պահպանմամբ և այդ ուղղությամբ անընդհատ կարողություններ է զարգացնում՝ Հայաստանը շարունակելու է ջանքեր ներդնել տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում իր որոշիչ դերակատարման ուղղությամբ:

Միաժամանակ, Հայաստանը կշարունակի մասնակցել միջազգային անվտանգության ապահովմանը՝ խաղաղության աջակցության միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման միջոցով` որպես ոչ միայն միջազգային անվտանգության սպառող, այլ նաև ապահովող:

Երկրորդ, իր տրամաբանությամբ ռազմավարությունը կոչված է նպաստելու հեռահար նպատակին՝ հայոց պետականության հավիտենության ապահովմանը՝ մեզ պատրաստելով դիմակայելու մեր պետականությանը երբևէ սպառնացող հնարավոր վտանգներին:

Հայ ժողովուրդն այլևս պետք է հաղթահարի իր պետականության ձեռքբերման և կորստի արատավոր շրջապտույտը, որը տեղի է ունեցել նախկինում՝ հաճախ պայմանավորված մեզնից անկախ աշխարհաքաղաքական հանգամանքներով: ՀՀ քաղաքացին և հայ ժողովուրդն այլևս պետք է հաստատի իր ինքնակայությունը հայոց պետականության հարցում, որի գոյությունը կախված չէ աշխարհաքաղաքական հանգամանքներից, այլ բխում է միայն հայ ժողովրդի կամքից: Այս նպատակի իրագործումը ենթադրում է համահայկական ջանքերի և կարողությունների մեկտեղում: Հայոց պետականությունը, որպես հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացում, պատկանում է ՀՀ քաղաքացուն և համայն հայ ժողովրդին, որոնք էլ այդ պետականության կրողն են և շահերի պաշտպանը:

Երրորդ, մշտապես փոփոխվող աշխարհում առաջնային է դառնում զարգացնել Հայաստանի ներքին և արտաքին դիմակայունությունը՝ նոր, անկանխատեսելի մարտահրավերներին միշտ պատրաստ լինելու և դրանց արդյունավետորեն արձագանքելու համար: Այսպես, աշխարհաքաղաքական ծավալուն և հարընթաց փոփոխությունների պայմաններում ժամանակակից աշխարհակարգի հիմնարար սկզբունքների շուրջ ստեղծվել է անորոշություն. տեղի են ունենում ուժային վերադասավորումներ, թուլանում են միջազգային բազմակողմ հարթակները, իսկ պետությունների միջև փոխվստահությունը նվազում է: Ավանդական կանխատեսելի սպառնալիքներին հակազդելու անհրաժեշտությունից զատ պետությունների և հասարակությունների առջև ծառանում է նաև անկանխատեսելի սպառնալիքներին դիմակայելու հրամայականը: Սրա ամենավառ օրինակը նոր տիպի կորոնավիրուսային համավարակի բռնկումն էր, որը հանկարծակիի բերեց աշխարհի առաջատար երկրների առողջապահական համակարգերը և համաշխարհային տնտեսությունը կանգնեցրեց ճգնաժամի առջև:

Հենց դիմակայունության զարգացման տրամաբանությանն է միտված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը՝ հիմնված լինելով ազգային անվտանգության պլանավորման և ապահովման համազգային մոտեցման վրա: Ազգային անվտանգության համալիր ապահովման համար անհրաժեշտ է պետական կառավարման ողջ համակարգի, ինչպես նաև հասարակության ջանքերի մեկտեղում: Պատահական չէ, որ ռազմավարությունն ընդգրկում է անվտանգության ապահովման ինչպես արտաքին քաղաքական և ռազմական, այնպես էլ այլ՝ սոցիալական, տնտեսական, էներգետիկ,
առողջապահական, գիտական, տեղեկատվական-տեխնոլոգիական բաղադրիչներ:




Լրահոս