ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան պատերազմի օրերին դավաճանների թեման շարունակում է արդիական մնալ, եւ առաջիկայում, հնարավոր է, այն ձնագնդի էֆեկտ ունենա, ու նոր բացահայտումներ լինեն: Նախ՝ հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»»: Ապա պարզ դարձավ, որ ԱԱԾ-ում սկսված հետաքննության արդյունքում Երեւանում ձերբակալվել է Ստեփանակերտի բնակիչ Ն.Մ-ն: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում դիտարկվում են եւ ուշադրության կենտրոնում են հայտնվել ոչ միայն Արցախ մեկնած  ինչ-ինչ անձինք, այլ նաեւ քաղաքական շրջանակներից որոշ գործիչներ: Եվ այս առումով ուշադրության  էր արժանի երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցում արված նրա հայտարարություններից մեկը՝ կապված դավաճանության դեպքի հետ: Նա, այսպես ասած, ակնարկեց, որ դավաճանների թվում չեն կարող լինել ԲՀԿ-ի կամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները: «Շատ շուտով մենք կիմանանք հստակ անուններ: Մեր համաքաղաքացիները հոյակապ գիտեն՝ ինչի, ում մասին է խոսքը: Դուք տեսնում եք, որ, օրինակ, մենք ունենք «Լուսավոր Հայաստանի» ու ԲՀԿ-ի հետ խնդիրներ, բայց նրանց մոտ այդ գիտակցումը կա, եւ միասնականություն կա, բայց կան մարդիկ, որոնք փորձել ու փորձում են», – նշեց Ալեն Սիմոնյանը: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ առաջիկայում սպասվում են ձերբակալություններ խորհրդարանական ուժերի շրջանակներից դուրս, իսկ թե որքանով է հիմնավորված դավաճանության հիմքով հարուցված քրեական գործը, որը ենթադրում է 15 տարվա ազատազրկում, ցույց կտա ժամանակը: Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ձերբակալված անձն իր ցուցմունքում ասել էր, թե ինքը չի հորդորել զինվորներին դիրքերը լքել կամ նահանջել, այլ ընդամենը կարծիք է հայտնել, թե ինչ է մտածում պատերազմի վերաբերյալ:

 

 

 

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում 3-րդ անգամ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է պաշտոնանկ լինում: Եվ թեեւ հրապարակումներ եղան, որ Քյարամյանին աշխատանքից հեռացրել են սորոսական շրջանակների հետ կապ ունենալու համար, բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան հեռացնելու պատճառը կարծես թե դա չի եղել: Քյարամյանը սորոսական շրջանակների հետ կապ չունի, պարզապես Քյարամյանին ասել են, որ նրա հեռացումը կապ ունի դավաճանության դեպքի բացահայտման հետ: Դրանից հետո աշխատանքից ազատվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լեւոն Վազգենի Շահումյանը: Նկատենք, որ, ամեն դեպքում, այս ազատումների պատճառաբանությունը հարցեր է առաջացրել այն առումով, որ պատերազմի ժամանակ կամ, առհասարակ, բանակում դավաճանական դեպքերի բացահայտմամբ պետք է զբաղվի Զինված ուժերի հակահետախուզությունը, այլ ոչ թե ԱԱԾ տնօրենը կամ հակահետախուզությունը միայն: Դիրքում նման հայտարարությունների համար անձը պետք է գտնվեր Զինված ուժերի հակահետախուզության տեսադաշտում եւ պատասխանատվության ենթարկվեր այդ օղակի միջոցով: Բայց հետաքրքիր է, որ այս դեպքում աշխատանքից ազատվում եւ պատժվում են ոչ թե Հայաստանի կամ Արցախի Հանրապետության ռազմական հակահետախուզության ոլորտի պատասխանատուները, այլ ՀՀ ԱԱԾ պաշտոնյաները:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը երկուշաբթի օրը Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին հրավիրել է հանդիպման, եւ քննարկելու են ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Մեր տեղեկություններով՝ շատ դատավորներ արդեն իսկ ասել են, որ չեն գնալու, իսկ մյուսներն էլ ասել են, որ կգնան զուտ հետաքրքրության համար՝ հասկանալու, թե ինչ է սպասվում: Անկախ նրանից՝ ովքեր կգնան, ովքեր ոչ, նախատեսված ժամկետն ավարտվում է, եւ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ներկայացնի Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու: Նկատենք, որ գործընթացը պետք է մեկնարկեր դեռ նախորդ շաբաթ, սակայն հետաձգվել էր, եւ դատավորներն ասել էին, թե այս պատերազմական իրավիճակում սիրտ չունեն այդպիսի հարցեր քննարկելու:  Նկատենք, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի հոդված 135-ի համաձայն՝ Դատական դեպարտամենտը պետք է կազմի եւ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնի Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն:

 

 

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 14 մլն 989 հազար 500 դոլարի օգնություն, մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել էր 34 մլն 260 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 101 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնականում՝  Ռուսաստանի Դաշնությունից: Օրինակ՝ Ռուսաստանից այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 100 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում եւս Ռուսաստանից Հայաստան ստացվել է 64 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Իսկ ո՞ր երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին. նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 3 մլն 747 հազար 100 դոլարի չափով օգնություն, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է. 2019-ի հունվար-օգոստոսին այն կազմել է 2 մլն 618 հազար 800 դոլար:  Իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից 660 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն է մտել ՀՀ: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 451 հազար 100 դոլարի մարդասիրական օգնություն:

 

 

 

 




Լրահոս