«ՄԻ ԱՆԳԱՄ ԴՊՐՈՑՈՒՄ». ՆՈՐ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 29-ին տեղի ունեցավ «Մի անգամ դպրոցում» կատակերգական գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը մի դպրոցական տղայի մասին է, որը հայտնվում է արկածային իրադարձությունների կենտրոնում՝ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ եւ դառնալով իրական հերոս:

 

Ֆիլմի սյուժեի, պատմության եւ հետաքրքիր լուծումների մասին ArmLur.am-ը զրուցել է պրոդյուսեր Վահան Գրիշկյանի հետ:

«Ֆիլմի հիմնական առանցքում ընկած է հերոս լինելու գաղափարը, որ կարող է ցանկացած մարդ դառնալ հերոս այն դեպքում, երբ իրենց ոչ մեկը չի հավատում եւ վստահում, ինչը մենք փորձել ենք ցույց տալ դպրոցական միջավայրի, դպրոցական երեխաների միջոցով: Ֆիլմում իրադարձությունների կենտրոնում 16-ամյա դպրոցական տղա է, ով աչքի չի ընկնում սովորելով, վատ շրջապատի մեջ էր, բայց,  որոշակի իրավիճակով պայմանավորված, երբ սիրահարվում է եւ երբ իմանում է, որ դպրոցը կանգնած է փակման եզրին, որոշում է կայացնում կարդալ «Դոն Կիխոտը» եւ այն գողանում է գրադարանավարի տնից: Գիրքը, պարզվում է, սովորական չէ, այլ խոսող. Դոն Կիխոտը սկսում է ուղեկցել տղային իր խորհուրդներով, համախմբվել ընկերների հետ: Ֆիլմի հիմնական մեխն հենց այստեղ է: Հենց Դոն Կիխոտի պատմության մեջ  հերոսն էլ ոչ մի դեպքում չի կոտրվում: Խորհրդավոր եւ մի քիչ կատակասեր Դոն Կիխոտի դերում Մկրտիչ Արզումանյանն է, ով կերտում է պայծառ եւ լուսավոր կերպար, իսկ դե տաղանդի մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է»,-պատմում է մեր զրուցակիցը:

Ըստ Վահան Գրիշկյանի՝ ֆիլմում արծարծված գաղափարներից մեկը հենց այն է, որ միայն գիրքը կարող  է երեխաներին վերադարձնել դպրոց:

«Իսկ թե ինչու հանգեցինք այդ մտքին, որ նման  ֆիլմ նկարենք. հիմա մենք տեսնում ենք խնդիր, որ երեխաներն իրենց համար հերոսներ են ընտրում կամ փնտրում ոչ թե գրքերից կամ հետաքրքիր արկածային ֆիլմերից, այլ փնտրում են ինչ-որ անհասկանալի տեղերում, խաղերում, որոնք հետագայում վտանգավոր ազդեցություն եւ ձեւավորում են ունենում երեխաների ներաշխարհի զարգացման վրա: Եվ մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որ երեխաները ոչ թե մտածեն լայքերի, հետեւորդների մասին, այլ իրական մարդկային արժեքներով հարուստ հերոսների մասին»,- նշում է պրոդյուսերը:

Ֆիլմի գլխավոր դերերում են Մկրտիչ Արզումանյանը ու որդին՝ Ալեքսանդրը, Արփի Գաբրիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Վահագն Գալստյանը, Արա Սարգսյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Դալիթան, Արթուր Բեգջանյանը, Սերժ Առաքելյանը, Անուշ Համբարձումյանը:

«Իրականում դերասանների համար իրենց դերերի ընտրությունը շատ խորթ էր, իրենց կերպարների, տիպաժներին համապատասխանեցնելով, կարծում եմ, որ լավ է ստացվել: Իրենց տաղանդով մեծ դերասաններին չեն զիջել նաեւ երիտասարդ դերասանները, շատ լավ եւ ջերմ միջավայրում ենք աշխատել»,- եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի շրջանակում մայիսի 5-ին «Նարեկացի» արվեստի միությունում դասական երաժշտության երեկո կկազմակերպվի:

 

Համերգին ելույթ կունենան ջութակահար Ռուբեն Կոսեմյանը, դաշնակահարներ Նատալյա Մնացականյանը եւ Մարգարիտա Գրիգորյանը:

Երեկոյին կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ս. Ռախմանինովի, Ֆ. Շուբերտի, Մ. Մոշկովսկիի, Ա. Սկրյաբինի ստեղծագործություններից, ինչպես նաեւ կներկայացվի Ռ. Կոսեմյանի՝ 4 մասից բաղկացած փոխադրությունների 2-րդ մասը:

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին: Երեք տարի հետո, երբ իր մահկանացուն է կնքում Վլադիմիր Լենինը, եւ երկրում սուգ է հայտարարվում, ապագա կոմպոզիտորի հայրը մտածում է երեխայի ծննդյան օրը փոխելու մասին, քանի որ իրենց տանն ամեն տարի տոն կլինի, մինչդեռ երկիրը կսգա բոլշեւիկների առաջնորդի մահը: Այսպես տղայի ծննդյան օրը տեղափոխում են հունվարի 22:

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձեւավորվել է Արամ Խաչատրյանի եւ Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ, իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսեւորվել է դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» եւ դաշնամուրային տրիոյում։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել եւ համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու եւ երգիչ Մուսլիմ Մագոմաեւի հետ։  «Առաջին սիրո երգը» եւ «Երեւան»-ը համարվում են որպես հարազատ քաղաքի հիմն։

Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսեւորվել է նաեւ նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի՛ շտապիր» եւ այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում եւ  արտասահմանում:

Առնո Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում 1983 թվականի նոյեմբերի 11-ին։

 

 

 

ՀԵՌԱՆՈՒՄ Է

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը հայտարարել է, որ հեռանում է ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից: 58-ամյա մասնագետը 2017 թվականից է գլխավորում «Մոնպելյեն», որը Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրից հետո 47 միավորով 8-րդ տեղում է: «22 տարի միասին, դա մեծ ուղեւորություն է: Լավ ժամանակներ եմ անցկացրել այս ակումբում: Մենք լավ աշխատանք կատարեցինք, բայց ամեն բան մոտենում է ավարտին: Դա մարզչի կյանքն է: Այն, որ ես հեռանում եմ, չի նշանակում, որ խաղացողները հանձնվում են: Եթե իմ հեռանալուց հետո թիմը նվաճի եվրագավաթների ուղեգիր, կլինեմ երջանիկ: Նախօրեին խաղացողներին հայտնեցի հեռանալուս մասին, ինչից հետո նրանք չէին խոսում ինձ հետ»,-ասել է Միշել Տեր-Զաքարյանը: Հիշեցնենք, որ Միշել Տեր-Զաքարյանի պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա «Մոնպելյեում» խաղացել է 1988-1998-ը, իսկ Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 1996-1997-ը: Տեր-Զաքարյանը մարզչական կարիերան 1998-ին սկսել է հենց «Մոնպելյեում»՝ 8 տարի աշխատելով երկրորդ եւ երրորդ թիմերում: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաեւ ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը» եւ «Ռեյմսը»:

 

 




Լրահոս