Հունիսի 1-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից, ժամը 10:00-ին նախատեսվում է երեխաների մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում իրականացնել «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով միջոցառում:

***

ՀՈՒՆԻՍԻ 1-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության մանկաբույժ Նանե Մնացականյանի, ԱՆ Միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանի,  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատան մանկաբարձական բաժանմունքի ղեկավար  Կարեն Ջուլհակյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Հայաստանում կգործի Պտղի բժշկության կենտրոն։

***

Հունիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենում տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից մուլտհերոսներով գնացքը կուղևորվի դեպի «Երիտասարդական» կայարան, որտեղ երեխաները կծանոթանան տարբեր մանկատների և խնամքի կենտրոնների սաների աշխատանքների հետ։ Կայարանում շրջելուց հետո հեքիաթային գնացքը կուղևորվի դեպի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ նույնպես ներկայացված կլինեն տարբեր մանկատների և խնամքի կենտրոնների սաների
ձեռքի աշխատանքները։ Անակնկալներ, շնորհավորանքներ ու բարձր տրամադրությունն երաշխավորում ենք։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները։

***

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ժամը 13:30-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկա կլինի «Բույս ու սեր» և «Բուսաբարև» կրթամշակութային միջոցառումներին: «Բույս ու սեր» միջոցառման շրջանակում թանգարան-ինստիտուտի փոքրիկ այցելուները նկարելու են բնության, բույսերի, ծառերի և ծաղկունքի թեմայով, իսկ «Բուսաբարև» կրթական ծրագրի շրջանակում երեխաները բացահայտելու են Կոմիտասի բանաստեղծական աշխարհը, ապա ստեղծագործելու են կոմիտասյան բառերով: ԿԳՄՍ նախարարը կդիտի նաև թանգարանի հիմնական ու ժամանակավոր ցուցադրությունները:




Լրահոս