Որ աղմկահարույց գործերով հայտնի դատավորն է քննելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի գործը. որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի եւ ոստիկանների միջադեպի գործով որոշում է կայացվել։ Գործը ուղարկվել է դատարան։ ԱԺ պատգամավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել նրանց նկատմամբ։

Վերջինիս հետ մեղադրյալի աթոռին է նաեւ Սերգեյ Կարենի Ասատուրովը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել նրանց նկատմամբ:

Նշենք, որ սեպտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Լևոն Քոչարյանին բերման էին ենթարկել, ապա նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից էլ նրան ձերբակալել էին:

Սեպտեմբերի 25-ից կալանավորված էր։ Նոյեմբերի 6-ից պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նրա կալանքը ենթակա եղավ վերացման։

Իսկ հիմա կարեւորի մասին․ գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Կարեն Ֆարխոյանը, որպես «քաղաքական հրահանգներ» կատարող դատավոր, հայտնի դարձավ 2019 թվականի հոկտեմբերից, երբ վերջինիս որոշմամբ կալանավորվեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Ֆարխոյանը նախ ոչ իրավաչափ էր ճանաչել Արսեն Բաբայանի ձերբակալումը, ապա բավարարել էր նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։

Հետագայում մամուլը գրեց, որ սա հետո իր գինն է ունեցել: Այսպես, դեռեւս 2020թ. փետրվարին կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Նույն գործով անցնում էր նաեւ դատավոր Կարեն Ֆարխոյանի եղբայրը` Ջոն Ֆարխոյանը, որը եղել է Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետը: Վերջինս եւս կալանավորվել էր, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Հետաքրքիր է, որ հենց դատավոր Կարեն Ֆարխոյանն է բավարարել կապիտուլյացիայից հետո ցույցերին մասնակցող հասարակական-քաղաքական գործիչների բնակարանները խուզարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները:

Դրանից հետո արդեն մամուլը գրեց, որ Կարեն Ֆարխոյանը հանդիպել է Փաշինյանի հետ, որպեսզի Ֆարխոյանը յուրային դատավորների ցուցակ կազմի:

Սույն դատավորի անունը շրջանառվեց նաեւ վերջին շրջանում, երբ նրան մակագրվեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր գործը:

Այսպես, Ռոբերտ Սուքիասյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Ամռանը Երեւանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, կրակոցներով ուղեկցված միջադեպի ժամանակ ԱՄՆ մի քաղաքացի հրազենային վնասվածք էր ստացել ոտքի շրջանում: Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել էր, ապա դատավոր Ֆարխոյան Կարենի որոշմամբ գրավով ազատ էր արձակվել, դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը Վերաքննիչ դատարան:

Ու մինչ վերաքննիչ դատարանը որոշում կկայացներ, միջադեպի առթիվ բուն գործն ուղարկվել էր առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության, որտեղ էլ դատավոր Կարեն Ֆարխոյանը անդրադարձել էր Սուքիասյանի խափանման միջոցի հարցին ու նորից գրավ կիրառել։ Այսինքն, այն հանգամանքը, որ գրավի կիրառումը բողոքարկվել է, այն պետք է քննվի վերաքննիչ դատարանում, Ֆարխոյանին չէր կաշկանդել նորից գրավ կիրառել:

Քնար Մանուկյան




Լրահոս