ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ունեմ երկու սենյականոց բնակարան, ուզում եմ ութ սմ հաստությամբ սալիկով շարված միջնապատը հանել` այն մեծացնելու նպատակով: Կարո՞ղ եմ, թե՞ ոչ: Հետաքրքիր է իմանալ, եթե միջնապատը հանեմ, սենյակը մեծացնեմ, այդ դեպքում կադաստրի հետ խնդիրներ կունենա՞մ: Եւ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այդ գործընթացն օրինական ձեւով իրականացնելու համար:

Մեխակ Գրիգորյան, 65 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Մեխակ Գրիգորյանը կադաստրի հետ խնդիրներ չի ունենա, եթե իր բնակարանում միջնապատի հանելն իրականացնի ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «ՀՀ-ում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման պահանջներին համապատասխան, իր համայնքի ղեկավարի կողմից տրված քանդման թույլտվության հիման վրա: Բնակարանի միջնապատը քանդելուց հետո կարող է դիմել ըստ իր գույքի գտնվելու վայրի` կադաստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում արդեն իսկ փաստացի չափերով իր բնակարանի նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացնելու համար:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացի Մ.Գրիգորյանը չի կարող խնդիր չունենալ, քանի որ միջնապատի քանդումն առնվազն երկու կառույցի հետ առնչվելու առիթ է դառնալու: Փորձը ցույց է տալիս, որ առաջին հայացքից հասարակ թվացող հարցի լուծումը կարող է տարիներով ձգձգվել: Ուստիեւ մեր շատ հայրենակիցներ գլխացավանքի մեջ ընկնելուց խուսափելու նպատակով հաճախ հրաժարվում են բնակարանները բարեկարգելու մտքից:




Լրահոս