Բաշգյուղի բնակիչները յոլա են գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Բաշգյուղ համայնքում արդեն մի քանի տարի է, ինչ դպրոցը չի գործում: Պատճառը՝ աշակերտների թվի նվազելն է: Այս և այլ թեմաների շուրջ«Ժողովուրդ»-ը զրուցեց Բաշգյուղի համայնքապետ Վոլոդյա Մովսիսյանի հետ:

-Ինչո՞վ են զբաղվում բնակիչները: Եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:

-Դե, սովորական իրենց տնային գործերով: Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Ինչ եկամուտի մասին է խոսքը, էնքան որ իրենց գոյությունը պահպանում են: Յոլա են գնում:

-Քանի՞ բնակիչ է ապրում Բաշգյուղում:

-12 ընտանիք է ապրում, 62 մարդ:

-Ձեր գյուղում ի՞նչ խնդիրներ կան:

-Խմելու ջուրը սակավ է: Աշխատատեղ չկա, մարդիկ հազիվ կարողանում են գոյություն պահպանել:

-Ցանքսով չե՞ն զբաղվում:

-Չէ, էս տասը տարի է, ինչ ցորեն, գարի չեն ցանում մարդիկ: Համապատասխան տեխնիկա չունենք: Բացի այդ, անջրդի են հողերը: Կարճ ասած՝ ոչ թե ապրում են մարդիկ, այլ յոլա են գնում:

-Պարոն Մովսիսյան, ի՞նչն է պատճառը, որ բնակչության թիվը նվազել է:

-Գնացել են, տեղափոխվել են: Գյուղատնտեսությամբ չեն կարողանում զբաղվել, այն եկամտաբեր չէ: Բայց միակ պատճառը աշխատատեղ չլինելն է: Իսկ գյուղապետի եկամուտներն էլ շատ քիչ են: Մեր համայնքապետարանի բյուջեն կազմում է 700 հազար դրամ: Եթե պետության տված դոտացիան չլինի, էս գյուղապետարանն ընդհանրապես չի կարող գործել:

-Գյուղում երիտասարդ ընտանիքներ ապրո՞ւմ են:

-Միայն ծերացող ընտանիքներ են: Տասը երիտասարդ տղա ունենք, որ հիմա Ռուսաստանի Դաշնությունում են: Չունենք երիտասարդ:

-Իսկ գյուղում դպրոց կա՞:

-Նախկինում տարրական դպրոց ունեինք, բայց այն փակվեց, քանի որ աշակերտների թիվը կտրուկ նվազեց:

-Հիմա աշակերտ ունե՞ք:

-Երեք աշակերտ ունենք, ովքեր հաճախում են հարևան՝ Փոքր Սարիարի դպրոց: Առաջին դասարանի մի աշակերտ էլ ունենք, ով այս տարի է գնալու դպրոց:

-Պարոն Մովսիսյան, Բաշգյուղում վերջին անգամ երեխա ե՞րբ է ծնվել:

-Երկու տարի առաջ:

-Երիտասարդները չե՞ն ամուսնանում:

-Չէ, ներկայումս տասը երիտասարդ տղա ունենք, որոնք ՌԴ-ում են: Չեն ամուսնանում: Ասում են՝ աշխատանք չկա, որ մեր գլուխը պահենք, բա հարսներինը ոնց պահենք (ծիծաղում է-Ս.Հ.):

-Դուք չե՞ք մտածում հրաժարական տալու մասին:

-Եթե հրաժարվեմ, ինչ պետք է անեմ, կամ մյուսը եկավ՝ ի՞նչ պետք է անի որ: Խոսակցություններ կան այն մասին, որ գյուղերը պետք է խոշորացվեն, միանան իրար: Սպասում ենք: Տեսնենք, թե ինչ կստացվի:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս