Կրկնազատկի խորհուրդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկեղեցին այս հիշատակը, որպես Զատկի նավակատիք, կատարում է Սուրբ Զատկին հաջորդող կիրակի օրը:  Մենք այն կոչում ենք «Նոր կիրակ» կամ «Կրկնազատիկ»: Այս օրը կոչվում է  Կրկնազատիկ երեք պատճառներով: Դրանք են` ազատությունը, հարությունը եւ փրկությունը: Զատիկն ազատություն է նշանակում, եւ այս օրը կրկնակի ազատության օր է հետեւյալ պատճառներով: Թեպետ եւ Քրիստոսը մեզ ազատեց մեր մեղքերից՝ իր առաջին գալստյամբ, սակայն մեր մարմինը դեռ գտնվում է կրքերի ազդեցության ներքո, այսինքն` քաղցի, ծարավի, երկյուղի, տրտմության եւ այլն: Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում եւ ազատում մեզ բոլոր կարիքներից, այդ ժամանակ դա կոչվում է Կրկնազատիկ: Երկրորդ` Կրկնազատիկ է կոչվում մեր կրկնակի հարության պատճառով: Առաջին կիրակի օրը Քրիստոսը մեզ հարություն տվեց իր հոգով ու զորությամբ, իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի, եւ մեռելներից հարություն առնելով` պիտի անմահանանք: Այդ պատճառով այս օրը կոչվում է Կրկնազատիկ եւ մեր կրկնակի հարության օրվա պատկերն է: Երրորդ` Կրկնազատիկ է կոչվում մեր փրկության պատճառով: Տերն առաջին կիրակի օրը երեւաց աշակերտներին եւ նրանց հաստատեց հարության հավատի մեջ, իսկ երկրորդ կիրակի օրը երեւաց, որպեսզի Թովմասին` Իր տասներկու առաքյալներից մեկին, փրկի թերահավատությունից ու հաստատի հավատի մեջ:




Լրահոս