Պարզաբանում «Գյումրու տեխնոպարկի» վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի նիստի քննարկմանը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին որոշմանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը և մեծ արձագանք գտել այսօրվա մամուլում` ոչ ճիշտ մեկնաբանությամբ առկա իրականության վերաբերյալ:

Ուստիև, անհրաժեշտություն կա պարզաբանելու «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի, Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագրի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տարբերությունը: Լուծարման ներկայացված «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն (հասցեն` ք.Գյումրի, Խրիմյան Հայրիկի 27) ստեղծվել է 2006 թվականին: Ընկերության պետական բաժնեմասը կազմում է 49,02 տոկոս: Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչև օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դրանում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար և առաջարկել է, հիմք ընդունելով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ՝ «Անալիտիկսարք-մեկ» ՓԲԸ-ի համաձայնությունը, սկսել լուծարման գործընթաց:

«Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն ովևէ կապ չունի ՀՀ կառավարության կողմից 2008թ.-ից իրականացվող Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագրի հետ, որի արդյունքում Գյումրիում ստեղծվել են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներ, կազմակերպություններին տրամադրվել է բիզնես աջակցություն և խորհրդատվություն, պատրաստվել և վերապատրաստվել են տեխնոլոգիական մասնագետներ: Գյումրու տեխնոպարկի ձևավորման ծրագրի շրջանակում իրականացվում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագիրը:

Համաշխարհային բանկի «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել և ավարտվել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (հասցեն` ք.Գյումրի, Գայի 1) շինարարական աշխատանքները, արդյունքում ստեղծվել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ուղղվածություն ունեցող շուրջ 6000ք.մ. մակերեսով ամբողջական համալիր, որն իր մեջ ներառում է տեխնոլոգիական ընկերությունների համար ժամանակակից, բարձրորակ ենթակառուցվածքներով հագեցած գրասենյակային և ընդհանուր օգտագործման տարածքներ, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներ ու լսարաններ, հանդիպման սենյակներ: Այն կգործի նաև որպես ինկուբացիոն կենտրոն ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նորաստեղծ լաբորատորիաների և ընկերությունների համար:

2014թ.-ի հունվարից կենտրոնը գործարկվել է, և կենտրոնի հիմնանորոգված շենք են տեղափոխվել ժամանակավոր (վարձակալված) տարածքում գործող լաբորատորիաները և մի շարք տեղական ու միջազգային ընկերությունները: Շարունակական աշխատանքներ են տարվում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կողմից Գյումրիում մասնաճյուղերի հիմնման, ներդրումների ներգրավման և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Մոտ ժամանակներս տեղի կունենա կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 




Լրահոս