ՀՀ տնտեսության խնդիրները՝ երիտասարդ կուսակցականների քննարկման առանցքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան 9 քաղաքական ուժերի շուրջ 35 երիտասարդներ սեպտեմբերի 5-7-ը Ծաղկաձորում մասնակցեցին «Երկխոսություն. երիտասարդները հանուն փոփոխությունների» խորագրով միջկուսակցական քաղաքական երիտասարդական համաժողովին, որը նախաձեռնել էր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ)։

Եռօրյա հավաքի ընթացքում երիտասարդները քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը, սահմանադրական բարեփոխումների, ժողովրդագրությանն առնչվող թեմաներ։

Համաժողովի շրջանակներում մասնակիցների հետ հանդիպել եւ դասախոսություն-քննարկումներ են ունեցել ոլորտային փորձագետներ։ «ԶԼՄ-ները՝ որպես քաղաքական գործընթացների դերակատար» թեմայով դասախոսություն է կարդացել առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը։ Տիկին Իսրայելյանը նկատում է, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որպես կանոն, լրագրողներին, լրատվամիջոցներն ընկալում են ոչ որպես գործընկեր, այլ ավելի շատ՝ որպես հակառակորդ։ Եվ այդ մտածելակերպը փոփոխման կարիք ունի։ Աննա Իսրայելյանը երիտասարդների հետ աշխատանքի ընթացքում փորձում էր փոխանցել մի շարք գործիքներ՝ ինչպես ճիշտ աշխատել լրատվամիջոցների հետ, որպեսզի համագործակցությունն առավելագույնս արդյունավետ լինի։ Առցանց «Առավոտ»-ի խմբագիրը կարեւորեց նման ձեւաչափով հանդիպումները, որպեսզի տարբեր բեւեռներ ներկայացնող քաղաքական ուժերի երիտասարդները սովորեն լրագրող-քաղաքական ուժեր հարաբերությունների առումով իրար հետ աշխատել։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Անի Խաչատրյանը երիտասարդական նման հանդիպումներն արդյունավետ համարեց։ Անի Խաչատրյանը հատկապես առանձնացրեց PR գործիքների կիրառմանը, ԶԼՄ-ների հետ համագործակցությանը, հռետորական արվեստին նվիրված դասախոսությունները, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանի հետ հանդիպումը, որի ընթացքում բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները տվեցին ՀՀ տնտեսությանը վերաբերող իրենց հուզող հարցերը։ Անդրադառնալով իշխանական եւ ընդդիմադիր ուժերի երիտասարդների միջեւ համագործակցությանը՝ Անի Խաչատրյանը նշեց. «Լսարանում երկխոսությունն իշխանական եւ ընդդիմադիր ուժերի երիտասարդների միջեւ ստացվեց, երիտասարդները բաց են շփման մեջ, իսկ լսարանից դուրս փորձում էինք շատ չկենտրոնանալ կուսակցական պատկանելության հարցում եւ հարաբերվել որպես հայ երիտասարդներ»։

ՀՀԿ ԵԿ անդամ, համաժողովի կազմակերպիչներից Գրիշ Ամիրխանյանն էլ տեղեկացրեց, որ ֆորումի նպատակն էր հայաստանյան արտաքին եւ ներքին հիմնախնդիրների վերաբերյալ երկխոսություն ծավալել իշխանական եւ ընդդիմադիր ուժերի երիտասարդ ներկայացուցիչների միջեւ եւ սահմանել դրանց լուծման ուղիները։ Նա նաեւ նկատում է, որ ՀՀԿ ԵԿ համար խիստ կարեւոր է լսել առկա հիմնախնդիրների լուծման վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջարկները։ Ըստ նրա՝ նման ձեւաչափով հանդիպումները երկխոսությունը զարգացնելու միջոցով խնդիրներն ավելի արագ լուծելու հնարավորություն են տալիս։




Լրահոս