Արտագաղթի հիմնական պատճառը հուսալքությունն է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Քառյակի անունից հանդես է եկել հայտարարությամբ` պահանջելով խորհրդարանական լսումներ հրավիրել արտագաղթի շուրջ. «2008-2013 թվականներին հեռացել է 212 հազար մարդ: Հայաստանի ամբողջ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խաղաղ պայմաններում բնակչությունն արտագաղթում է»,- հայտարարել է Զուրաբյանը:

Իհարկե, փոքր-ինչ վիճելի պնդում է, քանզի Հայաստանի  պատմության առնվազն վերջին 20 տարիների ընթացքում 2008-2013թթ.` իրապես  աղետալի տեմպերի հասնող արտագաղթը, այդուամենայնիվ, առաջին դեպքը չէ: Այն է՛լ ավելի աղետալի ծավալների էր հասնում 90-ականների կեսերից սկսած, ընդ որում՝ արդեն ղարաբաղյան պատերազմի ավարտից  հետո` Լ. Տեր-Պետրոսյանի  իշխանության վերջին  տարիներին:

Սակայն սա, իհարկե, որևէ կապ չունի խնդրի` ներկայիս  հրատապության և ՀԱԿ խմբակցության ղեկավարի հնչեցրած պահանջի անհրաժեշտության հետ: Ավելին՝ արտագաղթի խնդրով արմատական քայլերի անհրաժեշտությունը հասունացած էր վաղուց: Եվ ընկալելի համարելով այն տեսակետը, թե արտագաղթի թեմայի բարձրաձայնումը պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի Աժ ամբիոնից ամենաճիշտ ճանապարհը չէ, այդուհանդերձ ստիպված ենք արձանագրել, որ այս հարցի շուրջ լռությունը է՛լ ավելի  վտանգավոր  է:

Հատկապես որ` երկրի ղեկավարության մոտ կարծես թե առկա չէ խնդրի լրջության գիտակցումը: Համենայն դեպս, թե՛ այս հարցով նախկինում հրավիրած խորհրդակցության, թե՛ նախորդ տարի «Ազատությանը» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի արած հայտարարություններն այդ մասին են խոսում:

Հիշեցնենք, որ նշված խորհրդակցության ընթացքում Ս. Սարգսյանը  հանդիմանեց պատկան մարմիններին՝ արտագաղթի մասին մամուլի հրապարակումները բավարար եռանդով չհերքելու համար, այն դեպքում, երբ ըստ Սարգսյանի՝ խոսքը բացառապես սեզոնային բնույթ կրող աշխատանքային միգրացիայի մասին է: Իսկ «Ազատության»՚ տված հարցազրույցում էլ Սարգսյանը պնդում էր,  թե մեր երկրում հայ մարդը չի ցանկանում աշխատել 180 հազար աշխատավարձով և արտագաղթում է` ամենևին էլ ոչ արդարության պակասից: Կարճ ասած` Ս. Սարգսյանի պատկերացմամբ, մարդիկ պարզապես անհասկանալի քմահաճույքից ելնելով են լքում երկիրը, այլ ոչ թե համատարած գործազրկության, աղքատության և  անարդարության  պատճառով:

Ինչևէ. վերադառնալով Քառյակի այս նախաձեռնությանը` նկատենք, որ  ընդդիմությունը ևս իր մեղքի բաժինն ունի արտագաղթի մեջ: Կա մի շերտ, որը հեռանում է հուսալքությունից, քանզի այլևս չի վստահում անգամ այս ընդդիմությանը: Եվ արտագաղթի դեմ պայքարում ընդդիմության ամենամեծ քայլն այն կլինի, որ վերջինս  հետամուտ լինի իշխանությանը ներկայացրած իր պահանջների կատարմանը և չփորձի նորանոր հարցերի առաջադրմամբ` հանրության ուշադրությունը շեղել սեփական հետևողականության պակասից:




Լրահոս