Ովքե՞ր էին «Շառլոտ»-ում ծեծված հայտնի դեմքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի են դարձել օգոստոսի 26-ին«Շառլոտ» գիշերային ակումբում ծեծի մասնակից հարկային ծառայողների անունները: Իսկ թե ինչո՞ ւ նրանք մինչ օրս չեն հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, դժվար է ասել:
Եվ այսպես, միջադեպը տեղի էր ունեցել կեսգիշերին մոտ: Ըստ տարածված տեղեկությունների` միջադեպի մասնակիցները հարկային տեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնց թվում է եղել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը: Իսկ ոստիկանությունն էլ տեղեկացրել էր, որ դեպքի առթիվ ոստիկանություն էին բերման ենթարկվել Ռոբերտ Գ.-ն, Անդրանիկ Ա.-ն, Գարիկ Մ.-ն, Ջանիբեկ Մ.-ն:

Ի դեպ, այս դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, թե սեպտեմբերի 4-ին աշխատանքից ազատվել է Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև ԱԱԾ աշխատակից Արսեն Ղազարյանը: Ենթադրվում է, որ նրանց ազատման հրամանը կապված է ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:

Ինչից էր սկսվել կռիվը

Եվ այսպես, մեզ հասած տեղեկություններով` «Շառլոտ» գիշերային ակումբի սեփականատերերից մեկը, ով նախկին ոստիկան է, նշված օրը որոշել է ընկերոջ հետ հաց ուտել իրեն պատկանող ակումբում, որտեղ երկար ժամանակ չի եղել:

Սեփականատերն ու իր ընկերը ընթրիք են պատվիրել ու սպասել իրենց պատվերին: Մի փոքր ուշ ակումբ են այցելել մի խումբ երիտասարդներ` ակնհայտ ցինիկ պահվածքով ու սկսել են տարօրինակ հայացքով նայել ակումբի սեփականատիրոջն ու նրա ընկերոջը: Երիտասարդների սևեռված հայացքը ու պահվածքը դուր չի եկել նախկին ոստիկանին և նա ստիպված է եղել տղաներին հարցնել, թե ինչն է նրանց անհանգստացնում: Տղաներից մեկն ասել է, թե իրենք ակումբը փակել էին տվել և իրենցից բացի, նշված ժամին ոչ ոք չպետք է մտներ այնտեղ: Ի պատասխան, ակումբի սեփականատերն ասել է, թե իրենք կարճ ժամանակով են մտել, շտապ հաց կուտեն և դուրս կգան` չխանգարելով իրենց խրախճանքին: Այս պատասխանը չի գոհացրել տղաներին:

Մի քանի րոպե անց Ֆինանսների նախարարության աշխատակիցներն առանց որևէ բան ասելու, հաց ուտելու պահին հարձակվել են ակումբի սեփականատիրոջ և նրա ընկերոջ վրա ու սկսել ծեծել: Նախկին ոստիկանը զանգահարել է իր փոքր եղբորը, ով ակումբի տնօրենն է և հայտնել, որ շտապ գա, կարգի հրավիրի ակումբում հաստատված «բեսպրեդելը»: Սակայն ակումբի տնօրենը, երբ ներս է մտել ու տեսել, թե ումէ հետ է իր եղբայրը ծեծկռտուք սարքել, խիստ զարմացել է և հորդորել է մեծ եղբորը կատարվածը «կուլ տալ» և հեռանալ ակումբից: Սակայն ծեծի ենթարկված նախկին ոստիկանն ասել է. «Ես սա կուլ տվող չեմ», ապա որոշել է դաս տալ իրենց ամենակարող համարող երիտասարդների խմբին:

Այսպիսով, նախկին ոստիկանը եղբորը դուրս հանելով ակումբից, այնտեղ է կանչել մի խումբ տղաների, կողպել ակումբի դուռը, սկսել մի լավ ՙդաս տալ՚ ագրեսիվ պահվածքով երիտասարդների խմբին, որոնց մեջ են եղել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, ով ՀՀ մաքսատան բաժնի պետ է, նրան ուղեկցող Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը, ով ՙՄետելիցա՚ ռեստորանի սեփականատերն է, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսայի աներորդին: Այնտեղ են եղել նաև ՖՆ մաքսանենգության վարչության աշխատակից Սուրենը, ով ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի քրոջ տղան է, ինչպես նաև ՊԵԿ նախագահի նախկին տեղակալներից մեկը, ում անունը այդպես էլ չկարողացանք պարզել:

Ինչպես են ծեծել հարկային աշխատակիցներին

Մեր աղբյուրների պատմելով, երբ նախկին ոստիկանի հրահանգով ակումբ են մտել նրա` ոչ այնքան երիտասարդ ընկերները, Ֆինանսների նախարարության աշխատակիցները բավականին գինովցած էին: Նրանցից մի քանիսը նույնիսկ ձողերի մոտ իրենց վերնաշապիկներն արձակած կիսամերկ աղջիկների հետ պարելիս են եղել: Սակայն խրախճանքը կարճ է տևել, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչները լավ ՙդաստիարակել են՚ հարկային ծառայողներին: Նրանցից մեկին մտցնելով «Ռեդբուլ»-ի սառնարանը ասել են` սառնարանը կեր, մյուսին գցել են գետնին և քարշ տվել: Կարճ ասած` այն աստիճանի են ծեծել իրենց «հացը հարամողների», որ հարկային աշխատակիցները տարբեր աստիճանի կոտրվածքներ են ստացել:

Ալրաղացի Լյովիկի քրոջ տղան` Սուրենը, տեսնելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս և այս ամենի հետևանքով մի քանի հոգի կարող են սպանվել, մի կերպ բացել է ակումբի դուռը և փողոցում հսկողություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներից օգնություն խնդրել: Ոստիկանները տեսնելով, թե ինչ է կատարվում, դեպքի վայր են կանչել հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներին:

Իսկ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` տեսնելով դեպքի վայր ժամանած ոստիկաններին, ցույց է տվել իր վկայականը և խիստ տուժած ու անմեղ ձևանալով խնդրել իրեն շտապ հասցնել հիվանդանոց: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով` սա առաջին դեպքը չէ, երբ նախարարի եղբորորդին հայտնվում է նման աղմկալի պատմությունների մեջ` օգտագործելով հորեղբոր անունը: Չնայած Գագիկ Խաչատրյանը փորձել է նրան կարգի հրավիրել, սակայն, ինչպես նկատում ենք, հորդորները տեղ չեն հասել:

Նկատենք, որ Ֆինանսների նախարարության աշխատակիցներից որևէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել, իսկ թե ինչ կլինի հետո, դժվար է ասել: Միայն հայտնի է, որ գործը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչության վարույթում է:

Քնար Մանուկյան




Լրահոս