ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԵՐԵՎԱՆԻՑ ԲՈՅԿՈՏԵԼՈՎ` ՄԻԱՅՆ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ»

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանը քայլ առ քայլ հասնելու է նրան, որ, ի վերջո, ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչի:

-Պարոն Պողոսյան, որպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ, խնդրում եմ ասեք, թե Հայաստանն ի՞նչ շահեց կամ կորցրեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելով:
-Նախ՝ Հայաստանը մասնակցեց երկու քննարկումների, բացի այդ` մենք կարողացանք մեր ձայնը բարձրաձայնել ու ՆԱՏՕ-ի գագաթաժողովներից հետո ընդունվող հերթական, ավանդական հուշագրերում հասնել տեքստային փոփոխության: Միգուցե այն չի բավարարում Հայաստանի Հանրապետության շահերին, որ ասենք` ԼՂՀ-ն անկախ պետություն ենք ճանաչել կամ ՀՀ-ի մաս, բայց այն բառապաշարը, որն օգտագործվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչին երբեւէ դեմ չի արտահայտվել ՀՀ-ն, այժմ այստեղ եւս առկա էր: Իսկ Ադրբեջանը հետընթաց է ապրել նրանով, որ այն ժամանակ միշտ խոսում էր տարածքային ամբողջականության մասին, մինչդեռ այս անգամ ավելացված է, որ հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով, բանակցային գործընթացների միջոցով ու, որ կարեւոր է, ներկա ֆորմատի փոփոխության առումով որեւէ մեկը չպետք է ակնկալիքներ ունենա: Այսինքն՝ պետք է ենթարկվեն միջազգային բոլոր սկզբունքներին, որոնք բխում են ՄԱԿ-ի կանոնադրությունից եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներից: Սրանով մենք ունեցել ենք առաջընթաց, այնպես չէ, որ այդ հուշագիրը 100 տոկոսով մեր շահերից է բխում, բայց սայլը տեղից շարժվել է:
-Այդուամենայնիվ` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընդունած հռչակագրում ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածը ներկայացվում է «Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիայի» ենթատեքստում: Այսինքն՝ հատուկ շեշտվել է տարածքային ամբողջականության կարեւորությունը, ինչը բավականին վտանգավոր է: Դուք այդ կարծիքին չե՞ք:
-Իսկ ինչու դա պետք է ինձ այժմ շատ մտահոգի, երբ ինչը որ գրված է ՀՀ-ի համար, մենք դրանով մեկ քայլ առաջ ենք գնում, մենք պետք է դրանով առաջնորդվենք ու մեր շահերից ելնելով խոսենք: Ռուսաստանի հետ մեկ տարի առաջ կարող են այլ բան հայտարարել, իսկ հաջորդ տարի նշել, որ ՌԴ-ն իրենց լավագույն գործընկերն է: Եկեք այն մեծ, գլոբալ խնդիրները, որոնք մեր շահերին, մեր հարցերին չեն վերաբերում, որոնց պատճառով մենք ընկնելու ենք բախումների մեջ, դրանց վերաբերվենք այնպես, ինչպես կա: Մենք պետք է գիտակցենք, որ դա այսօր մեր խնդիրը չի ու մենք պետք է զբաղվենք այն հարցերով, որոնք բխում են մեր շահերից ու հենց դա է մեր խնդիրը: Ի վերջո, երբ մարդիկ խոսեն ու օգտագործեն ՆԱՏՕ-ում եղած ձեւակերպումը ՀՀ-ի մասով, խոսելու են նրանով, ինչին որ մենք հասել ենք եւ ոչ թե այլ ձեւակերպումներով:
-Այնուամենայնիվ, ՀՀ քաղաքագիտական եւ քաղաքական շրջանակներում գերիշխողն այն տեսակետն էր, որ այս անգամ եւս Հայաստանը չկարողացավ իր շահերը պաշտպանել ու սա ՀՀ-ի հերթական ձախողումն էր:
-Անպայման պետք էր մասնակցել այս գագաթաժողովին, ու կարծում եմ, որ նախկինում էլ էր պետք մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաղոժովին: Ես ինքս մշտապես կողմնակից եմ եղել, որ ՀՀ-ն գնա ու հենց այնտեղ պայքարի իր խնդիրների համար, քանի որ Երեւանից բոյկոտելով, չմասնակցելով, մենք նախորդ տարիներին կորցրել ենք այդ հնարավորությունը: Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին խոսելով, պետք է նկատենք, որ նախորդ երկու տարիներին այդ վիճակը չի եղել, դրանից առաջ էլ եղել են վրացական դեպքերը: Հիմա արդեն այլ իրավիճակ է, փաստորեն հակամարտությունների դեպքում այլ բառապաշար է սկսում օգտագործվել, գիտակցում են, որ կա հազար ու մի մարտահրավեր, եւ գուցե մի օր էլ արդեն անհատական մոտեցումներով ամեն ինչ լինի եւ լինի այն կետը, որը վերաբերի ԼՂ հակամարտությանը:
-Նշվում է նաեւ, որ ՀՀ-ն նման միջազգային գագաթաժողովներում հիմնականում ոչ նպաստավոր դիրքերում է հայտնվում, քանի որ երկրի ղեկավարը չի կարողանում ՀՀ շահերը պաշտպանել: Համամի՞տ եք, թե՞ կատարյալ եք համարում միջազգային հարթությունում մեր շահերի պաշտպանությունը:
-Կատարյալ չէր, բայց սա այն օրինակներից մեկն է, որ չենք կարողանում կատարյալ արդյունքի հասնել: Կարելի է այսպես ասել,առնվազն ասվեց այն խնդիրների մասին, որոնք չեն բխում մեր թշնամիների շահերից ու չեն վնասում մեր շահերը: Մի քայլ առաջ էր ի համեմատ նրա, ինչ որ նախկինում ունեցել ենք: Եթե աշխատենք այսպես, ապա մի օր ՆԱՏՕ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը:

 

 

ՀՅԴ-Ն ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՀՎԱԾՔ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր «հրաշալի քառյակ»-ը նիստ է հրավիրել: Քաղաքական 4 ուժերի օրակարգում երկու հարց կա. պետք է վերջնականապես հաստատվեն «Կուտակային կենսաթոշակային» համակարգի հետ կապված Սահմանադրական դատարան դիմելու հարցն ու Քառյակի՝ միասնական հանրահավաք անցկացնելու ժամկետները: Այս անգամ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարց Քառյակն օրակարգում չունի:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել էին ու քննարկել «Կուտակային կենսաթոշակային» համակարգի հետ կապված Սահմանադրական դատարան դիմելու հարցը, քանի որ Քառյակի մյուս «զույգը»՝ ԱԺ «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները հակված չեն այդ հարցով ՍԴ դիմել, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին էին քննարկել հարցը: ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էին, որ իրենք անիմաստ են համարում կրկին ՍԴ դիմել, քանի որ առաջին փորձն անարդյունավետ է եղել: Ու թերեւս դա է պատճառը, որ այսօր Քառյակը հանդիպելու է վերջնական եւ միասնական կարծիք ունենալու համար:
Իսկ ինչ վերաբերում է հանրահավաքին, ապա Քառյակի բոլոր ուժերը կողմնակից են հանրահավաք անցկացնելու, ուղղակի դեռեւս պարզ չէ ժամկետների հարցը: Երեկ տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Քառյակում ցանկանում են քննարկել ԱԺ ՀՅԴ խմբակցության վարքագիծը, քանի որ վերջին ժամանակահատվածում նրանք կարծես թե Քառյակից «պոկվել» են ու հիմնականում առանձին որոշումներ են կայացնում:
Նույն կերպ ՀՅԴ-ն վարվեց. երեկ, երբ Քառյակի երեք ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ը դուրս եկան ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմից ՀՅԴ-ն որեւէ հայտարարություն չարեց հանձնաժողովից դուրս գալու մասին: «Հաշվի առնելով, որ մի շարք մեքենայություններ տեղի ունեցան տարբեր ընտրական գործընթացների ժամանակ, մենք արդեն հայտարարել ենք, որ ՀԱԿ-ը հաշվիչ հանձնաժողովում իր ներկայացուցչին չի ուղարկելու եւ չի մասնակցելու ապօրինություններին եւ ընտրակեղծարարությանը»,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց. «Քանի դեռ ՀՀ ԱԺ-ում հաշվիչ հանձնաժողովի կազմը թելադրում է մեկ քաղաքական ուժի դոմինանտություն, խախտելով բազմակարծությունը, ԲՀԿ-ն եւս շարունակելու է այս հաշվիչ հանձնաժողովում չներկայացնել որեւէ ներկայացուցիչ»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ իրենք եւս հաշվիչ հանձնաժողովում չեն ցանկանում անդամ ունենալ «Մենք մեր դիրքորոշումը եւս չենք փոխել: Ցավոք, քաղաքական մեծամասնությունը որեւէ քայլ չարեց, որ կարողանար բալանսավորված հակակշիռ ապահովող հանձնաժողով ունենար: Մենք անդամ չենք ունենալու հաշվիչ հանձնաժողովի կազմում»: Քառյակի 3 ուժերի համար եւս անակնկար էր ՀՅԴ-ի պահվածքը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ՃԱՇԱՐԱՆՈՒՄ «ԽԱՌՆ» ԵՆ
Երեկ ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի ճաշարանը կրկին հայտնվել էր «ճգնաժամային» իրավիճակում: Բանն այն է, որ խորհրդարանի շենքի հանրային սննդի ծառայություններ կազմակերպելու եւ մատուցելու նպատակով «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ ՍՊԸ-ն պայմանագրի ժամկետը երկարաձգելու ցանկություն չի հայտնել, ինչի պատճառով էլ խորհրդարանը որոշել է կրկին հետ «կանչել» այն ընկերությանը, որը ԱԺ ճաշարանը սպասարկում էր դեռեւս 2012 թվականին: Այժմ հանրային սննդի գործունեությունն իրականացնում է «Դավիթ-Սարգիս Նավասարդյաններ» ընկերությունը, որը երեկվա դրությամբ չէր կարողանում իր առջեւ դրված պարտավորությունները կատարել: Ճաշարանում միայն փոխվել էին սեղաններն ու աթոռները, իսկ սննդի որակն ու սպասարկումը, մեղմ ասած, շատ ցածր էր:

 

«ՄՈՍԿՎԻՉԿԱ»-Ն ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Կարծես թե «սեւ ամպեր» են կուտակվել «Մոսկվիչկա» սուպերմարկետի գլխին: Իսկ Երեւանի Կոմիտասի փողոցում գտնվող սուպերմարկետն արդեն վաճառվել է ու այլեւս չի աշխատում: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետը եւս «Կարֆուր» ընկերությունը ներառելու է իր ցանցում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել «Մոսկվիչկա» սուպերմարկետի սեփականատեր, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուց` Արման Նազարյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իսկապես Կոմիտաս փողոցում գտնվող սուպերմարկետը փակվել է, բայց դրա փոխարեն ավելի մեծն է վերաբացվելու: «Փակվում է միայն Կոմիտաս 1 հասցեում գտնվող սուպերմարկետը, որովհետեւ Մերգելյան ինստիտուտի տարածքում մենք ունենք մեր սեփական տարածքը, որտեղ ուզում ենք Կոմիտասի փոխարեն մեր սեփական տարածքի մեջ մեր արտադրական սուպերմարկետը բացել, ընդամենը դա է խնդիրը, ուրիշ որեւէ բան չկա»,-հայտարարեց մեր զրուցակիցը: Իսկ ինչ վերաբերում է «Կարֆուր»-ի ցանցին «Մոսկվիչկա»-ի «միաձուլմանը»՝ Արման Նազարյանն ասաց. «Մեր երկրում սուպերմարկետի կուլտուրան շատ զարգացած է ու ով էլ գա չի կարող այդ ամենը վերացնել, նման բան չկա: Մենք ունենք շատ հզոր ցանցեր` ընդամենը մեկ խանութ փակում ենք, որ ավելի մեծը բացենք, մեր տարածքի մեջ, քանի որ դա վարձակալական հիմունքներով վերցված տարածք էր»:

 




Լրահոս