ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՐԴԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԽՆԱՄՎԱԾ ԼԻՆԵԼ»

«Ժողովուրդ»-ը զրուցել է «Էլ սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիր, հեռուստահաղորդավարուհի Մայա Պողոսյանի հետ նորաձեւության, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ոճական, կերպարային առանձնահատկությունների մասին: Հեռուստահաղորդավարուհին ներկայացրեց իր տեսակետը հեռուստահաղորդավարների արտաքին տեսքի եւ կերպարային յուրահատկությունների մասին:

-Մայա՛, ունեք ներկայանալի արտաքին, Ձեր մշտազբաղ առօրյան չի խանգարում, որպեսզի հանրային միջոցառումներում, հեռուստաէկրաններից ներկայանաք խնամված, գեղեցիկ արտաքինով: Մերօրյա գեղեցիկ սեռի ներկայացուցիչների արտաքին տեսքը բավականին փոփոխությունների է ենթարկվել: Ի՞նչ եք կարծում՝ այսօր հայ կանայք եւ աղջիկները ավելի շա՞տ են սկսել հետեւել իրենց արտաքին տեսքին:
-Կարծում եմ` ցանկացած տարիքի ցանկացած կին պետք է լինի խնամված: Կնոջ հմայքը հենց խնամված լինելու մեջ է: Ինքս փորձում եմ մշտապես հետեւել նորաձեւությանը, լինել ոճային եւ ինքնատիպ: Ժամանակս բավականին սուղ է, իրականում ավելի շատ կցանկանայի հաճախել մարզադահլիճներ, ավելի շատ ժամանակ տրամադրել արտաքին տեսքիս:
Ինչ վերաբերում է մերօրյա գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, պետք է ասեմ, որ միշտ էլ մեծ սիրով ու հարգանքով եմ մոտենում մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Ի տարբերություն ուրիշների, ովքեր քննադատաբար են մոտենում մեր աղջիկների արտաքին տեսքին, ես միշտ էլ լավատեսորեն եմ վերաբերվել ու վերաբերվում այդ հարցին: Թերություններ միշտ եւ ամենուր լինում են, բայց հաճելի է նկատել, որ վերջին շրջանում բավականին մեծ պրոգրես կա: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են կարդում ամսագրեր, հետեւում են նորաձեւության նորություններին: Անշուշտ, կան շտկելու բաներ, բայց համոզված եմ, որ հետագայում ակնհայտ դրական տեղաշարժեր ավելի շատ կլինեն:
-Հեռուստահաղորդավարի տեսքը, ձայնային տվյալները, կրթվածության աստիճանը պետք է անշուշտ եթերային լինեն: Բայց չենք կարող ժխտել այն հանգամանքը, որ մեր հեռուստաեթերում բավականին շատ են ոչ այնքան համապատասխան արտաքինով, գրագիտությամբ աչքի չընկնող հեռուստահաղորդավարները: Կարծում եք՝ դեպի հեռուստատեսություն տանող ճանապարհը դյուրին է դարձել, եւ այդ պատճառո՞վ է նման իրավիճակ ստեղծվել:
-Այո՛, ցավոք, կա այդ երեւույթը: Մուտքը դեպի հեռուստատեսություն բավականին հեշտացել է: Օրինակ` արտերկրներում այդքան դյուրին չէ դեպի հեռուստատեսություն տանող ճանապարհը: Բավականին դժվար է հայտնվել հեռուստաէկրաններին: Մեզ մոտ այդքան էլ այդպես չէ: Բայց ամեն ինչն էլ կարելի է շտկել: Այսօր, փառք Աստծո, կան մասնագետներ, ովքեր պատրաստակամ են, եւ կարելի է սովորել իրենցից: Բազմաթիվ են միջոցները: Կարելի է ինչպես սեփական կրթությամբ եւ սեփական անձի վրա աշխատելով հասնել հաջողությունների, այնպես էլ կարելի է հաճախել հաղորդավարական դասընթացների, սովորել պրոֆեսիոնալներից:
Բացի այս ամենից, պետք է նկատի ունենալ եւս մեկ շատ կարեւոր հանգամանք. հանրային աձնավորությունը պարզապես պարտավոր է լինել ոճի եւ «ֆորմայի» մեջ: Պետք է աշխատել թե՛ արտաքինի վրա, թե՛ գրագիտության: Մշտապես պետք է ինքնակրթվել: Այն չպետք է ընդհատվի. ինքնակրթությունն ամենաուժեղ զենքն է: Մեր եթերում էլ կան այնպիսի հաղորդավարներ, ովքեր շատ են աշխատում իրենց վրա: Օրինակ` Նազենի Հովհաննիսյանը, Գայանե Ասլամազյանը: Նրանք բավականին հաճելի արտաքին ունեն եւ տարիների ընթացքում էլ բավականին շատ են աշխատում իրենց վրա:
-Ոչ վաղ անցյալում վարում էիք «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ընտանեկան ալբոմ» հաղորդումը: Չկա՞ն նոր հաղորդումների առաջարկներ: Հնարավո՞ր է՝ հեռուստադիտողը կրկին Ձեզ եթերում տեսնի:
-«Ընտանեկան ալբոմ» հեռուստահաղորդման պայմանագիրն ավարտվեց: Նոր առաջարկներ էլ բազմիցս եմ ունեցել եւ ներկայում էլ ունեմ: Առաջարկները ե՛ւ Հայաստանից են, ե՛ւ արտերկրից: Սակայն զբաղվածությունս բավականին շատ է, եւ չեմ կարողանում ընդունել այդ առաջարկները: Պետք է ասեմ, որ այդ զբաղվածությունը մեծամասամբ պայմանավորված է երեխայովս: Աշխատանքային խառնաշփոթում չափազանց հաճելի անակնկալ էր իմանալ, որ շուտով մայրանալու եմ: Հիմա ես գերադասում եմ ավելի շատ նվիրվել ընտանիքիս:
Տեղեկացնեմ նաեւ, որ իմ առօրյան, բացի ամսագրային աշխատանքներից, հագեցած է ողջ «Էլ հոլդինգ»-ի աշխատանքներով:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՏՈՆԵՑ 60-ԱՄՅԱԿԸ
Հոկտեմբերի 7-ին գրող, թատերագետ Լեւոն Մութաֆյանը տոնեց իր ծննդյան 60-ամյակը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում թատերագետն ասաց, որ դեռեւս գիշերվանից է ստացել բազմաթիվ շնորհավորանքներ հարազատներից, բարեկամներից, ընկերներից ու, առհասարակ, բազմաթիվ ծանոթ-անծանոթներից: «Չափազանց հաճելի է, երբ ծննդյանդ օրն արժանանում ես նման ուշադրության. առավոտից հարազատներիս հետ եմ նշել տարեդարձս, իսկ երեկոյան էլ պատրաստվում եմ ընկերներիս հետ տոնել»,-ասաց Լեւոն Մութաֆյանը: Վերջինս նշեց նաեւ, որ Վրաստանի Ազգային ժողովի ֆրակցիաներից էլ է շնորհավանք ստացել:

 

ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներն այս ամիսն սկսել են հարսանիքներով: Հաղորդավարներ Վահե Խանամիրյանի եւ Լիլիթ Մուրադյանի ամուսնությանը հաջորդեց Առաջին ալիքի լրատվականի մեկնաբան Զարուհի Ռշտունու ամուսնությունը: Զարուհու ընտրյալը մասնագիտությամբ ատամնաբույժ Հրանտ Գրիգորյանն է: Սիրահարները պսակադրվել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում` հաղորդավար, մեկնաբան Գեւորգ Ալթունյանի քավորությամբ: Հարսանեկան արարողությունը հայկական ավանդույթներով համեմված է եղել, բայց հնչել է նաեւ հունական երաժշտություն. փեսան կիսով չափ հույն է: Զարուհին Հրանտին առաջին անգամ հանդիպել է վերջինիս ատամնաբուժական կլինիկայի բացմանը:

 

ԸՆԿԵՐՈՒՀԻ ՈՒՆԻ
Երգչուհի Վալերիայի որդին՝ Արսենի Շուլգինը, սիրահետում է մի աշակերտուհու: Հայտնի աստղի կրտսեր որդուն տեսել են երիտասարդ աղջկա հետ, եւ միանգամից լուրեր են տարածվել, որ Արսենին սիրավեպ է սկսել մի աղջկա հետ, ով նույնպես բավականին հարուստ ընտանիքից է: Օրերս Մոսկվայում կայացել էր «Օպերայի ուրվականը» մյուզիքլի պրեմիերան: Կարմիր գորգով անցել են մի շարք հայտնի աստղեր, սակայն բոլորի ուշադրությունը գրավել է 15-ամյա Արսենին, ով եկել էր իրեն հասակակից մի աղջնակի՝ Ելիզավետայի հետ:
Նշենք, որ նախկինում մամուլում լուրեր էին պտտվում, որ Արսենին, իբրեւ թե, սիրային հարաբերություններ է սկսել Դմիտրի Մալիկովի դստեր՝ Ստեֆանիայի հետ, քանի որ նրանք մի քանի համատեղ լուսանկար էին տեղադրել համացանցում: Բայց կարծես թե նրանց միջեւ զուտ ընկերական հարաբերություններ են եղել:

 

 




Լրահոս