Բնապահպանության նախարարն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախարար Արամայիս Գրիգորյանն Արագածոտնի մարզպետարանում մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ ԲՆ աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների և ազդակիր համայնքների ղեկավարների հետ աշխատանքային քննարկում է ունեցել մարզի բնապահպանական խնդիրների, ինչպես նաև հանքարդյունաբերություն իրականացնող ընկերությունների գործունեության վերաբերյալ: Մասնավորապես՝ քննարկվել է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի Թուխմանուկի ոսկու հանքավայրի, առկա և առաջիկայում շահագործվելիք պոչամբարների, ինչպես նաև ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը: Մելիքգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանը նշել է, որ ընկերությունը պատշաճ կերպով չի կատարել համայնքի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, ունի չվճարված աշխատավարձերի պարտքեր:

Տեղում ծանոթանալով իրավիճակին` նախարար Արամայիս Գրիգորյանը «Մեգո Գոլդ» ՍՊԸ ներկայացուցչի հետ զրույցում ընդգծել է. «Մենք ողջունում ենք մեր երկրում կատարվող ներդրումները և աշխատատեղերի ավելացման հեռանկարները, մենք կողմնակից ենք պատասխանատու և շրջակա միջավայրի վրա հնարավորինս նվազ ազդեցություն ունեցող հանքարդյունաբերությանը և հետևողական ենք լինելու, որպեսզի ընկերությունը պատշաճ կերպով կատարի իր կողմից ստանձնած բնապահպանական և սոցիալական բոլոր պարտավորությունները»:

Քննարկվել է հանքավայրի և պոչամբարի հարակից տարածքով հոսող գետի էկոլոգիական վիճակի հարցը, ինչի հետ կապված նախարարը հանձնարարել է իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ և կատարել ջրի հետազոտություն:

Անդրադարձ է եղել նաև մարզի օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների հարցերին: Նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ նախարարությունը հետևողական է լինելու ընդեքօգտագործող ընկերությունների՝ օրենքով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարման հարցում:




Լրահոս