Որքանով է քաղաքապետարանը նպատակային օգտագործում բյուջեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը քաղաքապետարանի բյուջեում անհիմն ծախսեր չի տեսնում: Այս մասին նա նշեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Բոլոր ծախսերը հիմնավորված և պլանավորված են, որովհետև բոլոր ծախսերը կառուցվում են օրենքի ուժով, քաղաքապետին վերապահված լիազորություններն իրականացնելու համար, ի՞նչ է օրենքն անհիմն լիազորություններ է տվել քաղաքապետին: Ուրեմն այդ լիազորությունների ռեալիզացիայի իրականացման համար ֆինանսական ռեսուրսներ են պետք, ֆինանսավորում: Մեր բյուջեյում այդպիսի տող չկա, որը չհամընկնի քաղաքապետի լիազորությունների հետ: Քաղաքային իշխանության, համայնքի ղեկավարի պարտականություններն այդ լիազորությունների իրականացումն է»,- ընդգծեց նա:

Այն հարցին, թե հիմնավո՞ր է համարում այն կարծիքը, ըստ որի Երևանում բազմաթիվ աղքատ մարդիկ կան, բայց Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տոնի հետ կապված մեծ գումարներ է ծախսում, Կ. Արեյանը պատասխանեց.

«Երևանի տոնը մտնում է քաղաքային կյանքի կազմակերպման ծրագրի մեջ, մշակութային միջոցառում որպես այդպիսին ընդգրկված է մեր տարեկան ծրագրերի մեջ, և մենք պարտավոր ենք այդ տոնն անելու:

Ոչ ոք չի թերագնահատում սոցիալական ոլորտը, նրա կարևորությունը: Այս տարի 130 միլիոն դրամ է եղել համայնքային բյուջեի ծախսը տոնակատարության համար, մնացածը եղել է առանձին անհատների ձեռնարկած օգնությունների, բարեգործությունների, ներդրումների հաշվին: Մեզ պետք էր բարձր մակարդակի տոնակատարություն, ճաշակով տոնակատարություն, որից օգտվում էր երևանցին»:




Լրահոս