ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԴՐԴՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Իր ոտնահարված իրավունքների վերականգնման ակնկալիքով «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել քաղաքացի Հրաչյա Գեւորգյանը, ով պնդում է, որ ինքը իրավապահ համակարգի ներկայացուցիչների ապօրինի գործողությունների զոհն է:

Հարգելի՛ խմբագրություն, ես՝ Հրաչյա Գեւորգյանս, 2011թ. հոկտեմբերի 18-ից մինչ օրս գտնվում եմ անազատության մեջ, անհիմն կերպով, առանց որեւիցե հանցանք կատարելու, անորոշ վիճակում: Արդեն 3 տարի է, որ ես գտնվում եմ դատական քաշքշուկների մեջ, ներկայումս առողջական վատ վիճակով դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում եմ: Այս ամենի, նաեւ իմ առողջության քայքայման մեղավորը Մաշտոցի Ն. Գ. բաժանմունքի քրեականի հետախուզության բաժնի նախկին պետ Արթուր Գեւորգյանն է եւ նրա գլխավորությամբ մի խումբ օպերներ, որոնց խոշտանգումների, ծեծի ու ջարդի պատճառով եմ այս օրը ընկել:
Նախ նշեմ, որ այս երկարուձիգ տարիների ընթացքում առանց որեւիցե պատճառաբանության եւ անհասկանալի ձեւով մեկը մյուսի հետեւից արդեն երրորդ դատախազն է փոխվում ու երկրորդ դատավորը: Իսկ ես ոչ մի անգամ չեմ տեսել սուտ տուժող Նաիրա Հարությունյանի դեմքն անգամ, նրա հայրը եւ որդին, որոնք նույնպես գործով տուժող են հանդիսանում, երկրից փախել են… Ոչ մեկին չեն կարողանում գտնել ու բերման ենթարկել: Իսկ մարմնավաճառ Նաիրա Հարությունյանին էլ, որը Հայաստանում է գտնվում եւ մարմնավաճառությամբ է զբաղվում, իբր թե չեն գտնում եւ չեն կարողանում բերման ենթարկել, բայց իրականում երեք դատախազին էլ, որոնք մեկը մյուսի հետեւից փոխվում են անհասկանալի պատճառներով, ձեռք չի տալիս այդ մարմնավաճառի ներկայությունը դատարանում:
Դատական նիստի ժամանակ անձամբ ես դատախազին ներկայացրի Նաիրա կոչվածի տվյալները եւ հեռախոսահամարները եւ այն սայթերը՝ «odnoklassnik» եւ «mail.ru», որտեղ Նաիրան իր նկարներն է տեղադրել ու հեռախոսահամարները եւ զբաղվում է մարմնավաճառությամբ: Ես տրամադրեցի դատախազին, որպեսզի բերման ենթարկեն, բայց դատախազը ո՛չ ցանկացավ լսել եւ ո՛չ էլ ցանկացավ վերցնել տվյալները:
Նույն ձեւի 3 տարի է, որ ոչ մի ձեւով չեն ցանկանում գոնե մի անգամ բերման ենթարկել նախկին քրեականի բաժանմունքի պետ Արթուր Գեւորգյանին, որը իմ գործով նույնպես տուժող է հանդիսանում, բայց ոչ մի անգամ չի ներկայացել դատարան, բացի այդ՝ ինձ խոշտանգողներից ամենագլխավորն է, ձեռքս երկու տեղից նույնպես նա է կոտրել Ն. Գ. բաժանմունքում: Բացի դա՝ այդ նույն քրեականի պետը 2013թ. մայիս ամսից մինչեւ օգոստոս ամսի 10-ը ինձ հետ եղել է հեռախոսակապի մեջ, որը ինձ ամեն անգամ զանգահարում եւ խնդրում ու համոզում էր, որ բողոքներս ետ վերցնեմ եւ գործը վիզ վերցնեմ, իսկ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի ինձ դատարանից թողնեն, ես նրան պատասխանում էի, որ ոնց այս գործերը ծեծ ու ջարդով եւ խոշտանգումներով սարքել եք գլխիս, վրայիցս կհանեք, այն ժամանակ բողոքներս հետ կվերցնեմ: 4 օր անց նա նորից զանգահարում է ինձ եւ ասում.«Խնդրում եմ մի հատ պետի անունով դիմում գրի՝ իբր ես քո հորեղբայրն եմ, մտնեմ տեսակցության, լավ բան եմ ասելու, ու ամեն ինչ լավ է լինելու հա՛մ քո համար, հա՛մ իմ»: Ինձ տանում են կես ժամ հետո տեսակցության առանձին սենյակ, մտնում եմ ներս ու տեսնում քրեականի պետը նստած է: Սկզբից ինձ համոզում ու խնդրում էր, որ բոլոր բողոքներս ետ վերցնեմ եւ գործը վիզ առնեմ, սակայն տեսնելով, որ չեմ համաձայնում, սկսեց ինձ սպառնալ: Մինչդեռ հատուկ քննչական ծառայությունում նա բացատրություն է տվել, որ իբր ես եմ իրեն կանչել տեսակցության եւ իրենից գումար խնդրել ու ասել՝ կրվել եմ: Հարգելի՛ խմբագրություն, ինչքանով է արժանահավատ նախկին քրեականի պետ Ա. Գեւորգյանի հորինած հեքիաթը, նա ո՛չ իմ եղբայրն է, ո՛չ էլ իմ հարազատը…Երեւի նա մոռացել է, որ իմ գործով տուժող է հանդիսանում, որ հանրապետական հիվանդանոցում նրան ոտքով հարվածել եմ, թքել եմ երեսին եւ հայհոյել, մոռացել է նաեւ, որ իր գլխավորությամբ են ինձ խոշտանգել ու ձեռքս երկու տեղից կոտրել, որի համար էլ նրան Մաշտոցի Ն. Գ. համակարգից հեռացրել են:
Ներկայացնեմ նաեւ Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Վահե Ասատրյանի կեղծիքներով իմ գլխին գործ սարքելը, քննիչը մեղադրական եզրակացության մեջ նշել է, որ դատաբժշկի եզրակացության մեջ արձանագրվել է, որ ես Նաիրա Հարությունյանին եւ իր որդուն ծեծուջարդով եմ առեւանգել եւ նա ունի մարմնական վնասվածքներ: Բայց այդ նույն քննիչը 2012թ. մարտի 13-ի որոշման մեջ նշել է, որ այդ կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից սակայն Նաիրա Հարությունյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ մարմնական վնասվածքներ չունի:
Մայրիկիս հետ առերես քննության ժամանակ Ն. Հարությունյանը ցուցմունք է տվել, որ մայրիկս գումարներ է վերցրել իբր իմ խնդրանքով եւ իմ համար ու որն էլ ոմն Գարիկով կամ Գեւորգով ուղարկել է ինձ Արթիկ ք. կ. գաղութ: Բայց իրականում քննիչը չի ցանկացել հարցաքննել մյուս տուժողներին, որպեսզի չբացահայտվեն տասնյակից ավելի տուժողները, որոնք նույնպես Նաիրա Հարությունյանի խարդախության զոհերն են: Եվ այդպես կեղծիքներով սարքել է, որ իբր թե հանցակազմը բացահայտված չէ: Ներկայումս էլ այդ նույն կեղծիքները ու ստերը կրկնում է դատախազը, մեկը մյուսին պահելով ու կեղծելով՝ գործը տանում են առաջ…
Հարգելի՛ խմբագրություն, Ձեզ եմ ուղարկում քննիչի որոշումները, ուղարկում եմ դատախազության կողմից կանչված միակ վկայի` Մերի Իսրայելյանի ցուցմունքները, որպեսզի տեսնեք՝ ես հանցանք չեմ կատարել, այլ իմ գլխին սարքել են: Ուղարկում եմ նաեւ այդ Նաիրայի գրած նամակագրությունները, որը հանել են Նաիրայի հեռախոսի բլոկնոտի միջից: Նամակագրությունները կարդալով՝ Դուք կհասկանաք՝ ոնց է ուզում ինձ խաբելով նամակագրությունները ջնջել տալ, ամեն կերպ ինձ խաբելով եւ վախեցնելով, որպեսզի ապացույցներ չմնան: Ուղարկում եմ նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը, որ իմ գործն արդեն 3-4 ամիս է, վերցրել են իրենց վարույթում, բայց դեռ պատասխան չկա:
Փաստորեն ես օրգանի ոտնձգությունների դեմ անպաշտպան եմ, քրեականի պետը, քննիչը, դատախազը ով ոնց ցանկանում է, այդպես էլ անում է: Հարգելի՛ խմբագրություն, նորից ու նորից խնդրում եմ Ձեզ, որպեսզի օգնեք ինձ եւ բարձրացնեք իմ այս գործը Ձեր էջերում: Միտումնավոր ինձ դրդում են ինքնասպանության…
Կանխավ շնորհակալ եմ Ձեզանից:

Հ. Գեւորգյան

 
ԿՆՈՋԸ ՍՊԱՆԵԼ Է

Նախօրեին Մալաթիա-Սեբաստիա համայնքում ամուսնու դանակի հարվածներից մահացած 62-ամյա Մելանյա Պողոսյանի դուստրը՝ Լուսինե Մնացականյանը, այսօր՝ կեսօրին է իմացել դեպքի մասին:
Armlur.am-ի հետ զրույցում սպանվածի հարեւանուհին՝ տիկին Օֆելյան, պատմեց, որ երեկ Լուսինեն գնացել է հարեւանի տուն՝ հետաքրքրվելու, թե որտեղ է մայրը. «Առավոտ էր ինձ զանգել, ասում է՝ մամայից նորություն ունե՞ք, զանգում եմ, չի պատասխանում: Նոր բարձրացա տուն, ուզում էի ասել, էն էլ՝ տղան՝ Էդիկը, խնդրեց ոչ մի բան չասել, կամ գոնե ասել, թե խանութ է գնացել: Մի երկու ժամ հետո տեսնեմ գոռալով, բղավելով եկավ: Մորը մահացած վիճակում տեսավ, ասեց՝ ինչի՞ է գլուխը կարած, դե ես էլ ասեցի, թե ճնշումը բարձրացել է, ընկել է գետնին ու վնասել է գլուխը: Իսկ հետո արդեն իմացավ՝ ինչը ոնց էղավ»: Հարեւանուհու խոսքերով՝ աղջիկն իրեն այնքան է կորցրել, որ նույնիսկ մոռացել է հիվանդ աղջկան, որին փայծաղի հետ կապված խնդիրների համար պետք է Գերմանիա տանեին:
Մելանյայի հարեւանուհին ասաց, որ ամուսինը նախկինում կնոջ նկատմամբ բռնություն չի կիրառել, պարզապես ընտանիքում պարբերաբար վիճաբանություններ են եղել, թե ինչու իրենց որդին չի ամուսնանում:
Թե ինչու պետք է 62-ամյա Ազատ Մնացականյանը խանդեր հասակակից կնոջը, հարեւանները չեն կարողանում բացատրել, քանի որ կինը բավականին համեստ եւ ընտանիքին նվիրված էր: Ավելին՝ հարեւանուհին հայտնեց, որ ավելի քան 30 տարի ապրել են կողք կողքի եւ աղմուկ չեն լսել:
Հարեւանների խոսքով՝ ամուսինները թոշակի են անցել, նրանց կարիքները որդին է հոգացել, ով ՀԷՑ-ում է աշխատում:
Ի դեպ, Էդիկ Մնացականյանը հարեւաններին պատմել է, որ իրեն հայրն է զանգահարել է ու ասել՝ շտապ տուն գա: Հասնելով տուն՝ որդին մորը գետնին ընկած է հայտնաբերել, իսկ հայրը տանը չի եղել: Ավելի ուշ պարզվել է, որ Ազատ Մնացականյանը Արարատյան թաղամասում է եղել՝ եղբոր տանը, որտեղից էլ նրան բերման են ենթարկել:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ամուսիններ Մ. Պողոսյանի եւ Ա. Մնացականյանի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ վերջինս ծալովի դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Մելանյա Պողոսյանի մարմնի տարբեր մասերին` զրկելով նրան կյանքից: Առերեւույթ հանցագործություն կատարելու կասկածանքով հոկտեմբերի 27-ին Ազատ Մնացականյանը ձերբակալվել է:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
«Սարգիս Կարոլինա» ընկերությունը, որը, ինչպես հայտնի է, պատկանում է Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս Սարգիս Թարվերդյանին, հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Էդուարդ Շատվորյանն ապրանքը հայտարարագրելիս սխալ է թույլ տվել, մասնավորապես չի գրել, թե որքան ապրանք է հայտարարագրել: Արդյունքում՝ ընկերության լիազոր ներկայացուցիչը տուգանվել է 50 հազար դրամի չափով:

 

ՄԻՋԱԴԵՊԸ ՉԵՆ ՔՆՆԵԼ
2014թ. հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ծեծի ենթարկվեցին Վիրահայոց թեմի իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանը, տնտեսվար Ռոբերտ Իսախանյանը: Այդ միջադեպի քննությունն ընթացք չի ունեցել: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի ծառայության ղեկավար Սուսաննա Խաչատրյանը: «Դա ինձ հասած տեղեկություններն են, ընթացք չի տրվել, շարունակություն այն չի ունեցել, որեւէ բան չի արվել, ամեն ինչ անցավ-գնաց»:
Նշենք, որ վեճը սկսվել էր նրանից, որ մի վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել էր իր ավտոմեքենան եւ չէր կարողացել այն դուրս բերել: Հայկական եկեղեցու հոգեւորականները կնոջն առաջարկել են իրենց օգնությունը, սակայն նա մերժել էր եւ զանգահարել իր մտերիմներին, որոնք էլ եկել եւ ծեծկռտուք էին հրահրել: Վիրահայոց թեմի տարածած հայտարարության համաձայն՝ միջադեպը ծրագրված է եղել:

 




Լրահոս