ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԱՂԲԱՀԱՎԱՔ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԴԱՐՁԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ «Սանիտեք» ընկերության նախկին աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում: Բանն այն է, որ ընկերության գործունեության արդյունքում մի քանի տասնյակ աշխատակից գործազուրկ է դարձել: Նրանց  պնդմամբ «Սանիտեք» ընկերության տնօրինության առաջարկած պայմանների համաձայն՝ իրենք պետք է կատարեն երկու մարդու աշխատանք՝ ե՛ւ բանվորի, ե՛ւ մաքրուհու: Սակայն այս առաջարկին աշխատակիցները դեմ են արտահայտվել: Արդյունքում՝ դեկտեմբերի վերջին աշխատակիցներն անակնկալ տեղեկացել են, որ ազատված են աշխատանքից: Ավելին՝ դեկտեմբերի համար կատարած աշխատանքի դիմաց նրանք սպասվածից ավելի քիչ են վարձատրվել:

Այժմ գործազուրկ դարձած մի քանի տասնյակ աշխատակիցներ պահանջում են, որ իրենց նախկին պայմաններով հետ ընդունեն աշխատանքի եւ վերադարձնեն իրենց աշխատավարձի մի մասը:

Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 1-ից Կենտրոն վարչական շրջանում մեկնարկել է միջազգային չափանիշներով աղբահանության իրականացումը: Գործընթացը կանոնակարգվում է քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերության կողմից: Կենտրոն վարչական շրջան են ներկրվել ամբողջությամբ նոր, բավարար քանակությամբ եվրոպական մեքենասարքավորումներ ու գերմանական աղբամաններ՝ աղբահանությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

«Սանիտեք» ՍՊԸ-ի աշխատակից Ռուզան Ասոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն արդեն մի քանի տարի է, ինչ գումար է վաստակում՝ երեւանյան փողոցները մաքրելով: Ապրում է վարձու բնակարանում, միայնակ մայր է եւ ունի ուսանող որդի: Սակայն 33-ամյա Ռուզաննան այսօր հայտնվել է անելանելի դրության մեջ, քանի որ կորցրել է աշխատանքը: Նրա խոսքով՝ ընկերության աշխատակիցները նախկինում մեկ քմ-ի դիմաց վարձատրվել են 18 դրամով, սակայն դեկտեմբերի 1-ից, երբ «Սանիտեք» ընկերությունն է սկսել իրականացնել մայրաքաղաքի աղբահանությունը, աշխատակիցների հետ բանավոր պայմանավորվածության ժամանակ խոստացել է մեկ քմ-ի դիմաց 20 դրամ վճարել: «Մեզ դեռեւս դեկտեմբերի 1-ին ընկերությունից տեղեկացրին, որ մենք ե՛ւ մաքրությունը պետք է անենք, ե՛ւ բանվորական աշխատանքները, որի համար մեզ պետք է բարձր վարձատրեն: Համաձայնեցինք: Սակայն դեկտեմբերի վերջին, երբ եկավ աշխատավարձ բաժանելու օրը, պարզվեց, որ բոլորս էլ խաբված ենք: Ծրարներով բաժանվեց աշխատավարձը, բոլորինս էլ պակաս: Մինչդեռ մենք ե՛ւ բանվորական աշխատանքն էինք կատարել, ե՛ւ մաքրություն էինք արել»,- պատմեց ընկերության նախկին աշխատակից Ռուզան Ասոյանը:

Նրա խոսքով՝ «Սանիտեք»-ի տնօրինությունն իրենց առաջարկել է մեկ այլ աշխատանք՝ մաքրություն շենքերի բակային տարածքներում, որի համար իրենք կստանան 80 հազար դրամ գումար:

«Իբր մեզ էլ լավություն է ուզում անի եւ առաջարկում է բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում մաքրություն անել: Օրը ութ ժամ պետք է աշխատենք, բայց 80 հազար դրամ ստանանք: Մենք համաձայն չենք այս տարբերակին, որովհետեւ մեր աշխատակիցների մեծ մասը վարձու բնակարաններում է ապրում, բանկերում ունեն վարկային պարտավորություններ, իսկ 80 հազար դրամով ո՞ր հարցը կարող ենք լուծել: Չհաշված այս թանկացումները: Ես ինքս ուսանող եմ պահում, դե, ինձ ասեք, տեսնեմ, ես ինչպե՞ս կարող եմ 80 հազար դրամով ե՛ւ բնակարանի վարձ տալ, ե՛ւ կոմունալ վարձավճարները տալ, ե՛ւ ուսանող պահել, ե՛ւ մի կտոր հաց գնել»,- վրդովված նկատեց մեր զրուցակիցը:

Կշարունակեն արդյոք նախկին աշխատակիցներն իրենց բողոքի ակցիաները, թե՞ ոչ: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ ընկերության մեկ այլ աշխատակիցը՝ Կարինեն,  պատասխանեց. «Մի քանի անգամ բողոքի ակցիա ենք արել, բայց ոչ մի արդյունք չկա: Արդեն մենք էլ ենք հոգնել: Ոչ մի պատկան մարմին ուշադրություն չդարձրեց այս խնդրին: Չէ որ մի քանի տասնյակ մարդ գործազուրկ դարձավ: Հիմա արդեն չգիտենք՝ շարունակենք բողոքի ակցիաները, թե ոչ»:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ Երեւանի քաղաքապետարան, որտեղից պատասխանեցին հետեւյալը. ««Սանիտեք»-ը մասնավոր ընկերություն է, որը մրցույթում հաղթել է եւ համապատասխան աշխատանքներ է իրականացնում: Իսկ ընկերության ներքին աշխատանքային կանոնադրության, քաղաքականության վերաբերյալ հարցերին կարող են միայն իրենք պատասխանել: Երեւանի քաղաքապետարանն առնչություն չունի»:

Այնուամենայնիվ, գործազուրկ դարձած աշխատակիցների եւ ընկերության միջեւ ծագած կոնֆլիկտը ինչպե՞ս կհարթվի, նոր առաջարկներ կլինե՞ն, թե՞ ոչ: «Ժողովուրդ»-ը գրավոր հարցում ուղարկեց «Սանիտեք» ընկերություն, որտեղից, սակայն, հրաժարվեցին մեկնաբանել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ վերջերս ընկերության տնօրեն Մադլեն Էլ Բոլբոլը լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե «Սանիտեք» ընկերությունում կաշխատեն նրանք, ովքեր պատրաստ են իրենց առաջարկած պայմաններով աշխատել` մոռանալով նախկին ընկերության պայմանները: Մինչդեռ գործազուրկ դարձած աղբահավաքները պնդում են, որ իրենք չեն կարող ընկերության առաջարկած պայմաններով աշխատել: «Ինչպես կարող է կինը միաժամանակ ե՛ւ ավել անել, ե՛ւ աղբով լի պարկը տեղաշարժել: Չէ որ աշնանը անձրեւ է տեղում, տերեւաթափ է, իսկ ձմռանը ձյուն է, մայթերը սառած»,- վրդովված նկատեցին աշխատակիցները:

Իսկ, ահա, այդ հանդիպմանը ներկա քաղաքապետարանի ներկայացուցիչ Հովհաննես Ահարոնյանը հայտարարել է. «Պայմանագրի մեջ հստակ նշված է, որ այն տարածքները, որոնք նշված են պայմանագրով` քառակուսի մետրերը,  ենթակա են վերանայման: Այսինքն՝ անհրաժեշտություն կա կրկին անգամ չափագրումներ անել: Ի սկզբանե պայմանավորվածություն ենք ունեցել աշխատակիցների եւ ընկերության տնօրինության միջեւ, որպեսզի չափագրվեն տարածքները, եւ լրացուցիչ վճարի անհրաժեշտության դեպքում տրված գումարն ավելացվի: Նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերին տրված աշխատավարձերը վերանայելու հարցում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԲԺՇԿԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՎԱՐԱԿՈՒՄ ԵՆ

Նախատոնական օրերին Քաջարանի բժշկական կենտրոնում անհանգիստ մթնոլորտ էր: Գլխավոր բժշկի պաշտոնակատար Վիրաբ Մանասյանը դիմել էր  Սյունիքի մարզպետարան, քանի որ հայտնաբերվել էր ներհիվանդանոցային ինֆեկցիա` հեպատիտ C: Բժիշկ Մանասյանը առողջապահության բաժնի պետին խնդրել էր օգնել՝ շտկելու ստեղծված իրավիճակը:

«Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 4 հիվանդ դիմել են Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք եւ ստացել բուժում: Այստեղ մասնագետներն անմիջապես են կողմնորոշվել. ախտորոշվել է հեպատիտ C»,-ներկայացրեց մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական բաժնի ապահովության առողջապահության բաժնի պետ Նունե Գեւորգյանը:

Ապա տեղի մասնագետներն ու հիվանդները դիմել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց՝ համոզվելու, որ ախտորոշումը ճիշտ է: Հեպատիտ C-ն այստեղ եւս հաստատվել է:

Հիվանդանոցների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի մասնագետների խումբն անմիջապես ուղեւորվել է Քաջարանի ԲԿ: «40 հոգուց արյան նմուշ է վերցվել: Ընդ որում՝ 22-ը բուժանձնակազմից, իսկ 18-ը  նախկին հիվանդներից: 3 հոգու արյան նմուշների պատասխանները դրական էին. հեպատիտ C հաստատվեց:  Նրանք այն մարդիկ էին, ովքեր նախկինում վիրահատվել են Քաջարանի ԲԿ -ում»,- նշեց մարզպետարանի պատասխանատուն:

Տեղեկացանք, որ մինչ օրս արված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է հեպատիտ C-ով 5 հիվանդ, իսկ վարակվածություն ունեն 2-ը: «Հեպատիտ C-ով վարակված անձը լուրջ բուժման կարիք ունի: Այս դեպքում հիվանդները համապատասխան բուժում են ստանում պետպատվերի շրջանակներում: Ինչ վերաբերվում է վիրուսակիրներին, նրանք պետք է պարբերաբար  հետազոտվեն: Այս պահին Քաջարանի ԲԿ-ի վիրահատարանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:  Բայց հետազոտությունները սրանով չեն ավարտվում: Մարզպետը գրությամբ դիմել է առողջապահության նախարարության առողջապահական տեսչության պետին, քանի որ սա արդեն լուրջ մասնագիտական հետազոտություն եւ վերլուծություն է պահանջում, որպեսզի  եզրակացությունը նրանք կայացնեն, եւ մեղավորները պատժվեն»,- տեղեկացրեց Ն. Գեւորգյանը:

Մենք հետաքրքրվեցինք, թե այս որոշիչ պահին Քաջարանի ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վարդան Ավագյանն ինչու է բացակայում աշխատավայրից: Այն դեպքում, երբ  վիրուսակիրներից մեկը մայիսին էր վիրահատվել:

«Ինքը մինչեւ դեկտեմբերի 8-ը արձակուրդում էր առանց վարձատրության՝ իր հաշվին: Հետո ասացին, որ ինքը բուժման մեջ է, հանրապետությունում չէ»,- պարզաբանեց մարզպետարանի պատասխանատուն:

Թե ինչն է հեպատիտ C-ի տարածման պատճառ դարձել, դեռ վաղ է ասել: Հարցին վերջնական պատասխան կտրվի առողջապահության պետական տեսչության հետազոտություններից հետո:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կապան

 

 

 




Լրահոս