Դեռ հավատում եմ սիրո հեքիաթին. Ավետ Բարսեղյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավար, մի շարք հիթերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանն այն կարծիքին է, որ այսօր հայկական երգարվեստում ֆասթֆուդային արտադրանքը շատացել է, ամեն դեպքում, նրա խոսքով, ինքն անգամ թեթեւ տեքստ գրելիս ինչ-որ «իմաստիկ» դնում է դրա մեջ: Ավետ Բարսեղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ, այնուամենայնիվ, քիչ երգեր ունի, որոնցից ինքը գոհ է:

-Ավե՛տ, այժմ ո՞ր ժանրի երգերն են Ձեր ուշադրության կենտրոնում:

-Գրում եմ տարբեր բնույթի երգերի խոսքեր` ե՛ւ թեթեւ էստրադային ժանրի, ե՛ւ ավելի ծանր բնույթի…Հիմա գերակշռող են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախագծերը: Վերջերս, օրինակ, հեղինակեցի Ինգա եւ Անուշ Արշակյանների «Ապրելու ապրիլ» ստեղծագործության խոսքերը:

-Չե՞ք կարծում, որ այսօրվա երգերում խոսքի արժեքը բավական ընկել է: Ձեր հեղինակած երգերն էլ այլեւս նույնը չեն, ինչ շուրջ տասը տարի առաջ էին:

-Նախկինում ստեղծվող երգերում իմաստային ասելիքն ավելի շատ էր, քան հիմա: Այս առումով առաջին հերթին ինքս ինձ եմ նայում ու տեսնում եմ, որ բավականին թեթեւացրել եմ խոսքս: Հիմա, առհասարակ, ֆասթֆուդային արտադրանքն ավելի շատ է. գուցե պետք էլ չէ պոպուլյար երգարվեստից պահանջել ծանրություն: Համաձայն եմ, որ մի փոքր շատացել են թեթեւ, ժամանցային երգերը: Եվ եթե հաշվի առնենք, որ պոպուլյար երգերը շուտ են մտնում հատկապես փոքրերի աշխարհ, ապա պետք է ավելի ուշադիր լինել տեքստ մատուցելու առումով: Ինքս անգամ թեթեւ տեքստ գրելիս գոնե ինչ-որ «իմաստիկ» դնում եմ դրա մեջ:

Այսօրվա որոշ երգերում երբեմն իրարամերժ բաներ եմ լսում, օրինակ` չեմ հասկանում` տվյալ երգիչն իր երգի աղջկան, հերոսուհուն սիրում է, թե ոչ, պետք է, որ նա մնա, թե գնա…Սակայն սրա կողքին կա նաեւ լավը: Առհասարակ, հիմա ամեն ինչ կա: Նրանք, ովքեր ինտելեկտուալ իմաստ են փնտրում այսօրվա երգերում, կգտնեն դա, ովքեր թեթեւ էներգետիկա են ուզում ստանալ, կստանան:

avet1

-Երգերի տեքստեր գրելով՝ կարողանո՞ւմ եք նորմալ վաստակել, առհասարակ, «թա՞նկ վերցնող» հեղինակ եք:

– (Ծիծաղում է): Իմ վաստակածով կարելի է նորմալ ապրել: Նորմալ վերցնող եմ, չափի մեջ…Դղյակներում չեմ ապրում, թանկանոց բրենդներ չեմ կրում. ապրում եմ միջին չափով ապահովված քաղաքացու պես եւ չեմ դժգոհում:

-Ըստ Ձեզ՝ մեր երգարվեստում կա՞ն ինտելեկտուալ կերպարներ: Եղե՞լ է, որ, ասենք, տվյալ երգչի ինտելեկտի բացակայության պատճառով մերժեք նրա հետ համագործակցելու առաջարկը:

-Ինձ համար տարիներ շարունակ ինտելեկտուալ երգչուհիներ եղել են Էմմա Պետրոսյանը, Շուշան Պետրոսյանը…Որ ասեմ` ասելիքի կրողները շատ են, չէ: Հասմիկ Կարապետյանին եմ սիրում. երբեք չի շեղվում իր տեսակից, Արսեն Սաֆարյանին եմ հավանում. նրա, Անդրեի հետ համագործակցելիս միշտ փորձում ենք այդ ինտելեկտի մասնիկը դնել ստեղծագործության մեջ:

Իսկ մերժումներ, փառք Աստծո, հիմա արդեն կարողանում եմ ինձ թույլ տալ, բայց դա չի նշանակում, թե բռնել եմ միայն ինտելեկտուալ երգի ուղին. ես ունեմ շատ թեթեւ երգեր, նաեւ շատ վատ երգեր, որոնք, թերեւս, երիտասարդ հասակում գրել եմ հիթայնություն ապահովելու նպատակով: Առհասարակ, քիչ երգեր ունեմ, որոնցից ես գոհ եմ, որոնք ինձ հպարտություն են բերում…

avet

-Ավե՛տ, տեսնում ենք, որ համեստորեն եք արտահայտվում ինքներդ Ձեր մասին: Այնինչ, հաճախ խոսվում է Ձեր մեծամտության մասին: Դեռեւս թարմ են հիշողությունները «Վիտամին» ակումբի թողարկումներից մեկում արծարծված «Ես Ավետն եմ Բարսեղյան» արտահայտության վերաբերյալ, որը շատ արագ վերածվեց մեմի…

Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ դա իմ դերերից մեկն է, որը հումորի տեսքով ամրապնդեց Արամ MP3-ն: Առհասարակ, բոլոր մարդիկ, ովքեր ինձ հետ երբեւէ կշփվեն, չեմ կարծում` այն եզրահանգման գան, թե ես մեծամիտ եմ: Եվ եթե նախկինում փորձում էի ապացուցել, որ ես այդպիսին չեմ, ապա հիմա ոչ: Իսկ Ձեր ասած թեւավոր արտահայտությունը, այո, մնացել է. այն ինձ հիշեցնում է իմ դերերից մեկի մասին… (ծիծաղում է):

-«Այսօրվան սպասել եմ շատ, որ գտնեմ իմ հոգու մասնիկը հարազատ»,-ասվում է Ձեր հեղինակած երգերից մեկում: Իսկ երկրպագուները դեռ երկա՞ր են սպասելու, որ Դուք էլ գտնեք Ձեր հարազատ մասնիկը…

-Այն տարիքում եմ, որ այդ թեմայով հրահանգ ստանում եմ, բայց, ճիշտն ասած, չեմ շտապում: Ես չեմ թողնում իմ մտքին, որ մեխանիկորեն քայլ անի` զուտ ամուսնության համար: Ես մարդ եմ, որը դեռ հավատում է սիրո հեքիաթին…

Աննա Բաբաջանյան




Լրահոս