Հրապարակ. Սպասվում են տխուր նախագահական ընտրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավելի ու ավելի են հաստատվում այն կանխատեսումները, որ մեզ սպասվում են անկախ Հայաստանի պատմության մեջ ամենատխուր նախագահական ընտրությունները: Եթե թեկնածուների ցանկը սահմանափակվի Սերժ Սարգսյանով ու մի քանի “էպոսագետներով”, կարելի է վստահաբար եզրակացնել, որ նախ` մեզանում ոչ միայն իսպառ ոչնչացվել է ընտրական համակարգը, այլև հասարակությունն էլ առանց պայքարի “հանձնվել է”: Նման պայմաններում ընտրված նախագահը, անգամ եթե ժողովրդի 99 տոկոսի քվեներն ստանա, հպարտանալու ոչինչ չի ունենալու, այդ վիճակը նրա կողմից հետևողականորեն հյուսված այն սարդոստայնն է, որի մեջ ի վերջո խճճվելու են նաև ինքն ու իր մերձավոր շրջապատը:
Բայց առավել մտահոգիչ է այն, որ ոչ քաղաքական ուժերը, ոչ հասարակությունը պայքարելու, մրցակցելու, իրենց միջից նոր թեկնածուներ, նոր պոտենցիալ ծնելու ձգտում չեն դրսևորում: Ի՞նչ է հարկավոր, թևաթափ, հուսահատ ու հեռացող հասարակությանը ցնցելու համար:
Ի վերջո, մեր ժողովուրդը, որպես կանոն, մեծ ակտիվություն է ցուցաբերել նախագահական ընտրությունների շեմին և չի հաշտվել ընտրակեղծիքների հետ: Ի՞նչ է պատահել հիմա: Թերևս մեղքը ոչ թե հասարակությանն է, այլ նրա էլիտայինն ու քաղաքական ուժերինը, որոնք դադարել են քաղաքական լինելուց և փակվել են իրենց գրասենյակներում: Սրանք պատրաստ են քաղաքական պայքարի մեջ մտնել միայն այն դեպքում, երբ 100 տոկոսանոց համոզվածություն ունեն հաղթանակի հարցում: Սրանք իրենց ծախսած ամեն լուման, վատնած էներգիայի ամեն միավորն ափսոսում են: Ալարում են այցելել մարզեր: Հոգնում են հանրահավաքներից ու հանդիպումներից: Զահլա չունեն հեռուստատեսությամբ ու թերթերով հանդես գալու: Սրանք ամեն ինչ են ուզում, միանգամից և կապույտ երիզով սկուտեղի վրաե:




Լրահոս