Ավետիսյանների սպանությունն այն գործը չէ, որ անուշադրության մատնվի. Աղվան Հովսեփյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն այն գործը չէ, որ անուշադրության մատնվի: Լրագրողների հետ զրույցում խոսելով այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մասին, այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Վերջինիս խոսքով, մշտապես նոր քայլեր են ձեռնարկվում քննության առնչությամբ, բազում փորձաքննություններ են նշանակվում, որոնց եզրակացությունները ստանալուց հետո էլ նշանակվում են համալիր փորձաքննություններ. «Այս գործով նախաքննության ընթացքում ծրագրավորված և մանրամասն աշխատանք է կատարվում` յուրաքանչյուր հանգամանքի բազմակողմանի ստուգման համար: Ամեն ինչ քննության առարկա է դառնում: Բոլոր անհարաժեշտ գործողությունները մենք կատարել ու կատարում ենք, որպեսզի գործի հանգամանքները բացահայտվեն և վստահ եմ, որ գործն ավարտելուց հետո մանրամասն Ձեզ կիրազեկենք»:

Ինչ վերաբերում է ռուսական կողմի հետ համագործակցությանը, ապա Քննչական կոմիտեի նախագահը նշեց, որ հայկական կողմը հնարավորինս ամեն ինչ անում է՝ մեր իրավասությունների սահմաններում ապացույցներ ձեռք բերելու համար, ռուսական կողմը՝ նույնպես:

Ա. Հովսեփյանը հիշեցրեց, որ ռուսական ռազմաբազայի սպայական անձնակազմում պաշտոնանկություններ են եղել, մի շարք սպաների նկատմամբ, որոնք անբարեխիղճ են կատարել իրենց աշխատանքը, հարուցվել են քրեական գործեր:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանվել է մի ողջ ընտանիք: Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով այս պահին գտնվում է ռուս իրավապահների ձեռքում: Նրա նկատմամբ հայկական կողմը քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով, իսկ ռուսականը` սպանության և դասալքության:

Օրերս Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները հրապարակեցին դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները, որոնց համաձայն` դանակի մի քանի հարված ստացած 8 ամսական Սերյոժա Ավետիսյանը մահից առաջ դիմադրել է հանցագործին: Փորձաքննությունների եզրակացությունները ցույց են տվել նաև, որ սպանությունները կատարվել են մի հոգու կողմից:




Լրահոս