Ի՞նչ պետք է ներկայացնի Աղվան Հովսեփյանը Պերմյակովի գործից, եթե «սայլը տեղից չի շարժվում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` օրերս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները շատ լուրջ ու թեժ քննարկում են ունեցել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ինքը պահանջում է Վալերի Պերմյակովի գործի հետ կապված քննարկում կազմակերպել ու խորհրդարան հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, որպեսզի նա պատգամավորներին ներկայացնի գործի քննության մանրամասները:

Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկմանը մասնակցել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Սահակյանից պարզել, թե ինչ է պատրաստվում անել Զ. Փոստանջյանի բարձրացրած հարցի շուրջ:

-Պարո՛ն Սահակյան, Զ. Փոստանջյանը ցանկանում է խորհրդարան հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ հունվարին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի գործի վերաբերյալ քննարկում իրականացնելու համար: Ըստ Փոստանջյանի՝ գործի քննության հետ կապված որեւէ առաջընթաց չկա, եւ անհրաժեշտ է Հովսեփյանից պարզաբանումներ պահանջել այդ հարցի շուրջ: Ինչ փուլում է այդ ամենը:

-Առաջարկվում էր Ձեր նշած հարցը ընդգրկել օրակարգ, բայց քանի որ դրա հետ կապված որեւէ նախագիծ չկար, օրակարգի մեջ չէինք կարող քննարկել, առաջարկեցի քննարկել այլ հարցերի մեջ ու դա անել աշխատանքային կարգով: Իմ աշխատասենյակում հանդիպել ենք ես, Զ. Փոստանջյանը, Գ. Ջհանգիրյանն ու Է. Մարուքյանը ու միասին քննարկել այդ հարցը:

Նշվել է, որ պետք է նույն հարցի հետ կապված կրկին լսումներ կազմակերպել եւ այլն, բայց քանի որ գործը դեռեւս նախաքննության փուլում է, Զ. Փոստանջյանն ու մյուս գործընկերներն առաջարկեցին՝ քննչական կոմիտեին նամակով դիմենք ու փորձենք այդ կերպ հարցին լուծում տալ: Պետք է իրենք նամակ գրեն ինձ, որպեսզի ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, դիմեմ քննչական կոմիտեի ղեկավարին: Սա է եղել մեր ամբողջ խոսակցությունն ու քննարկումը, որը տեղի է ունեցել մեր հանձնաժողովում՝ Զ. Փոստանջյանի առաջարկից հետո:

-Իսկ ի՞նչ փուլում են աշխատանքները, արդյո՞ք Դուք դիմելու եք ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին, որպեսզի նա ներկայանա խորհրդարան՝ «բացատրություններ» տալու համար:

-Ընդհանուր քննարկումից հետո այդպիսի փաստաթուղթ չեմ ստացել: Եթե նայենք, մենք վերջնական որեւէ պայմանավորվածություն այդպես էլ ձեռք չբերեցինք: Իսկ եթե իմ գործընկերները նման բովանդակությամբ նամակ ուղարկեն, ապա մեծ սիրով այն կուղարկեմ քննչական կոմիտե: Կխնդրենք, որ գան, մեր հանձնաժողովի անդամների կամ այլ հետաքրքրված պատգամավորների հարցերին պատասխաններ տան:

-Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք քննչական կոմիտեից` հաշվի առնելով այն, որ գործում որեւէ նկատելի տեղաշարժ չկա, միայն հայտարարվում է, որ նախաքննությունը շարունակվում է:

-Այս լսումների կարիքը կա այնքանով, որ մենք անընդհատ խոսում ենք այդ թեմայի մասին՝ շատ դեպքերում ոչ ինֆորմացված լինելով, կարիքը կա այնքանով, որ առաջին ձեռքից մենք ինֆորմացիա կստանանք: Եթե մենք ավելի հստակ, ստույգ տեղեկատվություն ունենանք հետագա քննարկումների առումով, շատ ավելի լավ կլինի: Եթե ճիշտ ինֆորմացիա չեն ունենում, սկսում են այդ թեման շահարկել:

-Անպատասխան է մնում նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի նամակը ՌԴ գլխավոր դատախազին, արդյո՞ք Ձեր հանձնաժողովը փորձել է պարզել, թե ինչ փուլում է այդ գործընթացը:

-Մենք լսումներ կազմակերպել ենք գլխավոր դատախազի ներկայությամբ, որը ներկայացրեց օրենսդիրներին այն, ինչ կար, նամակի հետ կաված հետո քննարկումներ եղան: Այդ մասին չենք խոսել, որովհետեւ նախաքննության փուլում է գործը: Կարող է թվացյալ լինել, որ գործում ինչ-որ շարժ չկա, որովհետեւ եթե չի հայտարարվում նախաքննության մանրամասների մասին, ապա դա չի նշանակում, թե աշխատանք չի կատարվում:

Կարծում եմ՝ նախաքննական աշխատանքները կատարվում են, ուղղակի սա հասարակական հնչեղություն ունեցող գործ է, անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է, ինչի համար նման տպավորություն եք ստացել:

Հ. Գ. Հունիսի 12-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զ. Փոստանջյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, որ ինքը պետք է նամակով դիմի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին: Ավելին՝ պատգամավորը նշեց, որ այդ նույն նամակով քննչական կոմիտե կարող է դիմել հենց Հովհաննես Սահակյանը, եթե լսումներ կազմակերպելու ցանկություն կա:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս