Արա Աբրահամյանն իր թիմի հետ Հովիկ Աբրահամյանի դե՞մ է դուրս եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վաղը կլինի Հայաստանում: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ Արա Աբրահամյանի՝ Հայաստան գալու նպատակը զարմիկի հարսանիքին մասնակցելն է. «Վաղը կգա, կմասնակցի հարսանիքին, մյուս օրը կմեկնի Փարիզ: Յունեսկոյի բարի կամքի դեսպանն է: Այնտեղ կմասնակցի նիստին, որին կներկայացնի նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության գործունեությունը»:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Արա Աբրահամյանը դեմ է սպասվելիք սահմանադրական փոփոխություններին, և չի բացառվում, որ Հայաստանում կուսակցություն ստեղծի՝ ինչ-որ կուսակցության «բազայի» հենքի վրա, Արամ Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանել՝ ասելով, թե լրատվամիջոցների հղմանը արված սեփական աղբյուրներին, ինքը չի անդրադառնում. «Լրատվամիջոցներն ասում են՝ մեր աղբյուրները հայտնեցին և այլն: Ես դրանց համար ի՞նչ ասեմ: Արա Աբրահամյանի քաղաքական նկատառումները չեմ մեկնաբանում, ես ընդամենը Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահն եմ: Նույն կերպ էլ նա իմ քաղաքական գործունեությունը չի մեկնաբանում: Դրանք տարբեր բաներ են»,- եզրափակեց Ա. Սարգսյանը:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ օրեր առաջ՝ հունիսի 5-ին, Մտավորականների խորհուրդը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, նախագահ Սերժ Սարգսյանից և վարչապետ Հովիկ Աբրահամյանից բացատրություն էին պահանջել` բաց նամակով: Նրանք մասնավորապես հայտարարել էին, թե բարձրաձայնում են հանրությանը հուզող մի շարք հարցեր, այդ թվում՝ կարևորելով երկրի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի իրականացումը և որպես դրա հետևանք` հանրապետությունը արյունազրկող աղետալի արտագաղթի կանխումը:

Հայտարարության մեջ ասվում էր. «Կառավարության հարգելի՛ անդամներ:

Ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, իրական առաջընթացի բացակայությունն օրվա հրամայական է դարձրել Հայաստանի կառավարության ծրագրային մոտեցումների վերաբերյալ հանրությանը հաշվետվություն ներկայացնելու…

…Ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը գազի և էլեկտրաէներգիայի սակագների աճը կանխելու նպատակով: Ո՞վ և ինչպե՞ս պետք է պատասխանատվություն կրի սակագների չհիմնավորված բարձր մակարդակի և գերածախսերի, ինչպես նաև՝ դրանցով պայմանավորված տնտեսական և սոցիալական վնասների համար…»:

Վերը հիշատակված հայտարարությունից և Արա Աբրահամյանի շուրջ ավելի պարբերական դարձած քննարկումներից և շրջանառվող լուրերից տպավորություն է ստեղծվում, թե Արա Աբրահամյանի թիմը՝ իր իսկ գլխավորությամբ, սկսել է Հովիկ Աբրահամյանի դեմ աշխատել:

Իսկ թե որքանով են այս կանխատեսումներն իրատեսական, ցույց կտա ժամանակը:

Տաթև Հարությունյան




Լրահոս