ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆԼՈՒՐՋ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» հրապարակած սույն զեկուցագիրը, որը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը, պատմում է նրա եւ այնժամ ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի` դեռեւս հեռավոր 2006թ. սեպտեմբերի 11-ին կայացած հանդիպման մասին: Տարիներ առաջ տեղի ունեցած այդ զրույցում արծարծված թեմաների շրջանակում առանձնահատուկ տեղ են գրավում Իրանի հետ Հայաստանի հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը բավականին հետաքրքիր մտքեր է արտահայտում վերոհիշյալ հիմնահարցերի առնչությամբ, որոնք այսօր նույնքան արդիական են: Ավելին՝ Սարգսյանի պնդումները հայ-իրանական հարաբերությունների մակերեսայնության եւ ադրբեջանական դիրքերի առավելության մասին միանշանակ պատկերացում են տալիս թե՛ Քոչարյանի օրոք վարված քաղաքականության, թե՛ Սարգսյանի իշխանության գործողությունների տրամաբանության մասին:

Այսպես, դեսպան Էվանսը արտահայտել է հայ-իրանական հարաբերությունների հեռանկարայնության ու լայնամասշտաբ համագործակցության շուրջ իր մտահոգությունները: Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հայ-իրանական հարաբերությունները համարել է անլուրջ եւ մակերեսային: Նրա համոզմամբ՝ Իրանի հետ կատարվող առեւտուրը նվազագույն աստիճանի է հասցված, այն էլ հիմնականում ամփոփվում է Հայաստանի էներգետիկ կենսական պահանջների բավարարման շրջանակում: Սարգսյանը հավելել է, որ առեւտրային մակերեսային համագործակցությունից ու սահմանափակ թվով մարդկանց գործարարությունից բացի, Հայաստան-Իրան հարաբերություններում, ոչինչ չկա: Նրա կարծիքով՝ երկու երկրների կառավարությունները լիովին տարբեր արժեքներ ու հետաքրքրություններ ունեն, ինչը մտերմության համար տեղ չի թողնում: Արձանագրենք, որ Սարգսյանն Իրանի հարցում մեկ անգամ չէ, որ նման արհամարհական կեցվածք է որդեգրել ամերիկյան դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ: Կարեւոր է, սակայն, այն հանգամանքը, որ երրորդ երկրի ճնշման արդյունքում Հայաստանը փաստացիորեն շրջափակվում է 3 կողմից, քանզի Իրանի հետ սահման ունենալ ու չօգտվել դրանից, ոչ այլ ինչ է, քան պարզագույն ինքնաշրջափակում: Ավելին՝ Հայաստանի իշխանությունները նման իրավիճակում անկարող են եղել անգամ ԱՄՆ-ին հակել Հայաստանի շրջափակումը վերացնելու ուղղությամբ նույն Թուրքիայի վրա լուրջ ճնշում բանեցնելուն: Ստացվում է, որ ԱՄՆ-ից ոչինչ չստանալով՝ Հայաստանը «հանուն միջազգային շահերի» ինքնամեկուսացել է: Հիշարժան է, որ հենց այդ ժամանակներում էին Հայաստանի պաշտոնյաները՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, շաղակրատում հայ-իրանական հարաբերությունների մտերմության ու խորքային լինելու մասին, մինչդեռ իրականում դրանք մակերեսայնության աստիճանից վեր չէին էլ բարձրանում: Սարգսյանի կողմից անլուրջ որակված այդ առնչությունները վստահաբար այսօր էլ գտնվում են նույն մակարդակում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Սարգսյանը համաձայնել է, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններից շեղվելը վտանգավոր է: Նա բողոքել է Ադրբեջանից՝ բանակցություններն անլրջացնելու համար: Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացները Սերժ Սարգսյանը համարել է պարզ ժամավաճառություն: Նա պնդել է, որ հակամարտությունը հազիվ թե առաջիկայում լուծում ստանա: Փոխարենը Սարգսյանը կոչ է արել ԱՄՆ-ին մի ուսումնասիրություն կատարել ու տեսնել, թե շփման գծում ադրբեջանական դիրքերը որքան են առաջ եկել՝ ի հաշիվ հայկական կողմի: Հատկանշական է, որ այս փաստը երբեք հրապարակայնորեն չի բարձրաձայնվել: Մինչդեռ այդպիսով գործնականում մերժվում է նաեւ «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսը՝ հաշվի առնելով ադրբեջանական դիրքերի առաջանալը ի հաշիվ հայկական կողմի:
Սերժ Սարգսյանն անկեղծացել է նաեւ բանակցային գործընթացի շուրջ՝ պնդելով, որ Ադրբեջանի ղեկավարությունն իր խոսքի տերը չէ, քանզի մշտապես փոփոխում է իր պահանջները եւ նոր զիջումներ ցանկանում: Նա կանխատեսել է, որ երկուստեք համաձայնության հասնելու պարագայում եւս Ադրբեջանը նոր զիջումներ է պահանջելու: Իրավիճակին վերջ տալու համար Սերժ Սարգսյանը որպես լուծում առաջարկել է Մինսկի խմբի համանախագահների՝ Ադրբեջանի նկատմամբ պահվածքի կոշտացումը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ հանգիստ խոսելը հավասար է ընդհանրապես չխոսելուն, քանի որ Ալիեւը ականջալուր է լինում միայն ամուր եւ ուժային միջամտություններին: Իրականում Սերժ Սարգսյանի նման մեկնաբանություններից հետո հարց է առաջանում՝ ինչո՞վ են զբաղված միջնորդներն ու Հայաստանը վերջին առնվազն 9 տարում: Ստացվում է, որ Ադրբեջանը բանակցություններում պարզապես ծաղրում է թե՛ միջնորդներին, թե՛ Հայաստանին՝ իր անլուրջ կեցվածքով ու զիջումների մասին նորանոր պահանջներով: Վերջապես, Սերժ Սարգսյանի խոսքից երեւում է, որ զիջումներ պահանջող կողմը հենց Ադրբեջանն է: Հաշվի առնելով հանգամանքը, որ բանակցային գործընթացում դրամատիկ փոփոխություններ չեն եղել, կարելի է եզրակացնել, որ իրավիճակն այս հարցում նույն մակարդակի վրա է: Ակնհայտ է, որ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը՝ սպասելով Հայաստանի ծայրաստիճան թուլացմանը, ինչին ՀՀ իշխանությունները ամեն կերպ աջակցում են:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԿԱՐԿՈՒՏԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ
Հունիսի 11-ի կեսգիշերին մոտ ուժգին կարկուտ է տեղացել Լոռու եւ Տավուշի մարզերի մի շարք գյուղերում` մեծ վնասներ պատճառելով տեղի գյուղացիներին: Լոռու մարզի Ճոճկան, Մեծ Այրում, Աքորի, Շնող, Տավուշի մարզի Լճկաձոր, Արճիս գյուղերում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են ոչ միայն գյուղացիների ցանքատարածությունները, պտղատու այգիները, այլեւ մարդկանց տների տանիքները:
ՀՀ Լոռու մարզի Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մարզպետարանի կողմից վնասները հաշվարկելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել: «Ամեն ինչը վնասվել է: Մարդկանց տների տանիքներն էլ են վնասել, մեքենաները, ցանքատարածությունները նույնպես ամբողջովին վնասել են: Այս պահին հստակ թիվ չեմ կարող նշել, թե քանի տոկոսով ենք վնաս կրել, բայց մոտավորապես 300 տան տանիք կոտրվել է: Այս պահին հանձնաժողովի անդամներն ընկած տնետուն հաշվում են վնասների չափը»,- ներկայացրեց Ճոճկանի գյուղապետը:
Տեղացած ուժգին կարկուտից մեծ վնասներ են կրել նաեւ Մեծ Այրումի բնակիչները. այստեղ կարկուտից կոտրվել են ոչ միայն տների տանիքները, այլեւ պտղատու ծառերի ճյուղերը, բնակիչների ավտոմեքենաները: Ինչպես Ճոճկանում, այնպես էլ Մեծ Այրումում մարզպետարանի կողմից ստեղծվել է հանձնաժողով, որի անդամները արձանագրում են վնասները: Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց գյուղն ունի 184 տուն, որից տեղացած ուժգին կարկուտի պատճառով 170-ի տանիքները վնասվել են: «Նման աղետի մենք առաջին անգամ ենք ականատես լինում: Հավի ձվի մեծություն ուներ այդ կարկուտը: Տան պատուհաններն է կոտրել, մարդկանց բանջարանոցներն է փչացրել, ծառերի ճյուղերն է կոտրել»,- նկարագրեց գյուղապետ Նազարյանը:
Իսկ, ահա, Տավուշի մարզի Արճիս գյուղի ցանքատարածությունները 100 տոկոսով են վնասվել: Արճիսի գյուղապետ Սերյան Միկիչյանը «ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց գյուղում 380 տան տանիք է վնասվել: «Մարդիկ հուսահատված են, չգիտեն, թե ինչ անեն, ում դիմեն: Մենք այս տարի հաստատ գյուղմթերք չենք ունենալու: Իսկ թե ինչպես են ապրելու մարդիկ, հայտնի չէ»: Նշենք, որ կարկուտից տուժած բոլոր գյուղերում մարզպետարանի կողմից ստեղծվել են վնասները հաշվարկող հանձնաժողովներ: Իսկ թե որքան մեր Կառավարությունը կփոխհատուցի կարկուտից տուժած բնակիչներին, «Ժողովուրդ»-ը առաջիկայում կտեղեկացնի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ` ԳԼԽԱՎՈՐ ԱՃՊԱՐԱՐ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է կաթնամթերք արտադրող «Դուստր Մարիաննա», «Դուստր Մելանիա» եւ «Միլ կաթ» ընկերություններ` նրանց գործունեությանն ու ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով:

«Մեր հիմնական խնդիրն է շուկան ապահովել տեղական արտադրության կաթի փոշիով եւ կտրուկ կրճատել ներկրվող կաթի փոշու ծավալները: Հզորությունները շատ մեծ են, եւ կաթի ավելցուկը չոր կաթի վերածելու շնորհիվ մենք կկարողանանք ձմռան ամիսներին սեփական արտադրությունն ապահովել, ինչպես նաեւ արտահանումներ իրականացնել»,- հայտարարել է նախարարը։ Նրա խոսքերով՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է ներկրվել շուրջ 688 տոննա կաթի փոշի, այսինքն` նախորդ տարվա համեմատ շուրջ 38 տոննայով պակաս: Եւ կաթի մթերման գործընթացն իրականանում է սահուն եւ առանց խնդիրների, այս պահին բոլոր ընկերությունները գյուղացիներից կաթը մթերում են 120-130 դրամով։
Իհարկե, գյուղնախարարը կարող է շատ բաներ խոստանալ եւ հայտարարել, սակայն իրականում գյուղացիները պնդում են, որ կաթն իրենցից գնում են 80-100 դրամով, ինչը ձեռնտու չէ: Այդ գնով կաթը վաճառելով՝ գյուղացիները չեն կարողանում անասնակերի խնդիրն անգամ լուծել, ուր մնաց եկամուտ ունենան: Բայց նախարարն, ինչպես միշտ, գյուղացիներին փորձել է մոլորեցնել: Հետաքրքիր է` մինչեւ երբ է նա պատրաստվում սուտն ու աճպարարությունը դարձնել աշխատանքային գործիքներ:




Լրահոս