Գարեջրի արտահանումից շահույթ չենք ստանում, բայց հուսով ենք` Ռուսաստանում իրավիճակը կկարգավորվի. Հակոբ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանի գարեջուր» գործարանի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ընդհանուր առմամբ գոհ է  իր գործարանի գարեջրի արտադրության ծավալներից: Armlur.am-ի հետ զրույցում Հ. Հակոբյանը համեմատեց 2014թ.  յոթ ամիսների արտադրության ծավալները` 2015թ. առաջին յոթ ամիսների արտադրության ծավալների հետ և նշեց, որ հուլիս ամսվա տվյալներով ցուցանիշն այժմ կազմում է 98 տոկոս:

«Կարծում եմ` տարվա վերջում կլինի նախորդ տարվա ցուցանիշը: Մեզ մոտ վատ չէ, երկու տոկոսը կարող է 1-2 օրվա ընթացքում կարգավորվի», – ընդգծեց նա: Անդրադառնալով արտահանման ծավալներին, գործարարը նշեց, որ դրանք գումարայինով կազմում են 112 տոկոս, այսինքն` առկա է 12 տոկոս աճ: Մեր զրուցակիցը նշեց, որ հիմնականում արտահանումը կատարվում է Ռուսաստանի Դաշնություն:

Մեր այն դիտարկմանը, որ գործարարներն այս տարի դժգոհում էին ՌԴ արտահանման հետ կապված առկա բարդություններից, Հ. Հակոբյանը նշեց, որ խնդիրներ միշտ եղել են, կան և կլինեն:

«Մեր աշխատանքի ձևն այնպես է, որ մենք հաջողության ենք հասել:  Իհարկե, մենք շահույթ չենք ստանում, քանի որ արտահանման ցուցանիշներին հասել ենք տարիներ շարունակ, շուկա ենք ձեռք բերել: Հիմա մենք շահույթով չենք արտահանում` հաշվի առնելով, որ շուկան պետք է պահպանվի: Հակառակ դեպքում մենք, բնականաբար, շուկայից դուրս կմնանք և այդ դեպքում նորից 10 տարի կպահանջվի` մեր տեղը գրավելու համար: Դրա համար մենք որոշեցինք այդ ճանապարհով գնալ և, կարծում եմ` ճիշտ ենք անում, որովհետև Ռուսաստանի վիճակն այդպես շարունակվել երկար չի կարող»:

 




Լրահոս