Արամ Ա-ն ծայրահեղականության դեմ պայքարելու կոչ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին օգոստոսի 10-ին այցելել են «Կրոնների և մշակույթների հանդիպում» հանձնախմբի անդամները՝ գլխավոր քարտուղար շեյխ Հուսեյն Ահմադ Շհադեի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:

Ընդհանուր քարտուղարը նախ անդրադարձել է Վեհափառ Հայրապետի դերակատարությանը միջեկեղեցական, միջկրոնական ու ժողովուրդների միջև խաղաղ համագոյակցության բնագավառներում տարած աշխատանքներին: Շեյխ Շհադեն հայտնել է, որ լավ է ճանաչում հայ ժողովրդի պատմությունը և նրա ցավը համարում է իր ցավը: Նա խստիվ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքայիի կողմից 100 տարի առաջ կազմակերպված ու իրականացված: Նա նշել է, որ Թուրքիան այսօր ևս ժխտական դերակատարություն ունի Միջին Արևելքի ապակայունացման, ինչպես նաև ահաբեկիչ տարբեր խմբակների զորակցության մեջ: Շեյխ Շհադեն նաև նշել է, որ ցանկանում է օգտագործել առիթը և կաթողիկոսարանից կոչ ուղղել բոլոր քրիստոնյաներին՝ Միջին Արևելքում կառչած մնալ իրենց արմատներին և հողերին:

Վեհափառ Հայրապետն իր հերթին, գնահատելով երկխոսության այս նախաքայլը, նշել է. «Քրիստոնյա-իսլամ երկխոսությունը հրամայական անհրաժեշտություն է համաշխարհայնացած այս աշխարհի բոլոր մակարդակներում: Ամբողջ աշխարհն այսօր կրոնական ծայրահեղականության դժվարության դեմ հանդիման է կանգնում, և մեր բոլորի պարտավորությունն է պայքարել ծայրահեղականության դեմ»:

Նորին Սրբությունը նշել է, որ քրիստոնյա-մուսուլման համագոյակցությունը պահպանելու համար պետք է ջանք թափեն քրիստոնյաներն ու մուսուլմանները հավասարապես և զգուշանան կրոնի քաղաքական նպատակներով շահագործելու վտանգից: Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը՝ Նորին Սրբությունը հայտնել է. «Հայ ժողովուրդը պատմության ընթացքում լավ ճանաչել է թուրքական նենգ քաղաքականությունը: Մեր օրերում արաբական աշխարհի զանազան պատասխանատուների զգուշացրել ենք Թուրքիայի երկդիմի ու վտանգավոր քաղաքականության մասին: Այսօր բոլորին ծանոթ են Թուրքիայի որդեգրած նոր պանթուրքիզմը և ծայրահեղականության ու ահաբեկչության իր կողմնակից լինելը»:




Լրահոս