Ագարակի կրակոցների հետքերով. քաղաքապետի թիմակիցները ձերբակալվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին օգոստոսի 4-ին Ագարակ քաղաքում հնչած կրակոցներից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Եվ այսպես՝ մեզ հասած տեղեկություններով՝ կրակոցների հետեւանքով ձերբակալվել են 3 անձ, որոնք Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թիմակիցներն են:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձինք կրակել էին Ագարակ քաղաքի բնակիչ Ստեփան Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն գործն ավարտին չէին կարողացել հասցնել, քանի որ Հովհաննիսյանը կարողացել էր փախչել իրեն ուղղված կրակոցներից:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ստեփան Հովհաննիսյանը հայտարարել էր եւ մինչ օրս շարունակում է պնդել, որ այս կրակոցները կազմակերպված են եղել Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձեռքով:

Իսկ, ահա, Հովհաննիսյանի կինը պատմել էր, որ պատճառը 7 տարի առաջ Ագարակ քաղաքում տեղի ունեցած ընտրություններն են: Բանն այն է, որ ըստ կնոջ` իր ամուսինն ընտրություններում չէր պաշտպանել գործող քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, որից հետո նրա ընտանիքի նկատմամբ քաղաքապետի թիմակիցներն անընդմեջ կոնֆլիկտներ էին հրահրել. «Սա մահափորձի առաջին դեպքը չէ: Մի անգամ եւս մահափորձ է եղել, ավտովթար էին կազմակերպել, հարձակումներ են եղել, չի ստացվել: Տեղի իրավապահների ձեռքով այդ բոլոր կոնֆլիկտները ծածկվել են, կորել են»:

Իսկ, ահա, Մխիթար Զաքարյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Հովհաննիսյանների հետ կապված ինքը մեկ խնդիր ունի՝ քաղաքում գտնվող մի հողատարածքի հետ է կապված, որը քաղաքապետարանը պատրաստվում է այգու վերածել, իսկ Հովհաննիսյանները հրաժարվում են տարածքը հանձնել:

Կրակոցների փաստով ՀՀ քննչական կոմիտեն հարուցեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մարդուն դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու փորձ):

Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեում սկսված քննության արդյունքում կարծես թե հիմավորվել է տուժող Հովհաննիսյանի հայտարարությունը, որ իրենց նկատմամբ իրականացված մահափորձը կապված է եղել 7 տարի առաջ Ագարակ քաղաքում անցկացված քաղաքապետի ընտրություններին Մխիթար Զաքարյանի օգտնին չքվեարկելու եւ նրա թիմակիցների հետ չաշխատելու հետ: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին տեղի ունեցած միջադեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ օգոստոսի 4-ին Ագարակ քաղաքում Ստյոպա Հովհաննիսյանի եւ երկու երիտասարդներ` Ռուբիկ Աթանեսյանի եւ Բաբկեն Ավետիսյանի միջեւ ճանապարհը չզիջելու շուրջ կոնֆլիկտ է եղել: Տղամարդիկ հայհոյել են միմյանց: Ավելի ուշ Աթանեսյանը մեքենայից հանել է զենքը եւ ցանկացել է կրակել Ստյոպա Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն նրա ընկերը` Բաբկենը, թույլ չի տվել: Տղաներն այդ ժամանակ թողել, գնացել են, իսկ, ահա, երեկոյան՝ ուշ ժամին, երբ Ստյոպա Հովհաննիսյանը տուն է վերադարձել, շենքի բակում նկատել է, որ իրեն հետեւում են, իսկ ավելի ուշ հնչել են կրակոցները:

Պարզվում է, որ Բաբկենն ու Ռուբիկը ստեղծված կոնֆլիկտից հետո չեն հանդարտվել, գնացել, մի լավ պատրաստվել են եւ, ըստ էության, որոշել են Ստյոպա Հովհաննիսյանի հարցերը վերջնականապես լուծել: Մեզ հասած տեղեկություններով՝ Ստյոպա Հովհաննիսյանին հետեւած եւ շենքի բակում կրակած տղաները հենց Ռուբենն ու Բաբկենն են եղել, որոնք էլ օգոստոսի 11-ին ներկայացել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչություն, պատմել եղելությունը եւ դեռ ավելին՝ հանձնել զենքը: Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել, որ տղաների հետ է եղել նաեւ Ագարակ քաղաքի բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ձերբակալված անձինք Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թիմակիցներն են, ավելին՝ Հովհաննես Հովհաննիսյանը Ագարակի քաղաքապետարանի հաշվապահի որդին է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ագարակի քաղաքապետը՝ Մխիթար Զաքարյանը, անդրադառնալով իր թիմակիցների ձերբակալմանը, ասաց. «Ամբողջ Ագարակն էլ իմ թիմակիցներն են: Այս տղաները որեւէ հարազատական կապ չունեն իմ հետ, անգամ մի բաժակ սուրճ խմած չկամ այդ մարդկանց հետ: Միայն ճանաչում եմ, որ ագարակցի երիտասարդներ են, իսկ կոնկրետ Հովհաննիսյանի մայրը մեր աշխատակազմում է աշխատում»:

Ըստ քաղաքապետի` քննություն է գնում, եւ իր խորին համոզմամբ Հովհաննիսյանն այս գործի հետ կապ չունի: Անդրադառնալով տուժող կողմի վստահեցումներին, որ սա իր կազմակերպածն է, քաղաքապետը վստահեցրեց, թե դա հիմարություն է, եւ ինքը հետամուտ է լինելու, որպեսզի իրական մեղավորները պատժվեն. «Ես ոնց կարող եմ իմ ժողովրդի աչքերին նայել, հիմա այլ բան ասել, ու հետո այլ բան պարզվի»:

Քնար Մանուկյան




Լրահոս