«ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՃԱԽՈՐԴԸ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանությունները խոցելի են ու կարող են մեկ օրվա մեջ «ընկնել», ինչպես դա եղավ շատ ավտորիտար ռեժիմների հետ: Փոստանջյանը վստահ է, որ իր պայքարն արդյունք է ունենալու, չնայած այն հանգամանքին, որ արդեն պայքարում է միայնակ:

-Տիկի՛ն Փոստանջյան, ԱԺ աշնանային նստաշրջանը սկսվեց շատ թեժ. Ձեր բոլոր հայտարարությունների ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորում էր անջատել Ձեր խոսափողը: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն էլ հեգնեց Ձեզ` նշելով, թե պետք է Ձեզ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Դուք Ձեր ելույթներով բացահայտում եք, թե ՀՀ-ի թշնամիներին ինչ է անհանգստացնում այս ժամանակահատվածում: Ի՞նչ նկատի ուներ Ա. Գեղամյանը:
-Երեւի Դուք այդ հարցը հղեք Արտաշես Գեղամյանին, ինձանից չպետք է պատասխան ակնկալեք, այդ հարցն ուղղեք նրան, դա իր կարծիքն է, ու ինքը կարող է Ձեր հարցին պատասխանել:
-Դուք դեմ եք արտահայտվում Սահմանադրության նոր նախագծին, ինչի պատճառով ՀՀԿ-ականները Ձեր դեմ են դուրս եկել: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր պայքարը, եթե անգամ խորհրդարանում Ձեր խոսքը մինչեւ վերջ չեք կարողանում հնչեցնել, քանի որ Ձեր խոսափողն անջատում են:
-Ընդհանրապես յուրաքանչյուր պայքար ունենում է հաղթանակ, ես այսպես ասեմ՝ երբեւիցե չեմ հոգնելու պայքարելուց, անկախ նրանից՝ միայնակ եմ, թե խմբով: Իհարկե, միայնակ պայքարելը դժվար է, բայց ես միայնակ չեմ, այստեղ (խորհրդարանում, Ս. Գ.) հավաքված մարդիկ բացարձակ կապ չունեն մեր հանրության հետ, այսօր հանրությունը մեկ բան գիտի, որ այս ամենի մեղավորը Սերժ Սարգսյանն է եւ իր խմբի անդամները, ու մենք օր առաջ պետք է ազատվենք Սերժ Սարգսյանից: Սա է հանրության առջեւ դրված, հետեւաբար ես մենակ չեմ, իրենք են մենակ, իրենք են մեկուսացվել ու մնացել միայնակ՝ այս պատերի մեջ: Իրենք պետք է հասկանան, որ հանրության հետ այսպիսի խաղերը, որ տարիներ շարունակ տարել են, ունենում են նաեւ վախճան: Պետք է ուսումնասիրել նաեւ պատմական փորձը ու հատկապես վերջին տարիների ավտորիտար ռեժիմների անկումը, որ մեկ օրվա մեջ ընկան, դա եւս իրենց համար պետք է հստակ լինի, իրենք ավելի թույլն են ու խոցելի: Ու նույնը իրենց է սպասվելու, ուղղակի մենք՝ որպես հասարակություն, պետք է պատրաստվենք ու թույլ չտանք, որպեսզի ընկնելուց հետո մեր երկրում տիրի քաոս: Մենք պետք է օրինական կարգեր հաստատենք:
-Ձեր պայքարում Դուք միայնակ եք այն առումով, որ որեւէ քաղաքական ուժի հետ չեք գործում, ինչո՞ւ չեք միանում այն քաղաքական ուժերին, որոնք այս պահին նույնպես պայքարում են սահմանադրական փոփոխությունների դեմ: Ի դեպ, կան նաեւ ոչ իշխանական ուժեր, որոնք կողմ չլինելով այս նախագծին, այնուամենայնիվ, գնացին Բաղրամյան 26` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Սակայն Դուք չկաք ո՛չ այդ, ո՛չ էլ մյուս թեւերում:
-Բոլորը չէ, որ գնացել են, իրենք հանրության այն զանգվածն են ներկայացնում, ովքեր հայտնի են որպես Սերժ Սարգսյանի հաճախորդներ, իսկ հանրությունը Սերժ Սարգսյանի հաճախորդը չէ, հանրությունը ցանկանում է օրինական կարգեր ու նվազագույն բարեկցիկ կյանք: Սերժ Սարգսյանն այսօր տապալել է բոլոր բնագավառները, հետեւաբար այս մարդիկ, ովքեր գնացել են, իրենք չեն ներկայացնում մեր հանրության շահերը, նրանք չեն ներկայացնում մեր հանրության պահանջը, ու ես կարծում եմ, որ Դուք այստեղ սխալվում եք: Ովքեր որ գնացել են, իրենք մի փոքր զանգված են, որի բնորոշումն է հաճախորդ:
-Բայց քաղաքական դաշտում Ձեր ասած «հաճախորդների» թիվն այս անգամ ավելի շատ էր, միայն ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներն են հրաժարվել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Սա չի նշանակո՞ւմ, որ քաղաքական դաշտի մեծամասնությունը կիսում է իշխանությունների տեսակետը:
-Կոմունիստական կուսակցության առջեւ քաղաքական ուժ չկար՝ որպես այդպիսին իրենց դեմ կանգնած, կար հանրություն` հստակ պահանջը գիտակցող ու այդ պահանջը առաջ մղող: Հետեւաբար այստեղ ամենակարեւորը այն է, որ լինի հանրության գիտակցում եւ պահանջի հստակ ձեւավորում: Կարող են լինել տարբեր քաղաքական միավորներ, բայց դրանք ժողովրդին չեն ներկայացնում:
-Իսկ Դուք կարծում եք, որ հանրությունը վստահո՞ւմ է այն քաղաքական ուժերին, որոնք այս իշխանությունների դեմ են պայքարում, չէ որ մշտապես այդ ուժերը պայքարի կեսից հրաժարվել են: Արդյո՞ք ժողովուրդը կրկին կգա այդ մարդկանց հետեւից:
-Դուք խնդիրը տեղափոխում եք մեկ այլ դաշտ, սա քաղաքական մեկ ուժի, կամ մի քանի ուժերի խնդիրը չէ, սա համապետական, համահայկական ծրագրի շուրջ է ծավալվում: Մենք ցանկանում ենք ապրել ազատ, անկախ, ինքնիշխան հանրապետությունում: Ես եկել եմ քաղաքականություն այդ նպատակով, որպեսզի մեր երկրում տիրեն արդար կարգեր, որպեսզի լինի օրինական իշխանություն, ես դրա համար եմ եկել քաղաքականություն, եւ, իհարկե, դա լինելու է:

 

 

 

 
ՀԱՊԿ-Ն ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է, ԹԵ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Սերժ Սարգսյանը երեկ Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը:

Երեկ Հայաստանը Տաջիկստանի Հանրապետությունից ստացել է ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը: «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից պարզել, թե ինչ է այդ նախագահությունը տալու Հայաստանին:
-Բոլոր բազմակողմ կառույցներում, որտեղ Հայաստանը անդամակցում է, գոյություն ունի նախագահության ռոտացիոն սկզբունք ու նաեւ պարբերաբար մենք ստանձնում ենք նախագահություն: Ինչպես երկու տարի առաջ ստանձնեցինք նախագահությունը եվրոպայի խորհրդում, տարբեր կառույցներում, այնպես էլ այս անգամ Հայաստանը ստանձնում է նախագահությունը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ը մեզ համար կարեւորագույն ռազմաքաղաքական միջավայր է, ՀԱՊԿ-ում նախագահություն նաեւ նշանակում է որոշակիորեն ստանձնել պատասխանատվություն ՀԱՊԿ-ի գործունեության, կազմակերպչական աշխատանքների համար, ու դա նշանակում է, որ ՀՀ-ն իր նախագահության ընթացքում ՀԱՊԿ-ի կանոնակարգին համահունչ շարունակելու է իր հանձնառությունները, իր ակնկալիքները ՀԱՊԿ համակարգում: Դա նշանակում է ե՛ւ անվտանգություն, ե՛ւ քաղաքական աջակցություն, ե՛ւ համատեղ պայքար արտաքին բոլոր սպառնալիքների դեմ:
-Բայց երբ որ Հայաստանը անվտանգության խնդիր է ունենում, ՀԱՊԿ-ն ոչ միայն որեւէ կերպ չի աջակցում, այլեւ անգամ որեւէ հայտարարություն չի անում` դատապարտելով իր անդամ երկրի նկատմամբ իրականացվող ագրեսիան: Արդյո՞ք դա ցույց չի տալիս, որ ՀԱՊԿ-ն ձեւական կառույց է, որի հետ լուրջ հույսեր պետք չէ կապել մեր անվտանգության ապահովման առումով:
-Այդ հարցը շատ նուրբ հարց է, մենք ինքներս ենք նաեւ մեր անվտանգությունը պաշտպանում, իսկ մենք ամեն օր անվտանգության անհրաժեշտություն ունենք, ամեն ժամ ունենք` մեր սահմաններում ու Արցախի սահմաններում, հետեւաբար մեզ համար կարեւոր է այդ միջավայրերում լինել, մեզ համար կարեւոր է նաեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Հետեւաբար ասել, որ ՀԱՊԿ-ը պետք է ամեն օր հայտարարություններով, գործընթացներով աջակցի, այդպես չէ: Բայց ՀԱՊԿ-ը այն միջավայրն է, որտեղ որ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն, բնականաբար, ակնկալում է ոչ թե բարի կամքի դրսեւորում, այլ ՀԱՊԿ անդամ պետությունների պայմանագրային պարտավորությունների կատարում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԴԵՌ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ
Սահմանադրության նոր նախագծին դեմ քաղաքական ուժերը ձեւավորել են «ՈՉ»-ի ճակատ, որում ընդգրկված են ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները: «Ժողովուրդ»-ն արդեն մի քանի օր է, փորձում է ԱԺ ՕԵԿ խմբակցությունից պարզել՝ իրենք պատրաստվում են միանալ «Ոչ»-ի ճակատին, թե ոչ: Ինչպես հայտնի է՝ ՕԵԿ-ն իրեն հռչակել է «փիս» ընդդիմություն: Սակայն ՕԵԿ-ական պատգամավորներից մեկնաբանություն ստանալու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Իսկ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն էլ հայտարարեց, թե ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արդեն պատասխանել է այդ հարցին, եւ հղում արեց ինչ-որ լրատվամիջոցների: Իսկ Բիշարյանի տեսակետն այսպիսինն է. «Քննարկումների ավարտից հետո, երբ նախագիծը կդրվի վերջնական քվեարկության, «Օրինաց երկիր» կուսակցությունը կարտահայտի իր վերջնական քաղաքական դիրքորոշումը եւ, բնականաբար, կորոշի, թե որ ճակատում, ինչ եղանակներով, ինչպես կշարունակի իր քաղաքական պայքարը»: Մի խոսքով, դաժան ընդդիմադիր կեցվածք:

 

 

ԳՈՐԾԸ ԹԱՐԳՄԱՆԵԼ, ՎԵՐՋԱՑՐԵԼ ԵՆ
Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբաններն առաջիկայում համատեղ ասուլիս կհրավիրեն: Ինչպես հայտնի է՝ ՌԴ իրավապահները ՀՀ քննչական կոմիտեին էին հանձնել սպանության նախաքննության՝ 9 հատորից կազմված փաստաթղթերը: ՀՀ քննչական կոմիտեն այդ փաստաթղթերն ուղարկել էր թարգմանության: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ գործի թարգմանությունն ավարտվել է, եւ թարգմանված հայերեն գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար: Դրանց հիման վրա տուժողների իրավահաջորդների փաստաբանները մի շարք միջնորդություններ են ներկայացրել քննչական մարմին, այդ թվում միջնորդել են համալիր դատահոգեբուժական, դատահոգեբանական եւ դատագենետիկական փորձաքննություն նշանակել: Փաստաբաններն առայժմ ձեռնպահ են մնում խոսել այն մասին, թե քրեական գործի հետ ծանոթանալուց հետո ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Նրանք խոստանում են այդ մասին հայտնել առաջիկայում հրավիրվելիք համատեղ ասուլիսում:

 

 

ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻ ԳԻՆԸ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի դրամական միջոցները անցած՝ 2014 թվականի տարեվերջին, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, կազմել են 37 հազար 736 եվրո, 1 մլն 10 հազար դրամ եւ 690 դոլար: Գեղամյանի տարեկան աշխատավարձը կազմել է 5 մլն 7 հազար դրամ: Նրա կնոջ՝ Անուշ Պլուզյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին եղել են 35 հազար 778 եվրո եւ 631 դոլար: Ի դեպ, Արտաշես Գեղամյանի երկու որդիները եւս պաշտոններ են զբաղեցնում: Մասնավորապես, Մամիկոն Գեղամյանը դատախազ է, իսկ Արմեն Գեղամյանը՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 2-րդ կարգի մասնագետ:




Լրահոս