ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵ՞ՐՆ ԵՆ ԹԵԼԱԴՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը փետրվարի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը,  հայտարարել էր, որ նախագահի թեկնածուներից մեկն աղանդավորական կառույցի ներկայացուցչի երեխայի քավորն է, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին այսօր կան մարդիկ, որոնք, թեժ պահն օգտագործելով, կհասնեն իրենց նպատակին. «Կրոնական, աղանդավորական կառույցներն ակտիվորեն ներքաշված են քաղաքական կյանքին, մենք ունենք դեպուտատներ, ովքեր աղանդավորներ են»:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը, եւ Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս մենք ունենք աղանդավոր պատգամավորներ: Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են նրանք:

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանում աղանդավորությունը լայն ընդգրկումներ ունի, այսօր մասնավորաբար «Կյանքի խոսք» աղանդն իր կամքն է թելադրում տարբեր կառույցների, հովանավորում շոու բիզնեսի ներկայացուցիչներին: Չեմ բացառում, որ պատգամավորներից ոմանք էլ սերտ կապեր ունենան տարբեր աղանդների ներկայացուցիչների հետ, մանավանդ որ Հայաստանում «Խղճի ազատության մասին» օրենքն ընդունվեց որոշակի ուժերի ակտիվ մասնակցությամբ՝ ճանապարհ բացելով «Եհովայի վկաների» եւ այլ տոտալ աղանդների առջեւ: Անհանդուրժողականություն, բնականաբար, չեմ ընդունում, սակայն մենք պետք է մտածենք Հայաստանյաց առաքելական եկեղեցու, մեր հավատքի պահպանման մասին: Իսկ տարբեր պատգամավորներ, նախարարներ պիտի հասկանան, որ ցանկացած աղանդ մեծ վնաս է հասցնում ազգային միասնականությանը:

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
թատերագետ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Լավ կլինի` ես գուշակություններով չզբաղվեմ: Իսկապես տեղյակ էլ չեմ` ով ինչ է դավանում Ազգային ժողովում, բայց գիտեմ, որ մարդիկ կան ԱԺ-ում` մամոնային են դավանում, որը կրոնական ուղղություն չէ, մարդ կա` իշխանությանն է դավանում: Ինչպես պարոն Ամարյանը, այնպես էլ յուրաքանչյուր մարդ մեր երկրում, օժտված է կարծիք ունենալու եւ այն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունքով: Խոսակցությունը շատ արդյունավետ կլիներ, եթե անվանական խոսվեր, իսկ օրինազանցության մասին տեղեկություններ ունենալու դեպքում դրանք ուղարկվեին իրավապահներին կամ գոնե հրապարակվեին:

ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ժուռնալիստների «Ասպարեզ»
ակումբի նախագահ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Անկախ նրանից՝ ով ինչ դավանանքի կամ աղանդի հետեւորդ է, որպես Հայաստանի քաղաքացի՝ իրավունք ունի առաջադրվել այս կամ այն ընտրական մարմնում ներգրավված լինելու համար: Սա միանշանակ բխում է մարդու հիմնարար իրավունքների սկզբունքներից: Սակայն սեփական հավատքի քարոզն ու կանոնները բերել պետական այս կամ այն ատյան՝ անթույլատրելի է: Որ մեր պատգամավորների մեջ կարող են լինել նաեւ աղանդավորներ, շատ հնարավոր է: Չգիտեմ՝ ովքեր կարող են լինել, եւ չեմ ուզում իմանալ: Միակ բանը, որ կարող եմ պահանջել պատգամավորից, որակյալ ու արդար օրենքներն են:

ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
դերասան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս