Սա աննախադեպ իրադարձություն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ. ՀԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ-ը հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանի օդային սահմանը հատելու միջադեպին: Հայտարարության մեջ ասվում է.

«Թուրքական զինված ուժերի ուղաթիռը երկու անգամ` հոկտեմբերի 6-ին և 7-ին ներխուժել է Հայաստանի օդային տարածք: Սա աննախադեպ իրադարձություն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ:

Հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային սահմանի խախտումը թշնամաբար տրամադրված պետության ռազմական ուղղաթիռի կողմից չի ստացել ՀՀ պատկան մարմինների համապատասխան գնահատականը, ինչին հետևեց հայկական օդային տարածքի երկրորդ խախտումը: Նույնիսկ երկրորդ միջադեպից հետո ՀՀ պատկան մարմինները` կառավարությունը, պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ն հանդես չեն եկել դատապարտող հայտարարություններով:

ՀՀ իշխանությունները չեն կարող հաշվի չառնել, որ Հայաստանի օդային սահմանների խախտումները տեղի են ունենում նույն երկրի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակման, կոշտ հռետորաբանության պայմաններում: Այլ առիթներով արագ արձագանքող և նախազգուշացնող հայտարարություններով հանդես եկող ՀՀ ՊՆ ընդունել է այնպիսի կեցվածք, կարծես որևէ միջադեպ չի եղել: Սա մտահոգիչ դիքրոշումը է, հաշվի առնելով այն, որ թուրքական կողմը տեղի ունեցածի կապակցությամբ անգամ ներողություն կամ ափսոսանք չի հայտնել:

Ինչպեսև սեպտեմբերյան օրերին, երբ գնդակոծվում էր Հայաստանի տարածքը Նոյեմբերյանի շրջանում՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի, այնպես էլ այսօր, Հայաստանի հանրությանը չեն տրամադրվում լիարժեք տեղեկություններ, թե արդյոք Հայաստանը բարձրացնում է Ադրբեջանի և այսօր արդեն Թուրքիայի կողմից սահմանների խախտումների հարցը գործընկերների հետ հանդիպումներին, ՀԱՊԿ և ԵԱՀԿ շրջանակներում:

Ավելի քան անհասկանալի է, երբ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ ագրեսիայի ակնհայտ հատկանիշներ ունեցող գործողությունը ՀՀ ԱԳՆ ներկայացնում է որպես հրադադարի խախտում: Նման պայմաններում զարմանալի չէ, որ անվտանգության կազմակերպություններից և ոչ մեկը հանդես չի եկել Ադրբեջանի և Թուրքիայի` ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող գործողությունները դատապարտող, կամ առնվազն գնահատող հայտարարություններով: Նման իրավիճակը վկայություն է կա՛մ Հայաստանի դիվանագիտության անգործության, կա՛մ Հայաստանի այնաստիճան հեղինակազրկման, երբ գործընկերները անտեսում են ներկայացված բոլոր փաստերը:

Հայաստանի, ինչպես նաև գործընկեր երկրների ու անվտանգության միջազգային կազմակերպությունների լռությունը կարող է սխալ ազդակ ծառայել ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգություն իրականացրած երկրների համար:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները, որոնք ոտնահարում են ՄԱԿ-ի կանոնադրություն, խախտում այդ երկրների ստանձնած պարտավորությունները և մտահոգություն հայտնում Հայաստանի իշխանությունների վախվորած և ոչ համարժեք արձագանքների կամ դրանց բացակայության կապակցությամբ»:




Լրահոս