«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԱՆՈՒՆՆ Ո՞ՒՄՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրես» անվան շուրջ իսկական պատերազմ է սկսվել: Երեկ հայտարարություն  է տարածվել «Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորման քաղխորհրդի» անունից, որտեղ հեղինակները դիմել են ՀԱԿ-ից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ ՀԱԿ՝ «նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար»:
Նաեւ նշված է, որ պետք է լուծարվեն ՀԱԿ ստեղծած նախկին մարմինները, պետք է ձեւավորվի նոր քաղխորհուրդ, որի նիստերն էլ վարելու են կուսակցությունների ղեկավարները ռոտացիոն սկզբունքով: Ավելի ուշ պարզվեց, որ այս նախաձեռնության հեղինակներն են ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը, ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը, «Կանաչների միություն» կուսակցության ղեկավար Արմենակ Դովլաթյանն ու ՔԺՎ կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը, որոնք երեկ հանդիպել են, եւ արդյունքը եղել է այս հայտարարությունը: Ս. Գիմիշյանը երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հայտարարել է, թե քանի դեռ ՀԱԿ դաշինքից դուրս գալու մասին չեն հայտարարել դաշինքի անդամ կուսակցությունները, ՀԱԿ-ը գոյություն ունի: Այլ կերպ ասած՝ ակնհայտ է, որ սա արվել է ընդդեմ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության: Միայն թե, ՀԱԿ միավորման քաղխորհրդի անունից տարածված հայտարարության մասին երեկ տեղյակ չէին դաշինքի անդամ կուսակցությունները, որոնք այժմ համախմբված են «Հայ ազգային կոնգրես» կուսակցության շուրջ՝ ՀԺԿ-ն, ՍԴՀԿ-ն, նախկին ՀՀՇ-ն եւ այլն:
Երեկ՝ երեկոյան, համապատասխան հայտարարություն է տարածել նաեւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ-ում զուտ իրավական առումով «Հայ ազգային կոնգրես» անունով գոյություն ունեն միայն ԱՆ կողմից գրանցված կուսակցությունը եւ ԱԺ 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած «Հայ ազգային կոնգրես» ընտրական դաշինքը եւ նրա խմբակցությունը: «ՀԱԿ ընտրական դաշինքի կողմից որոշումներ կամ հայտարարություններ կարող են ընդունվել միայն այդ ընտրական դաշինքի բոլոր ութ կուսակցությունների մասնակցությամբ եւ համաձայնությամբ (երկու այլ կուսակցություն կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված դիմումների համաձայն պաշտոնապես դուրս է եկել դաշինքից)»,-ասված է հայտարարության մեջ: ՀԱԿ-ը նաեւ տեղեկացնում է, որ ԱԺ խմբակցության որոշումներ եւ հայտարարություններ կարող են ընդունվել միայն խմբակցության, նրա ղեկավարի եւ քարտուղարի կողմից` կանոնադրությամբ հաստատված կարգի եւ լիազորությունների հիման վրա: «Հայ ազգային կոնգրեսի անունից որեւէ այլ հայտարարություն ինքնակոչ գործիչների եւ կազմակերպությունների կողմից տարածվող ապատեղեկատվություն է»,-ասված է հայտարարության մեջ:
Նկատենք, որ ՀԱԿ-ի դեմ են դուրս եկել ՀԱԿ դաշինքի անդամ այն ուժերը, որոնք մշտապես համարվել են «մարդ-կուսակցություն» եւ առանձնապես առանցքային դերակատարություն չեն ունեցել: Սակայն հիմա ՀԱԿ-ը քաղում է իր ցանածի պտուղները, երբ ժամանակին հայտարարում էին, թե ՀԱԿ-ը 18 կուսակցությունների միավորում է: Միայն «թղթի վրա» եղած կուսակցությունների բարձրացրած աղմուկը շատ ավելի մեծ է, քան կարելի է ենթադրել: Կարծում ենք՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտածելու կարիք ունի:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս