ԹԱՄԱԴԱՆ ՊԵՏՔ Է ԼԱՎ ՄԱՐԴ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հումորիստ, դերասան ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՍՏԱՆՅԱՆՆ այս պահին մշտական աշխատանք չունի, ժամանակ առ ժամանակ հարսանյաց հանդեսներ է վարում: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նա կատակով նկատեց. “Վերջին ամիսներին դարձել եմ “դիվանագետ”, այսինքն՝ դիվան, մահճակալ, աթոռ ենք քշում, աշխատանք չունեմ: Այնպես ստացվեց, որ “Ժամանց” մաշկութային կենտրոնի տնօրենի պաշտոնս լուծարվեց անցած տարի, ու այդ օրվանից դարձա դիվանագետ”: 
-Կար ժամանակ, երբ նկարահանվում էիք սերիալներում, ինչո՞ւ դադարեցիք:
-Դա հարցրե՛ք սերիալ նկարողներին, երեւի մեր կարիքը չունեն, բայց ոնց որ հիշել են նորից, շուտով “Կենտրոն” հեռուստաալիքով իմ մասնակցությամբ հաղորդում դուրս կգա: Իսկ առայժմ հարսանյաց հանդեսներում ենք ելույթ ունենում. ես, Գեւորգ Դոդոզյանն ու իր կինը` Գայանե Դոդոզյանը, միասին կազմել ենք հումորային ներկայացում` ,Մի բուռ ծիծաղե, ու դրանով շրջում ենք Հայաստանի մարզերով, խաղում ենք, ուրախացնում ժողովրդին: 
-Ստացվում է, որ Դուք Ձեր ապրուստը վաստակում եք խնջույքներին հանդես գալով:
-Այս տարի, այո՛, այդպես ստացվեց, հարսանիքներ էլ քիչ են լինում կամ մեզ չեն հրավիրում:
-Իսկ ինչպե՞ս եք ապրում:
-Տանը նստում ենք, դուռը փակում, լույսերն էլ անջատում, որ մարդ չտեսնի մեզ (ծիծաղում է-Ե. Ռ.): 
-Ձեզ միշտ հումորային կերպարներում ենք տեսնում, երբեւէ լուրջ դերեր ունեցե՞լ եք:
-Ես միշտ հումորային ծրագրերի մեջ եմ եղել, բայց Գոռ Վարդանյանի “Ընտրություն” ֆիլմում խաղում էի գլխավոր մաֆիոզի դերը, ու դա բոլորովին հումորային չէր: Դրանից հետո ինձ հրավիրեցին հայ-ամերիկյան ,Էմիգրանտներըե ֆիլմ` կրկին մաֆիոզի դերում խաղալու: 
-Եթե այսօր դերասանը չնկարահանվի սերիալում ու չվարի տարբեր կորպորատիվ միջոցառումներ, ուրիշ ի՞նչ կերպ կարող է վաստակել իր հանապազօրյա հացը: 
-Շատ բարդ խնդրի մասին եք ասում: Մի բանից եմ ուրախ, որ դերասանները նկարահանվում են սերիալներում ու կարողանում են ինչ-որ չափով հայթայթել իրենց օրվա հացի փողը, բայց նաեւ դժգոհ եմ, որ այսօր նկարահանվում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, անմակարդակ, անշնորհք, որոնց փողոցից պատահական բերել են: Որ ինչ-որ տեղ էլ տեսնում ես, գլուխներն այնքան բարձր են պահում ու ասում` մենք այսինչ սերիալի դերասանն ենք:
Ես 30 տարվա ստաժ ունեմ, նկարվել եմ գովազդերում, ֆիլմերում, բայց ոչ մի տեղ այդ  մասին չեմ բարձրաձայնում: Իսկ երբ ինձ դերասան են կոչում, ես ասում եմ` չեմ կարող ինձ դերասան համարել, երբ ունենք Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի ու նման մեծերի պես արտիստներ: Իսկ այսօրվա նորաստեղծ դերասանները, որ մի անգամ են խաղացել, ասում են` ես դերասան եմ: Փոքրիկ էպիզոդիկ դեր խաղալուց հետո մարդ իրեն չպետք է դերասան համարի: Կամ էլ մեկը, ով մի անգամ դուռ է բացել-փակել, ասում է` ես թամադա եմ: 
-Բայց ինձ հատյնի է, որ Դուք էլ չունեք դերասանական կրթություն:
-Թատերական կրթություն չունեմ, սկսել եմ հասարակ բանվորից թատրոնում, հետո դարձել եմ մի շարք թատրոնների տնօրեն:
-Ո՞ր թատրոններում եք տնօրեն եղել:
-Պատանի հանդիսատեսի, Մարիոնետների, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն եմ եղել, Հ. Պարոնյանի անվան  թատրոնի փոխտնօրեն, գլխավոր ադմինիստրատոր: 
-Իսկ հիմա՞:
-Հիմա դա էլ է մաֆիա ու շատ ուժեղ մաֆիա: Կուսակցականացված է, դե տարբեր հարցեր կան, որ չեմ կարող ասել:
-Գիտեմ նաեւ, որ շատ հումորով թամադա եք: Ի՞նչ է պետք թամադա լինելու համար: 
-Առաջինը պետք է լավ մարդ լինի, սիրի այն գործը, որն անելու է այդ օրը, լինի ուրախ, երջանկացնի մարդկանց ու տաղանդ ունենա: Իսկ երբ թամադան մտնի դահլիճ, ժողովուրդը տեսնի` կերած-խմած մարդ ա, ու հետը հավեսով քեֆ անի:
-Ունե՞ք հստակ սահմանված հոնորարի չափ:
-Ոնց ասում են` խոսալու վրա է, ոնց կպայմանավորվենք: Օրինակ` անցած ամիս հինգ հատ բարեկամի առիթ ունեի, միայն երկու առիթ եղավ գումարով: Բայց ես շատ ուրախ եմ, որ իմ ընկերներն ինձ հրավիրում են իրենց խնջույքներին: 
-Ի՞նչ կասեք Ձեր ընտանիքի մասին: 
-Երկու աղջիկ ունեմ, մեկ տղա: Մի աղջիկս Ֆրանսիայում է, երեք երեխա ունի, մյուս աղջիկս հեռուստալրագրող է, նա էլ երկու երեխա ունի, ընդհանուր հինգ թոռ ունեմ: Տղաս էլ դեռ սովորում է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի չորրորդ կուրսում՝ ազատ ոճի ըմբշամարտի բաժնում: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 589 համար




Լրահոս