ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
«Եկե՛ք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը դատի է տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Վարչական դատարան ներկայացրած հայցով  ակտիվիստները պահանջում են անվավեր ճանաչել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումները, որոնք, ըստ հայցվորների, ընդունվել են օրենքի խախտումներով։ Հայցվորները կարծում են, որ  հանձնաժողովը սակագները վերանայելու որոշումները կայացրել է ձեւական ու թանկացման անհրաժեշտությունը չհիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

ԱՄԵՆ ԻՆՉ ԹԱՆԿԱՑԵԼ Է
ԱՎԾ տվյալներով` հացամթերքի ապրանքախմբում 2013թ. հուլիսին, 2012թ. հուլիսի համեմատ, գրանցվել է 9.2%, իսկ 2013թ. հունիսի համեմատ` 0.4% գնաճ: Վերջինս հիմնականում հնդկացորենի՝ 0.4%, բարձր տեսակի հացի` 0.4%, լավաշի` 0.4%, ձավարի` 0.5%, սպիտակաձավարի` 0.7%, մակարոնեղենի` 0.7%, թխվածքաբլիթի` 1.1%, բրնձի` 1.7%, մանկական շիլայի` 3.1% գնաճի արդյունք է: Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2013թ. հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է հացամթերքի` 0.1-1.7% գնաճ, մեկում` 0.3% գնանկում, իսկ մյուս 4 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 0.4%-ով: 2013թ. հուլիսին, հունիսի համեմատ, հրուշակեղենի գներն աճել են 0.2%-ով, սուրճինը, թեյինը, կակաոյինը` 0.3%-ով, ոգելից խմիչքինը եւ ծխախոտինը` 0.5%-ով: Իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում 2013թ.  հուլիսին, 2012թ. հուլիսի համեմատ, գրանցվել է 5.5%, իսկ 2013թ. հունիսի համեմատ` 2.2% գնաճ: Վերջինս հիմնականում հանքային ջրերի` 4.1-6.1% գնաճի արդյունք է:  Թանկացման հիմնական պատճառն այն է, որ տնտեսվարողները պարտավորվել են շշերի վրա դրոշմապիտակներ կպցնել, ինչի արդյունքում ստվերային շրջանառությունը կանխարգելվում է:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Երեկ նրան է այցելել տեր Շահե քահանա Հայրապետյանը եւ Սուրբ Հաղորդություն տվել դերասանին: Թեեւ նախօրեին մամուլում լուրեր էին տարածվել, որ  կտրուկ վատացել է Ազատ Գասպարյանի առողջական վիճակը, դերասանի ազգականներից մեկը NEWS.am-ին հայտնել է, որ Գասպարյանը հերթական բուժզննումն է անցնում հիվանդանոցում:

ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻ ՄԱՐԵԼ
Երեկվանից Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստների թիվը հասել է երեքի: Մինչդեռ ուղեվարձի թանկացման քաղաքապետարանի որոշումը կասեցնելուց հետո 60-70 երիտասարդ թելադրում էին այն պահանջները, որոնք պետք է կատարի քաղաքապետարանը: Թե ինչու այդպես ստացվեց, որ հիմա մնացին միայն 3-ը, «Առավոտ»-ի հարցին ի պատասխան` ակտիվիստ Սեւակ Մամյանն ասել է. «Այսօր էլ 60-70 հոգի անընդհատ այցելում են նստացույց անողներին, նրանք աջակցում են պայքարին: Սրանով խոսել շարժման մարելու մասին, կարծում եմ, անիմաստ է»:

ԳԵՐԻՇԽՈՂՆԵՐԸ
Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ռեեստրի՝ հանքային ջրի շուկայում գերիշխող են «Ջերմուկ գրուպ», «Ջերմուկ մայր գործարան» եւ «Բյուրակն» ընկերությունները: Գազավորված ըմպելիքների շուկայում գերիշխող է «Կոկա-կոլա» ընկերությունը, որը զբաղեցնում է շուկայի 67,35 տոկոսը:




Լրահոս