Հայաստանում է եղել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՏՕ-ի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության վարչության գործընկերության և համագործակցության բաժնի պետ Դոկտոր Ալբերտո Բինի գլխավորությած պատվիրակությունը օգոստոսի 7-ից 9-ը գտնվել է Հայաստանում, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ուղեկցել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ուիլյամ Լահյուն:
Խմբի այցի նպատակն է եղել քննարկել ,Բարեվարքության ամրապնդումը Building Integrity նախաձեռնության շրջանակում ՀՀ ՊՆ կողմից իրականացվող քայլերը և մեթոդական օժանդակություն տրամադրել նախաձեռնության ինքնագնահատման հարցաշարի լրացման հարցերում:
,Բարեվարքության Ամրապնդումե նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի, մի շարք երկրների և միջազգային հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով մշակված պաշտպնական ոլորտի հակակոռուպցիոն ծրագիր է, որին 2013թ. միացել է նաև Հայաստանը` ի դեմս ՀՀ ՊՆ-ի:
Այցելության ընթացքում ՆԱՏՕ-ի խմբի անդամները ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների բարեվարքության ամրապնդման հարցերի պատասխանատուներին ներկայացրել են ծրագրի իրականացման փորձը, ծանոթացան այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված քայլերին:
Նախքան բուն ծրագրի մեկնարկը խմբի անդամներին ներկայացվել են ՀՀ ՊՆ կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված ,Ազնվության փորձարկմանե արդյունքները: 
Վերջինս նպատակ էր հետապնդում պարզել առանձին ստորաբաժանումների կողմից իրենց գործունեության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ընկալման և դրանց մասին խոսելու պատրաստակամության աստիճանը:
Խմբի անդամները առանձին հանդիպումներ են ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ:
Նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է բարեվարքության ամրապնդման նախաձեռնության քաղաքականությունը` ՀՀ պաշտպանական բարեփոխումների, Պաշտպանության Ռազմավարական Վերանայման և միջազգային գործընկերների հետ համագործակցության համատեքստում: Կարևորվել է ծրագրի ինքնագնահատման փուլի ընթացքում այլ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության անհրաժեշտությունը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՆԱՏՕ-ի կողմից ընթացիկ փորձագիտական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ:
Նախարարի տեղակալ Արա Նազարյանը ՆԱՏՕ-ի խմբի անդամներին ներկայացրել է ծրագրի իրականացման ընթացքը, ի հայտ եկած հարցերը, անդրադարձավ հարցաշարի լրացման մեթոդոլոգիական խնդիրներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային փորձի շրջանակում ծրագրի իրագործման գործիքակազմի փոխառնման հնարավորությունները:
ՀՀ ՊՆ առաջարկությամբ ՆԱՏՕ-ի խմբի անդամներին ընդունել են նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները` գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոնի գլխավորությամբ:
Հանդիպմանը մասնակցել են նաև մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատ փորձագետներ: Ներկայացվել են բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարակից ուղղություններով ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ծավալված համագործակցության արդյունքները, խոսվեց հետագա համագործակցության ուղղությունների մասին:
ՆԱՏՕ-ի խմբի անդամներն այցելել են նաև ՀՀ արդարադատության նախարարության “Իրավաբանական ինստիտուտ” ՊՈԱԿ, որտեղ ինստիտուտի տնօրեն Աշոտ Հայրապետյանը նրանց ներկայացրել է քաղաքացիական ծառայողների համար իրականացվող հակակոռուպցիոն դասընթացները և ինստիտուտի գործունեության այլ ասպեկտներ:




Լրահոս