Յուրաքանչյուր փոփոխություն տրամաբանություն ունի դեպի լավն ինչ-որ մի բան փոխելու. Նաղդալյանը` պաշտոնանկությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պաշտոնանկ են արվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը եւ ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը:

«Ժողովուրդ»-ը այս առնչությամբ զրուցել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ:

-Տիկի՛ն Նաղդալյան, ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված ՊՆ երեք բարձրաստիճան պաշտոնյաներին ազատելու Սերժ Սարգսյանի որոշումը: Փաստորեն, ՊՆ այդ պատասխանատուներին պաշտոնանկ անելով` Ս. Սարգսյանը հաստատեց, որ եղել են լուրջ թերացումներ մեր բանակում:

-Անկեղծ ասած, հարցը ինձ չի հասցեագրված, որովհետեւ դրանք ոլորտին վերաբերող շատ մասնագիտական որոշումներ են, որոնք կայացվել են Հայաստանի Հանրապետության նախագահի մակարդակով եւ դրանք որոշակի իրավասությունների շրջանակներում են: Բայց վստահ եմ, որ դրա համար կային հիմքեր, եւ այդ որոշումները հիմնավորված էին: Նման որոշումները չհիմնավորված չէին կարող լինել:

-Այս փոփոխությունները կարո՞ղ են հասնել առաջին դեմքերին` մինչեւ ՊՆ նախարար եւ, ինչու ոչ, վարչապետ:

-Ես չեմ կարող ասել, բայց որեւէ բան բացառելու չի: Եւ եթե ինչ-որ փոփոխության համար պատճառներ կամ հիմքեր կան, ուրեմն հաստատաբար նման փոփոխություններ կկատարվեն, բայց կլինեն այս ոլորտում, թե մեկ այլ ոլորտում, դա չեմ կարող ասել:

-Տիկի՛ն Նաղդալյան, իսկ արդեն արված փոփոխությունները ՀՀ ՊՆ-ում ի՞նչ կտան մեզ:

-Դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետեւ ես, ճիշտն ասած, անտեղյակ եմ այն դրդապատճառներից կամ հիմնավորումներից, որոնք այստեղ կան: Բայց, այնուամենայնիվ, մտածում եմ, որ յուրաքանչյուր փոփոխություն տրամաբանություն ունի դեպի լավն ինչ-որ մի բան փոխելու:

Արփինե Թովմասյան




Լրահոս