«Սանձարձակ անձնավորությունն իգական սեռի է». ինչու Տիգրան Ուրիխանյանը չի պատրաստվում ցուցմունք տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

Երեկ տեղի ունեցած «Analitik.am» կայքի սեփականատեր Ա. Հովհաննիսյանի ձերբակալության և հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ մարմինների կողմից դրսևորված պրոֆեսիոնալիզմն ու ադեկվատ արձագանքը: Տեղի ունեցած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու առկա փաստական հանգամանքները բավարար են եզրակացության համար:

Պատգամավոր Ուրիխանյանը համոզված է, որ, առհասարակ, ցանկացած հանցագործ պիտի կրի օրենքով սահմանված պատիժը, իսկ ցանկացած անմեղ մարդ պետք է օգտվի իր իրավունքների պաշտպանությունից: Այս գաղափարին է հավատում Տ.Ուրիխանյանը, դրա կրողն է, և այդպիսի պետություն է նա ցանկանում կառուցել: Ձերբակալված անձը վաղուց է աչքի ընկել անպարկեշտ ու անբարո գործունեությամբ, և դրա մասին այսօր մամուլում հայտարարում և համացանցում գրում են բազմաթիվ հեղինակավոր գործիչներ: Անշուշտ, հիշյալ անձի արարքները կարելի էր արհամարհել, եթե չնկատվեր նրա սանձարձակ հանդգնությունն ու հղումով ազդեցիկ հովանավորների վրա անպատժելիության զգացումը: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը մաքուր է, և նա այն անձը չէ, ում կարելի է փորձել շորթել, սակայն պատգամավորը, գիտակցելով, որ սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, և հուսալով, որ նա կարող է երբևէ դարձի գալ ու ապրել բարոյական կյանքով, չի պատրաստվում ցուցմունքներ տալ նրա դեմ, առավելևս նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք` Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը:

 




Լրահոս