Գյուղապետերը սերմնացուները բաժանել են կամայականորեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2014-2015 թվականներին գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի եւ աշնանացան ցորենի արտադրության զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը մարզպետարաններին սերմացուներ է տրամադրել: Սակայն մարզպետարանների կողմից սերմացուի անհրաժեշտ քանակի ոչ ճիշտ պլանավորման հետեւանքով ծրագրի գրեթե ամբողջ բեռը` շուրջ 80.9 տոկոսը, ընկել է պետության վրա:

Սերմնարտադրության զարգացման ծրագրերով ՀՀ Շիրակի եւ Արագածոտնի մարզերին հատկացված սերմացուներից ստացված բերքի ցուցանիշները տարբեր են եղել, քանի որ հատկացնելուց հաշվի չեն առնվել հողերի գոտիականությունը, որակական հատկանիշները, բնակլիմայական պայմանները եւ տեղայնությունը: Բացի այս՝ գյուղապետերի կողմից սերմացուները հատկացվել են կամայականորեն, հիմնականում միանձնյա որոշման հիման վրա, հաշվի չեն առնվել սահմանված մեկ հեկտար ցանքի համար սերմացուի չափաքանակները: Մինչդեռ մեկ հեկտարի ցանքի համար սերմացուի հատկացումն իրականացվում է հետեւյալ չափաքանակներով` գարնանացան գարի՝ 200 կգ, եգիպտացորեն՝ 25 կգ, առվույտ՝ 25 կգ, կորնգան՝ 150 կգ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ հատկացված սերմացուի մի մասը չի ցանվել, իսկ որոշ դեպքերում սերմացուն գյուղացիներին տրամադրվել է քիչ չափաքանակներով, որի պատճառով ծրագրով ակնկալվող արդյունքը չի ստացվել: Ի դեպ, ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ սերմերի բաշխման պատասխանատվությունն ընկած է ՀՀ մարզպետարանների եւ գյուղապետերի վրա: Գյուղապետերը իրենց մոտ պարտադիր պահում են բաշխացուցակները, մեկ օրինակ էլ տրամադրում են մարզպետարանին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերահսկիչ պալատը ուսումնասիրել է 15 գյուղի կողմից բաշխումը, որոնք միասին վերցրած ստացել են 238 հազար 822 կգ գարու, 20 հազար 412 կգ առվույտի եւ 5100 կգ եգիպտացորենի սերմացու: Պարզվել է, որ որոշ գյուղերում բաշխումը կատարվել է մանր չափաքանակներով:

Օրինակ` Շիրակի մարզի Անուշավան գյուղի 55 բնակչի հատկացվել է ընդամենը 7 կգ եգիպտացորեն, եւ այն բաշխվել է 7 անձի 1-ական կիլոգրամով: Գետափում 75 բնակչից մեկական շահառու ստացել է 10 կգ եւ 15 կգ գարու սերմացու, իսկ առվույտի սերմացու ստացել են 2.5-ական կիլոգրամ՝ 3 բնակիչ, 2-ական կիլոգրամ՝ 8 բնակիչ, իսկ մեկական բնակիչ ստացել են 1.5 կգ եւ 0.5 կգ սերմացու: Եգիպտացորենի սերմացուն բաշխվել է 75 բնակիչներից 71-ին, 0.2 կգ-ից մինչեւ 2.5 կգ չափաքանակներով: Փանիկում 101 բնակիչներից առվույտի սերմացու ստացել են 3-ական կիլոգրամ 4 բնակիչ, իսկ եգիպտացորենի սերմացու ստացել են 3-ական կիլոգրամ 5 բնակիչ, 2.5-ական կիլոգրամ 2 բնակիչ եւ 2-ական կիլոգրամ 3 բնակիչ:

Հառիճ գյուղում 8 քաղաքացու է բաժանվել սերմացու. նրանցից յուրաքանչյուրը ստացել է 0.5 կգ, իսկ 4-ը՝ յուրաքանչյուրը 0.7 կգ եգիպտացորենի սերմացու: Բենյամին համայնքում եգիպտացորենի սերմացուն բաշխվել է 24 բնակիչներին 0.6 կգ-ից մինչեւ 2.05 կգ չափաքանակներով: Վարդաքար համայնքում եգիպտացորենի սերմացուն 30 բնակչից 22-ին բաշխվել է 1կգ մինչեւ 2 կգ. չափաքանակներով:
Նշենք, որ Շիրակի եւ Արագածոտնի մարզերի բնակիչների կողմից ստացված բերքի ցուցանիշները անցած տարի տարբեր են եղել՝ կախված բնակլիմայական պայմաններից, հողերի բերրիությունից, ցանքատարածությունների ջրովի կամ անջրդի լինելուց:

Մասնավորապես մարզի Թալինի տարածաշրջանի Կաքավաձոր գյուղում անվճար հատկացված 4000 կգ գարու սերմացուն ցանվել է ամբողջությամբ, սակայն գյուղի ցանքատարածությունների 80 տոկոսը չի հնձվել: Պատճառն այն է եղել, որ հասկը գաճաճ է եղել, իսկ մնացած հնձվածի բերքատվությունը կազմել է միջինը 250կգ/հա: Իսկ Ապարանի տարածաշրջանի Սարալանջ գյուղում շուրջ 5հա-ի վրա ցանված 1300 կգ գարնանացան գարու ցանքատարածությունների մոտ 2հա-ից ստացվել է 10ց գարի, իսկ մնացած 3 հա քաղվել է որպես խոտհարք: Ծիլքար եւ Լեռնապար համայնքներում սերմացուները ցանվել են ամբողջությամբ, սերմերի ծլողունակությունը բարձր է եղել, սակայն բերքատվությունը ցածր է եղել, գարու հասկը չի հասցրել հասունանալ:

Հաշվի առնելով սերմացուների փոշիացումը, նաեւ շատ փոքր ծավալի չափաքանակներով բաշխումը, պարզ է դառնում, որ ծրագրով ակնկալվող արդյունքը թերի է եւ ուղեկցվել է անցած տարում սերմերի վերարտադրողականության ծավալների նվազմամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս