ԹՈՎՄԱՍՅԱՆԸ «ՍՊԱՌՆՈՒՄ» Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառօրյա պատերազմում զոհված եւ վիրավորված զինվորների ընտանիքներին օգնելու նպատակով խորհրդարանի աշխատակազմի եւ պատգամավորների աշխատավարձերից պահումներ կատարելու համար հիմնադրամ ստեղծելու գաղափարը ԱԺ-ում լուրջ խմորումների առիթ է դարձել: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ նման հիմնադրամ ստեղծելու ծրագիրը սկզբում Հրայր Թովմասյանը ներկայացրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ առաջարկել, որ նա նախաձեռնողի դերում հանդես գա: Սակայն ԱԺ նախագահը հրաժարվել է, եւ Թովմասյանն իր գաղափարն իրագործելուց ետ չի կանգնել: ԱԺ-ում պտտվող խոսակցությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանի անունից պատգամավորներին փոխանցվել է, որ բոլոր անհրաժեշտ «ճշտումներն» արված են դիմացի փողոցում տեղակայված նախագահի նստավայրից, ուստի ազգընտիրներին ոչինչ չի մնում անելու, քան լուռ համաձայնելը:
Սակայն պատգամավորների մի մասն այս գաղափարի առնչությամբ առարկություններ ունի: «Ժողովուրդ»-ի հետ ամենատարբեր զրույցներում ԱԺ ընդդիմադիր եւ իշխանական, անգամ գործարար պատգամավորները հայտնեցին, թե չեն ցանկանում, որ փաստաթղթերում նշվի, թե իրենք ամսական ընդամենը 5 կամ 6 հազար դրամ են հատկացնում զոհվածների ընտանիքներին, քանի որ Թովմասյանի առաջարկած գաղափարով ամսական աշխատավարձի մեկ տոկոսը այդքան է կազմում: Հատկապես գործարար պատգամավորները շատ լավ հասկանում են, որ հասարակությունը լավ չի ընկալի, միլիոնավոր դոլարների կարողություն ունեցող մարդու կողմից 5 հազար դրամ նվիրաբերելը: Ստացվում է, որ շատ պատգամավորներ նույն նպատակի համար ստիպված են լինում տարբեր հիմնադրամներին գումարներ փոխանցել: Իսկ կոնկրետ ԱԺ-ում առաջարկված նախաձեռնությունից հրաժարվել չեն կարող, քանի որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը նրանց հասկացրել է, որ երբ հիմնադրամը ստեղծվի եւ սկսի գործել, հրաժարվողների, հատկապես քաղաքական գործիչների անունները կհրապարակվեն:
Դե, իսկ շարքային աշխատողները վախից համաձայնել են առաջարկված բոլոր «կամավոր պայմաններին»:

 

 
ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի մասին լուրը նախօրեին լրատվական դաշտի մի մասում սկսեց մեծ հանդիսավորությամբ շրջանառվել: Սակայն ամենակարեւոր հարցը, որը, թերեւս, բոլորին հետաքրքրում է, այն է՝ եթե Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան, արդյոք նշանակում է, որ տարիներ առաջ այստեղ կուտակած նրա պարտքերը մարվել են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բաբայանի պարտքերը, որոնց մի մասը նաեւ բանկերին է եղել, իսկապես մարվել են: Մասնավորապես, ըստ լուրերի՝ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին, ՀՀ ՍԴ անդամ Կիմ Բալայանին ունեցած պարտքերը Սերժ Սարգսյանն է իր միջոցներով մարել տվել: Հիշեցնենք, որ նրանք իրենց բնակարանները գրավադրել էին, գումարը տվել էին Բաբայանին, բայց վերջինս չէր կարողացել այն վերադարձնել: Սերժ Սարգսյանի հրահանգով դեռեւս տարիներ առաջ բանկի նկատմամբ պարտավորությունը մարվել է, Բազեյանի ու Բալայանի բնակարաններն էլ գրավից ազատվել են:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայ մասնագետները, որոնք քառօրյա պատերազմի արդյունքում լծվել են անօդաչու սարքերը չեզոքացնող համակարգեր ստեղծելու գործին, լուրջ առաջընթաց են արձանագրել: Ենթադրվում է, որ առաջիկայում նման սարքերն արդեն կարտադրվեն, եւ կսկսվեն դրանց պրակտիկ փորձարկումները: Այս հանգամանքը կարեւոր է, քանի որ քառօրյա պատերազմի արդյունքում ապացուցվեց, որ մեր զինուժի միակ խնդիրը թշնամու կողմից անօդաչու սարքեր կիրառելու փաստն է: Անօդաչու թռչող սարքերը ոչնչացնող համակարգ ստեղծելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որն ի պատասխան՝ ասաց. «Այդ սեգմենտը, այդ խնդիրները միշտ եղել են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում, միշտ աշխատել ենք այդ ուղղությամբ, անկախ նրանից, թե որ տեղեկատվական կենտրոնն ինչ է առաջարկել: Դա այնպիսի ոլորտ է, որտեղ հաջողությունները երբեք չի կարելի համարել վերջնական, պետք է աշխատես նորանոր ձեռքբերումների ուղղությամբ»:

 

 

 
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որպես երկար տարիների պետական պաշտոնյա, ի վերջո, գիտի, թե կոռուպցիան, որին բոլորը փնտրում եւ չեն գտնում, որտեղ է թաքնված: Ի զարմանս մեզ՝ նա առաջարկեց հարցը գրավոր ներկայացնել: Մինչդեռ մնացած հարցերին բանավոր էր պատասխանում: Ղահրամանյանը 1975-ից մինչեւ 1991-ը միլիցա է եղել, ՀՀ անկախանալուց հետո դարձել է ոստիկան ու տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 2006-ից էլ մարզպետ է, հսկայական կարողություն է կուտակել, կոռուպցիայի հետ էլ հաստատ մոտիկից շփված կլինի: Եւ ուրեմն մի բան գիտի, որ այդպես է ասում: Նա, թերեւս, տեղեկացված է, որ այդ հրեշավոր կոռուպցիան ամենուր է, եւ լավ չի լինի, եթե իմանա, որ Ղահրամանյանն իր կոնկրետ տեղը գիտի: Կարծում ենք, որ ճիշտ կլինի Ղահրամանյանը ոչ թե չարչարվի եւ «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխան գրի, այլ միանգամից ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին գրությամբ տեղեկացնի կոռուպցիայի գտնվելու վայրի մասին:

 

 

 
ԻՐ ՏԵՂՈՒՄ ՉԷ
Մայիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում հանդես է եկել ծավալուն ելույթով: Այդ մասին ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում կա համապատասխան տեղեկատվություն, որից կարելի է տպավորություն ստանալ, թե ՀՀ արտգործնախարարը ԵՄ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում շատ լուրջ եւ ներկայանալի է հանդես եկել: Ինքնին ելույթը, իհարկե, բավականին նորմալ եւ հավասարակշռված բովանդակություն ունի: Սակայն, ինչպես հայտնի է, նման գագաթնաժողովներում շատ կարեւոր են կուլիսային շփումները, այդ թվում եւ ընդմիջումների ժամանակ տեղի ունեցող խոսակցությունները: Եվ այս իմաստով հասկանալու համար, թե իրականում ԵՄ տիրույթում ինչպես են վերաբերվում այս կամ այն երկրի ներկայացուցչին, բավական է ծանոթանալ այդ կառույցի լրատվական ծառայության հրապարակած տեսանյութերին, որոնք ներկայացնում են հանդիպման ընդմիջման ընթացքում մասնակիցների շփումները կամ խմբակային լուսանկարի արարողությունը:
Եվ, ահա, այդ տեսանյութերից մեկում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն այնպիսի նվաստացուցիչ միայնության մեջ է կանգնած՝ անտեսված մի կողմից ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների, մյուս կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից, որոնք երկուստեք մեջքով շրջված Նալբանդյանին՝ շատ աշխույժ զրուցում են այլ երկրների ներկայացուցիչների հետ: Ընդ որում, այդ տեսարանը ձգվում է բավական երկար, իսկ Նալբանդյանն էլ ոչինչ չի ձեռնարկում իր անօգնական հայացքը քողարկելու եւ մերժվածի ու անտեսվածի կեցվածքը փոխելու եւ ԵՄ անդամ որեւէ երկրի որեւէ ներկայացուցչի հետ գոնե ձեւական շփվելով՝ տեսախցիկների առջեւ նման տհաճ դիրքում հայտնվելուց խուսափելու համար:
Անշուշտ, սա կարելի է մանրուք համարել, եւ, իհարկե, չենք բացառում, որ դրանից առաջ կամ հետո Նալբանդյանը զրուցած լինի նույն Մոգերինիի կամ Յոհանես Հանի հետ: Խնդիրը, սակայն, այն է, որ դիվանագիտության մեջ մանրուքներ չեն լինում, եւ դիվանագիտությունը նախ եւ առաջ վարվելակերպի ոսկերչական ճշգրտություն ու նրբանկատություն է: Բոլորից անտեսված, հայկական դրոշի մոտ կանգնած Էդվարդ Նալբանդյանի տխուր միայնությունը, վստահաբար, չի վրիպի ինչպես մեզ ոչ բարեկամ երկրների պատվիրակությունների անդամների, այնպես էլ լրատվամիջոցների աչքից:
Մի քանի ամիս առաջ Նալբանդյանն անբարոյականություն որակեց դիվանագետներին քննադատելը՝ հայտարարելով, թե դիվանագետն էլ արտաքին ճակատի զինվորն է: Անկեղծ ասած, շատ տխուր է պատկերացնել, որ մեր արտաքին կռիվը վստահված է այսքան անօգնական, աշխարհի հզորների կողքին իր տեղը չգտնող «արտաքին ճակատի գեներալին»:




Լրահոս