«Սասնա ծռեր»-ի անդամների արարքը ինձ հուսահատ քայլ է հիշեցնում. Հայկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու եւ այնտեղ գտնվող ոստիկաններին պատանդ պահելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ը զրուցել է դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի (դերասան Վարդան Պետրոսյանի որդին) հետ:

Հայկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նախ ցավակցություն հայտնեց զինված խմբի կողմից հարձակման ընթացքում սպանված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: Նա նշեց, որ բավական մտահոգված է տիրող իրավիճակով. «Հայաստանը փոքր երկիր է, եւ այստեղ ամեն մի ցնցում կարող է ճակատագրական լինել: Երբեմն հետադարձ հայացք նետելով մեր պատմությանը` նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես ենք մենք գոյատեւում` որպես պետություն: Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր»-ի անդամների արարքին, ապա կարող եմ ասել, որ սա մի տեսակ հուսահատ քայլ է ինձ հիշեցնում: Իրենք էլ են ասում, որ այլեւս ուրիշ ելք չեն տեսնում: Իսկապես, սա բարդ իրավիճակ է, եւ շատ դժվար է ելք գտնել: Կարծում եմ` բոլորս էլ ուզում ենք, որ խնդիրը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, ինչ-որ կոմպրոմիսների ճանապարհով, բայց իշխանությունների կողմից այսքան ժամանակ փոխզիջման քայլ չենք տեսել, այսինքն` քայլ դեպի ժողովուրդը»,-ասաց նա:

Հայկը նման դեպքերում կարեւորում է հայ եկեղեցու եւ մտավորականության դերը. «Կուզենայի մեր գլխավոր կրոնավորները խառնվեին, հայտնի կրոնավորների տեսնեի: Բացի այդ` շատ կցանկանամ, որ մտավորականները ակտիվանան: Առանց այն էլ իսկական մտավորականներ շատ քիչ են մնացել, ով էլ կա, ձայնը մի տեսակ անլսելի է դարձել»,-նկատեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս